Տարածաշրջանը պայթելու վտանգի առաջ է. Ադրբեջանը ՀՀ իշխանություններին թելադրում է կապիտուլյացիոն փաստաթղթի կետերը. Հայկ Նահապետյան

Վերջին օրերին Ադրբեջանի իշխանությունները՝ Ալիևի գլխավորությամբ, կրկին սկսել են խոսել Հայաստանի ապառազմականացման, «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու, ՀՀ Սահմանադրությունը փոխելու և այլ պահանջների մասին։

Անվտանգության և ռազմական հարցերի փորձագետ Հայկ Նահապետյանը ցավով է արձանագրում, որ եթե ՀՀ-ում շարունակեն պաշտոնավարել ներկայիս իշխանությունները, ապա Ադրբեջանն իր այս բոլոր պահանջները պարտադրելու է, այդ թվում՝ փոխհատուցում, ռազմական տուգանք և այլն։

«Շուտով Ալիևը Հայաստան կբերի մի քանի հազար ադրբեջանցիների ու կստիպի ապահովել նրանց անվտանգությունը, ինչը, բնականաբար, չպետք է ապահովի Հայաստանը, այլ Ադրբեջանին բարեկամ երկիր՝ Թուրքիան։ Այսինքն՝ հիմա Ադրբեջանը Հայաստանի իշխանություններին թելադրում է կապիտուլյացիոն փաստաթղթի կետերը՝ դա ապահովելով ռազմական գործողություններ սկսելու սպառնալիքով։ Եթե Հայաստանն այդ պահանջները չի ապահովում, ապա Ադրբեջանը տարբեր պատրվակներով կարող է սկսել ռազմական գործողություններ»,- 168.am հետ զրույցում նշեց Հայկ Նահապետյանը։

Ըստ նրա, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հայկական բանակն օրվա իշխանությունները չեն բերել այն տեսքի, որպեսզի երկիրը կարողանա դյուրին կերպով դիմագրավել Ադրբեջանի ագրեսիան, որի ցուցիչը 2022 թվականի Ջերմուկի մարտերն էին

«Այստեղ ես չեմ խոսում մեր զինվորի ու սպայի մարտական ոգու, արիության, մոտիվացիայի մասին, նրանք այդ ամենն ունեն։ Նկատի ունեմ քաղաքական կամքի բացակայությունը, իշխանությունների անկազմակերպ լինելը, կադրային սխալ քաղաքականությունը, դաշնակիցներին մեկը մյուսի հետևից կորցնելը։ ՀՀ իշխանությունների քաղաքականության պատճառով երկիրը կորցնում է  Ռուսաստանին՝ որպես դաշնակից, նաև Իրանին, որը պարբերաբար առաջարկում է ռազմատեխնիկական լրջագույն համագործակցություն։ Բնականաբար, դա Արևմուտքին ձեռնտու չէ, իսկ Փաշինյանը, լինելով Արևմուտքի դրածո՝ այդ ամենը չեզոքացնում է՝ վանում։ Իրանի հետ այս ոլորտում որևէ պայմանագիր չի կնքելու, սա արդեն հասկանալի է։

Հիմա հարց՝ ի՞նչը կարող է Ալիևին խանգարել իր պահանջները կատարել՝ միակ գործոնը մեր բանակն է, որը, ինչպես նշեցի՝ իշխանությունները բավարար պատրաստության չեն բերել»,- հավելեց փորձագետը։

Նա նաև նկատեց՝ Հայաստանը շատ դյուրին կերպով չեզոքացնում է նաև միջնորդ պետությանը, որը Հայաստանի ու Ադրբեջանի հետ ստորագրել է չորս եռակողմ հայտարարություններ։

«Հիմնական խնդիրն իշխանությունների համար ռուսական միջնորդությունից հրաժարվելն էր, հիմա  Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ համաձայն են Թուրքիայի միջնորդությանը, որի վերաբերյալ Ադրբեջանի ու ՀՀ ղեկավարներն ակնարկել են»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Հայկ Նահապետյանը նաև հիշեցրեց՝ 2022 թվականի սեպտեմբերի ագրեսիայից առաջ Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն էր տարածում, թե հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ հող նախապատրաստելով հարձակման համար։ Հետևաբար՝ ագրեսիայի հավանականությունը հասկանալու համար, պետք է դիտարկել Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվության ինտենսիվությունը։

«Այսօր Ադրբեջանից զատ, նաև մեկ այլ վտանգավոր բան է տեղի ունենում՝ Իսրայելի բանակը ցամաքային հարձակում է սկսել Լիբանանում։ Այսպիսով՝ Իսրայելը սադրում է, որպեսզի Իրանը մտնի ռազմական գործողությունների մեջ, սա նաև Միացյալ Նահանգների ցանկությունն է։

Տեսականորեն պատկերացրեք, եթե Իրանը մտնում է ռազմական գործողությունների մեջ, ապա մեր ամբողջ տարածաշրջանը պայթելու է։ Իրանի հնարավոր պատերազմի մեջ ներքաշվելու դեպքում Միացյալ Նահանգներն Ադրբեջանից կխնդրի տարածք՝ Իրանին հարվածելու համար, դրա դիմաց Ադրբեջանը գին է պահանջելու, Միացյալ Նահանգներն էլ ամբողջ Հայաստանով է վճարելու»,- եզրափակեց Հայկ Նահապետյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *