Քաղաքականացված դատավորներ, նախագահական պարգևատրումներ. Ինչպես և ում կողմից վավերացվեց հայ-ադրբեջանական կանոնակարգը

Սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշեց՝ 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

168.am-ն անդրադարձել էր այս քննությանը, նշել, որ ՍԴ դատավորների որոշումից է կախված՝ կլինի՞ Հայաստան պետություն, թե՞ Ադրբեջանին թույլ կտան այս անգամ արդեն օրենքով խժռել մեր պետությունը: ՍԴ դատավորները փաստորեն կայացրեցին իրենց որոշումը՝ ոչ թե հանուն Հայաստանի Հանրապետության, այլ Նիկոլ Փաշինյանի:

Արման Դիլանյան, Վահե Գրիգորյան, Հրայր Թովմասյան, Դավիթ Խաչատուրյան, Հովակիմ Հովակիմյան, Էդգար Շաթիրյան, Սեդա Սաֆարյան և Արթուր Վաղարշյան… Սրանք այն դատավորներն են, ովքեր կայացրեցին հիրավի, պատմական որոշում՝ ոչ միայն մեր երկրի, այլև առաջին հերթին՝ իրենք իրենց ապագայի համար:

Արման Դիլանյանը ըստ էության հստակ հասկացել էր Նիկոլ Փաշինյանի մեսիջն իրեն, որը հրապարակվել էր Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքում հենց նույն օրը, երբ սկսվել էր այս գործով քննությունը, որը, ի դեպ, երկրորդ ամենակարճ ժամկետում քննված գործն էր Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման սահմանադրականության հարցից հետո: Այս գործով ՍԴ-ն որոշում կայացրեց ընդամենը 21 օրում, մինչդեռ շատ ավելի նվազ կարևորության գործեր ՍԴ-ում քննվում են տարիներով: Ուշագրավ է, որ ՍԴ որոշման մեջ թեև գրված է, որ «2024 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ ադրբեջանական կողմը չի ավարտել Կանոնակարգի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը», բայց մեր ՍԴ-ն ափալ-թափալ քննեց ու որոշեց՝ կանոնակարգը սահմանադրական է:

Ի դեպ, Մյուռոնօրհնության օրը Սուրբ Էջմիածնում Արման Դիլանյանը 168.am-ի հետ զրույցում, պատասխանելով կանոնակարգը սահմանադրական ճանաչվելու վերաբերյալ հարցին, ասել էր՝ «Իմ աստծո առաջ մաքուր խղճով եմ գնում՝ մասնակցելու այս արարողությանը»:

Երվանդ Խունդկարյանը հարցի քննությանը չէր մասնակցում. Արձակուրդում էր: Ակնհայտ էր, որ վերջինիս շուտափույթ կերպով արձակուրդ էին ուղարկել, որ հատուկ կարծիք չգրի, ինչպես որ միշտ անում է միջազգային պայմանագրերի սահմանադրականությունը որոշելու ժամանակ:

Հրայր Թովմասյանը գրել էր հակասող հատուկ կարծիք, ինչը նշանակում է, որ վերջինս այս կանոնակարգը համարում է  Սահմանադրությանը հակասող:

Ուշագրավ է, որ գործով զեկուցողներ Վահե Գրիգորյանն ու Դավիթ Խաչատուրյանը՝ երկու ակնհայտ քաղաքականացված դատավորներ Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատից, գրել են համընկնող հատուկ կարծիքներ, այսինքն՝ ավելի կողմ, քան հնարավոր է լինել կողմ: Իրենք հատկապես կողմ են հայ-ադրբեջանական մերձեցմանը՝ Հայաստանի տարածքները հանձնելու գնով:

Սեդա Սաֆարյանի որոշումը նույնպես կանխատեսելի էր, նույն շարքից, ինչ վերևի երկու դատավորների դեպքում: Իսկ մյուս զեկուցող Էդգար Շաթիրյանի մասին ասելու շատ բան չկա: Ալեն Սիմոնյանի ընկերը լինելու հանգամանքը նրան անակնկալ կերպով ՍԴ դատավորի աթոռ է տվել՝ դրանից բխող բոլոր կանխատեսելի հետևանքներով:

Հովակիմ Հովակիմյանն էլ հաստատ հոսանքին դեմ չէր գնալու. Ի վերջո, նախագահ Վահագն Խաչատուրյանի թեկնածուն է ՍԴ-ում:

Առավել ուշագրավ է Արթուր Վաղարշյանի պարագան: Այս տարվա սեպտեմբերի 9-ին Անկախության տոնի առթիվ, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Գրիշայի Վաղարշյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Ի դեպ, պարգևատրվել է դեռևս սեպտեմբերի 9-ին, բայց սեպտեմբերի 21-ի առթիվ:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը ՍԴ դիմող սուբյեկտ է: Այսինքն՝ վերջինս պարգևատրել է մի դատավորի, ով ապրիորի կարող է քննել իր դիմումով ՍԴ մուտքագրված գործը: Այնպես չէ, որ ՀՀ նախագահը իրավունք չունի պարգևատրել ոլորտի գործիչներին, բայց ոչ գործող ՍԴ դատավորին, թերևս:

Հատկանշական է, որ Արթուր Վաղարշյանը, ով ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Պետության և իրավունքի տեսության և պստմության ամբիոնում է դասավանդում, 2022թ. էլ պարգևատրվել է «Վարչապետի հուշամեդալով», պարգևն էլ ստացել է անձամբ Նիկոլ Փաշինյանի ձեռքից:

Ի դեպ, Անկախության ոնի առթիվ Վահագն Խաչատուրյանը պարգևատրել է նաև ՍԴ նախագահի խորհրդական Ալինա Փխրիկյանին, կրկին Մխիթար Գոշ մեդալով: Ալինա Փխրիկյանը, ի դեպ, վերջերս ուսուցողական այցով եղել է ԱՄՆ-ում՝ վերջերս բավականին սերտացած ՍԴ-օտարերկրյա ՀԿ-ներ կապերի շրջանակում: Սրա մասին հանդես կգանք առանձին հրապարակմամբ:

ՍԴ-ից մյուս պարգևատրված անձը ՍԴ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անրի Մարությանն է: Հատկանշական է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքով ՍԴ նախագահի տեղակալի պաշտոն ՍԴ աշխատակազմում նախատեսված չէ: Եվ այդ պաշտոնը չի եղել աշխատակազմի նախկին ղեկավարներ Առուշան Հակոբյանի, Վլադիմիր Վարդանյանի և Էդգար Ղազարյանի պաշտոնավարման ողջ շրջանում, ու ի հայտ է եկել միայն Սամվել Առաքելյանի պաշտոնավարման ժամանակ՝ արդեն Արման Դիլանյանի օրոք: Իսկ սա նշանակում է, որ տվյալ մարդուն՝ Անրի Մարությանին, աշխատավարձ տալն արդեն իսկ պետական բյուջեի միջոցների վատնում է: Բայց նա փաստորեն նաև պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից, ճիշտ է, նրա դեպքում, «Երախտագիտության մեդալով»:

Այնպես որ, այն, ինչ կատարվում է ՍԴ-ում, ամբողջովին օրինաչափ է:

Ինչ վերաբերում է ՍԴ որոշմանը, այնտեղ գրված է, որ Սահմանադրական դատարանում սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրության մեջ, մասնավորապես, նշված է, որ պետական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը Հայաստանի Հանրապետության համար ունեն անվտանգային նշանակություն, և այդ գործընթացում Հայաստանն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության անվտանգության և Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների ապահովման, սահմանային հարցերի խաղաղ լուծման սկզբունքներով:

Եվ սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն ինքն է բազմիցս հայտարարել, որ սահմանազատումն ու սահմանագծումն անվտանգության երաշխիքներ չեն, բայց չգիտես ինչու, Կառավարությունում վստահ են, որ «Կանոնակարգը կայուն մեխանիզմներ, համապատասխան գործիքակազմ, ինչպես նաև ինստիտուցիոնալ հիմք է ստեղծում երկու պետությունների միջև սահմանային հարցերը կարգավորելու համար»:

Կանոնակարգով Հայաստանի Հանրապետությունը՝ փոխադարձության հիման վրա, ստանձնում է, մասնավորապես, ներքոնշյալ պարտավորությունները.

1.7.1. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը (այսուհետ՝ ՀՀ հանձնաժողով) մյուս կողմի Հանձնաժողովի հետ համաձայնեցված կազմակերպի ու վերահսկի տիեզերալուսանկարահանման և օդալուսանկարահանման, գեոդեզիական, կադաստրային և քարտեզագրական աշխատանքների իրականացումը, տեղանքում սահմանագծի անցման հատվածների տեղազննման և հետազոտման աշխատանքների, ինչպես նաև սահմանազատման իրականացման հետ կապված այլ աշխատանքների (սահմանազատման աշխատանքներ) կատարումը (Հոդված 2, կետ 2). 8 1.7.2. ապահովել, որ ՀՀ հանձնաժողովը սահմանազատման աշխատանքների կատարման ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանակի համապատասխան տիեզերալուսանկարահանման և օդալուսանկարահանման, քարտեզագրական և գեոդեզիական նյութերը՝ Կանոնակարգի 5-րդ հոդվածով սահմանված պետական սահմանի սահմանազատման քարտեզի (սահմանազատման քարտեզ) ստեղծման նպատակով (Հոդված 2, կետ 3). 1.7.3. ապահովել, որ ՀՀ հանձնաժողովը մշակի, համաձայնեցնի և ընդունի հետևյալ փաստաթղթերը.

1) սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի կարգի մասին ուղեցույցը.

2) սահմանազատման քարտեզի ստեղծման մասին ուղեցույցը.

3) սահմանազատման քարտեզի վրա հայկական աշխարհագրական անվանումներն ադրբեջաներենով և ադրբեջանական աշխարհագրական անվանումները հայերենով արտացոլելու կարգի մասին ուղեցույցը.

4) պետական սահմանագծի անցման արձանագրություն-նկարագրություն կազմելու կարգի մասին ուղեցույցը.

5) սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման կարգի մասին ուղեցույցը (Հոդված 2, կետ 4). 1.7.4. ապահովել սահմանազատման ընթացքում ՀՀ հանձնաժողովի կողմից սահմանազատման փորձագիտական խմբ(եր)ի ձևավորումը, որոնք տեղանքում կիրականացնեն սահմանազատման համալիր միջոցառումներ, և աշխատանքների արդյունքներով կկազմվեն փաստաթղթեր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *