Ժողովրդին խաբում ու թալանում են. «Կարմիր գծերն» անգամներով թանկացնելուց հետո մայրաքաղաքը չբեռնաթափվեց, համատարած խցանումներ են

Երևանի ՔՊ-ական քաղաքային իշխանությունը ոչնչով հետ չի մնում կառավարությունից. Ինչ անում են՝ ձախողում են, ոչ մի բանից գլուխ չեն հանում։ Ավտոկայանատեղիների վճարներն անգամներով բարձրացրեցին, որ Երևանը բեռնաթափեն տրանսպորտային միջոցներից. տրանսպորտային միջոցների հոսքն ավելի է մեծացել, ամեն քայլափոխի խցանումներ են, մարդիկ ժամերով մնում են խցանումների մեջ, տեղաշարժվելու հնարավորություն չկա։

Վարկեր են վերցրել, միլիոնավոր դոլարներ են ծախսել, ավտոբուսներ են բերել, որ հասարակական տրանսպորտի խնդիրները լուծեն, մարդիկ էլի ժամերով տրանսպորտի են սպասում, չեն կարողանում օգտվել։

Տրանսպորտի խնդիրը չլուծած՝ պատրաստվում են անգամներով ուղեվարձ բարձրացնել, ուզում են միասնական տոմսային համակարգ կիրառել։

Դեռ մի կողմ թողնենք այն, թե երևանցին որքանո՞վ է պատրաստ դրան. իրենք էլ պատրաստ չեն։ Երկու անգամ հասցրել են հետաձգել համակարգի ներդրումը, չեն կարողանում աշխատանքները պատշաճ կազմակերպել։

Միասնական տոմսային համակարգը պիտի գործեր սեպտեմբերի 1-ից՝ երկու ամսով հետաձգեցին։ Հետո էլի տեղափոխեցին. Որոշեցին ներդնել հաջորդ տարվա հունվարի 1-ից։ Հիմա էլ ասում են՝ դա էլ է վտանգված՝ էլեկտրոնային վճարման համակարգը չի գործում, մարդիկ չեն օգտվում դրանցից։

Ավտոբուսներով ու տրոլեյբուսներով երթևեկողների ընդամենը 1 տոկոսն է ուղեվարձը վճարել էլեկտրոնային համակարգով։ Մնացածը շարունակել են վճարել նախկինի նման։

Էլեկտրոնային վճարման համակարգը չի գործում՝ պատրաստվում են սահմանափակումներ կիրառել, պարտադրել, որպեսզի մարդիկ օգտվեն այդ համակարգից։

«Մետրոպոլիտենի փորձը ցույց է տալիս, որ տոմսային համակարգին անցում կատարելու համար որոշակի սահմանափակումներ պետք է մտցվեն նաև ավտոբուսներում և տրոլեյբուսներում։ Մեկ տոկոսը կամ դրանից ցածր թվերը մեզ բացարձակապես չեն գոհացնում, եթե հունվարի 1-ից ամբողջությամբ անցում ենք կատարում նոր համակարգի, իսկ այսօրվա թվերով դա շատ վտանգավոր է»,- ասում է Երևանի քաղաքապետը, առանց հասկանալու, որ սահմանափակումներով միայն դժվարացնելու ու ծանրացնելու են մարդկանց կյանքը։

Մարդիկ պետք է պատրաստ լինեն դրան։ Մինչդեռ շատերը պատրաստ չեն, չեն կարողանում օգտվել։ Եթե պատրաստ չեն, ինչքան էլ պարտադրես, արդյունք չի լինելու։ Ընդամենն անհարմարություններն են ավելանալու։

Մետրոյում էլ ներդրեցին, ի՞նչ եղավ. մինչև հիմա  ուղևորների ընդամենը 21 տոկոսն է կարողանում օգտվել։ Մնացածը շարունակում է նույն կերպ երթևեկել։

Դրա հետևանքով հերթեր են գոյանում, մարդիկ ստիպված են երկար սպասել, անհարմարությունների միջով անցել։

Այնպես չէ, որ չեն ուզում օգտվել։ Դրա համար պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի առանց դժվարության, առանց խոչընդոտների ու անհարմարությունների, հնարավոր լինի օգտվել։

Մետրոյում դեռ սահմանափակ այլընտրանք թողել են, ավտոբուսների ու տրոլեյբուսների դեպքում դա էլ չի լինելու։ Ու դժվար չէ պատկերացնել, թե ինչ է կատարվելու այն բանից հետո, երբ հունվարի 1-ից անցում կատարվի միասնական տոմսային ու էլեկտրոնային վճարման համակարգին։ Եթե, իհարկե, ստիպված չլինեն կրկին հետաձգել ժամկետները։

Սա դեռ միայն միասնական համակարգի տեխնիկական մասն է, որը պատուհաս է դառնալու։ Այսպիսի պատրաստվածությամբ արկածախնդրություն է դրան գնալը։ Մի բան էլ հունվարի 1-ից պատրաստվում են գրեթե 3 անգամով բարձրացնել տրանսպորտի ուղեվարձը։ Այսօրվա 100 դրամի փոխարեն՝ տարեսկզբից միջինում այն կդառնա 300 դրամ։ Այլ հարց է, թե դրանից հետո էլ որքանո՞վ կլուծվի տրանսպորտի խնդիրը։

Երևանն էլ բեռնաթափում էին. ավտոկայանատեղիների վճարներն ընդհուպ 13 անգամով բարձրացրին։ Նախկին 12 հազարից դարձրեցին 160 հազար դրամ, կենտրոնից դուրս՝ 24 հազար դրամ։ Մեկ ժամի գինն էլ բարձրացրեցին 2-3 անգամով։ Եվ ի՞նչը փոխվեց՝ բեռնաթափվե՞ց Երևանի կենտրոնը, թե՞ շարունակում է նույնքան ծանրաբեռնված մնալ, ինչպես նախկինում։

Թե ավտոկայանատեղիների կտրուկ թանկացումից հետո, ինչքանո՞վ հաջողվեց բեռնաթափել մայրաքաղաքը, վկայում են այն համատարած խցանումները, որոնք տեսնում ենք Երևանի տարբեր հատվածներում և ոչ միայն՝ կենտրոնում։

«Կարմիր գծերն» անգամներով թանկացնելուց հետո էլ Երևանում խցանումները չպակասեցին։ Ավտոկայանատեղիներում էլի ազատ տեղեր չկան, ինչը նշանակում է, որ ավտոմեքենաների հոսքը դրանից ամենևին էլ չկրճատվեց։

Ավտոկայանատեղիների վճարները բարձրացնելու արդյունքը եղավ այն, որ քաղաքապետարանի գրպանը լցվեց, քաղաքացիներինը՝ դատարկվեց։

Ութ ամսում «կարմիր գծերի» համար վճարվել է գրեթե այնքան, որքան 2022-2023թթ. ընթացքում միասին վերցրած։

Հունվարի 1-ից մինչև օգոստոսի 30-ը մայրաքաղաքի Ա գոտու ավտոկայանատեղիների համար վճարվել է ավելի քան 1 մլրդ 145 մլն դրամ, Բ գոտու համար՝ շուրջ 394 մլն դրամ։ Ընդհանուր՝ 1 մլրդ 539 մլն դրամ։

Պատկերացնելու համար ասենք, որ 2022թ. «կարմիր գծերից» մուտքերը կազմել էին 680 միլիոն, իսկ 2023թ.՝ 960 մլն դրամ։ Երկու տարում՝ 1 մլրդ 640 մլն դրամ. մի փոքր ավելի շատ, քան միայն այս տարվա ութ ամիսներին։ Մինչդեռ՝ ժամանակին, երբ կտրուկ բարձրացնում էին ավտոկայանատեղիների վճարները, կոկորդ էին պատռում, թե նպատակը փող հավաքելը չէ, նպատակը քաղաքը բեռնաթափելն է։

Ստացվեց այնպես, որ քաղաքը բեռնաթափելու նպատակը, ինչի համար թանկացրին կայանատեղիները, չիրականացավ, խցանումները չպակասեցին, մի բան էլ ավելացան, իսկ բյուջեն լցնելը, որը նպատակ չէր, ինչպես հավաստիացնում էին՝ իրականացավ։ Օգտվելով դրանից՝ վերջերս Երևանի կենտրոնում սկսել են նոր վճարովի կայանատեղիներ բացել ու փող աշխատել։

Այսքանից հետո Երևանն ավելի հարմարավետ ու բարեկարգ դարձնելուց են խոսում։ Միայն դատարկ խոսել ու խոստումներ տալ գիտեն. Վեց տարի մետրոյի մեկ կայարան են կառուցում, դեռ քարը քարին չեն դրել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *