Ո՞վ կդառնա արդարադատության նախարար. հետաքրքիր վերադասավորումներ են սպասվում

Ինչպես հայտնի է, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր արդեն ֆեյսբուքյան իր էջով հրաժարականի դիմում ներկայացրեց՝ կանխելու համար ՔՊ-ականների՝ այսօր իրեն, մեղմ ասած, կուսակցական նիստում դատափետելու հեռանկարը: Ինչպես ասում են, մի ոտք շուտ հրաժարականը հանրայնացրեց Ֆեյսբուքում, որ բացառվի դրան ընթացք չտալը:

Ու թեպետ նրա ընկեր ու գործընկեր, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանն, ինչպես իրեն բնորոշ է, շատ արագ, իր խոսնակի միջոցով հայտարարեց, որ ինքը «որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու և վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը», ներկուլիսային մեր աղբյուրներն այլ բան են փաստում՝ Կարեն Անդրեասյանը նույնպես կհեռանա, ընդ որում՝ ոչ միայնակ, այլ իր ԲԴԽ-ական կոնսենսուսով հանդերձ: Բայց Կարեն Անդրեասյանի անհանգստությունը հասկանալի է. ահագին պայմանավորվածություններ ունի, հո կիսատ կամ անկատար չի՞ թողնելու…

Բացի դրանից, մինչև 2027թ. վստահաբար պաշտոնավարելու ցանկություն ունեցող Կարեն Անդրեասյանը մոռացել է, որ եթե հանկարծ Ազգային ժողովի (ԱԺ) քաղաքական մեծամասնությունը՝ իր սիրելի ՔՊ-ն որոշի, որ ինքը չի պաշտոնավարելու, դա հենց այդպես էլ կլինի: Բայց սա՝ իմիջիայլոց:

Բայց վերադառնանք արդարադատության նախարարի պաշտոնին: Սուրբ տեղը դատարկ չի մնում, ու հիմա ՔՊ-ում կատաղի պայքար կմղվի այդ աթոռի համար:

Նկատենք, որ 2018-ի հեղափոխություն կոչվածից հետո «կարկառուն իրավաբան» դարձած ՔՊ-ական Արփի Դավոյանն ասել էր՝ Գրիգոր Մինասյանի փոխարեն՝ իրենց թիմակիցը պետք է լինի արդարադատության նախարարը:

168.am-ի տեղեկություններով՝ արդարադատության նախարարի աթոռի հավակնորդները մի քանիսն են, բայց նախարար կդառնա Մարդու իրավունքների գործող պաշտպան Անահիտ Մանասյանը: Մյուս հավակնորդին՝ Վլադիմիր Վարդանյանին, որոշվել է դեռ պահել ԱԺ-ում՝ եվրոպական կառույցների հետ աշխատանքը վերջնականապես չձախողելու համար:

Եթե այս նշանակումն իրականություն դառնա, ապա ինչ խոսք, շատ ավելի ազնիվ կլինի Անահիտ Մանասյանի պարագայում. գոնե առավել անկաշկանդ կարող է քաղաքական գործառույթներ իրականացնել քաղաքական թիմի՝ ՔՊ-ի համար, ինչպես նաև իր ընկերուհի՝ ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ երգել Աննա Հակոբյանի հյուրերի ճաշկերույթներին:

Ըստ նախնական վերադասավորումների՝ ՄԻՊ կդառնա Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ, թերևս, կհեռանա նաև Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը, ում դեմ վաղուց կատաղի պայքար է մղում ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Վերջինս ցանկանում է իր մարդուն տեսնել ՔԿԾ պետի պաշտոնում, և եթե ամեն բան գնա իր պլանավորածի պես, ՔԿԾ պետի պաշտոնը կզբաղեցնի պետի նախկին առաջին տեղակալ Արտակ Հարությունյանը, ով ներկայումս Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովում փորձագետի կամ օգնականի գործառույթ է իրականացնում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *