Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Ֆակտորին» ասել է, որ Տավուշից Ադրբեջանին հանձնված տարածքները Հայաստանինը չէին, բնակիչները կադաստրին փող էին տվել, սեփականության վկայականներ հանել։ Սա հաղորդում է հանցագործության մասին, իրավապահները պետք է քրեական վարույթ հարուցեն, հարցաքննեն Աղազարյանին, թե Կիրանցի բնակիչները որ թվին, ինչքան փող են տվել կադաստրի պաշտոնյաներին, որ Հայաստանին չպատկանող տարածքների համար իրենց սեփականության վկայականներ են հանել։ Ես էլ կարծում եմ, որ սույն «իմաստուն» հարցազրույց տվածը երեսփոխան Հովիկ Աղազարյանը չէ, այլ՝ իր կլոնը»,-գրել է նա։
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, վերջինս մեզ հետ զրույցում վերահաստատեց իր կողմից արված հայտարարությունը և նշեց՝ ունի փաստեր այն մասին, որ Կիրանցի բնակիչները գումար են տվել կադաստրին՝ սեփականության վկայականներ ստանալու նպատակով։
Դիտարկմանը, որ օգտատերերը կարծիք են հայտնել, որ իրավապահներն իրեն պետք է հրավիրեն հարցաքննության, պատգամավորն այսպես արձագանքեց։
«Հարցաքննության կանչելու կարիք չկա, ես ինքս կգնամ»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։