Ո՞ւր են գնում կենսաթոշակների գումարները

Երբ Հայաստանում ներդրվում էր կուտակային կենսաթոշակային համակարգը, նպատակը հետագայում այդ գումարները տնտեսական տարբեր, նաև խոշոր ծրագրերի մեջ ներդնելն էր և տնտեսական արդյունք ապահովելը։ Տարիներն անցնում են, սակայն այս նպատակն այդպես էլ չի իրականանում։ Իշխանություններն էլ ոչինչ չեն անում իրավիճակը շտկելու համար։

Այնինչ կենսաթոշակային ֆոնդերում բավական մեծ գումարներ են կուտակվել։

Խոսքն ավելի քան 2,3 մլրդ դոլարի մասին է։ Այդ գումարները վճարել են քաղաքացիներն իրենց աշխատավարձերից ու պետությունը՝ պետական բյուջեն։ Դրանք դուրս են եկել տնտեսությունից ու կուտակային կենսաթոշակային համակարգի միջոցով հավաքվել կենսաթոշակային ֆոնդերում։

Այս գումարների դուրսբերումը թե ինչքանո՞վ է վնասել տնտեսությանը, ոչ մեկը չի հաշվել։ Բայց որ վնասել է, միանշանակ է։ 2,3 միլիարդը մեծ գումար է մեր տնտեսության համար։

Ո՞ւր են գնում այդ գումարները, ի՞նչ են անում, շատերն այդպես էլ չգիտեն։

Մինչդեռ խոսքը հսկայական միջոցների մասին է, որոնք արդյունավետ օգտագործելու պարագայում կարող էին լուրջ աջակցություն լինել տնտեսության համար։

Խնդիրը ոչ թե ֆոնդերինն է, այլ իշխանությանը, որն այդպես էլ ոչինչ չի անում, որպեսզի այդ գումարները տնտեսությանը ծառայեն։ Տնտեսությանը ծառայեցնելու փոխարեն՝ կառավարությունը դրանց մի մասը պարտքով վերցնում է՝ բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար։ Փողը տալիս է ֆոնդերին, հետո պարտքով, բարձր տոկոսներով հետ է վերցնում։

Զարմանալի չէ, որ կենսաթոշակային ֆոնդերի գումարների մեծ մասը ներդրված են պետական պարտատոմսերի մեջ։

Խոսքը շուրջ 379 մլրդ դրամի մասին է։ Այսօրվա փոխարժեքով այն մոտենում է գրեթե 1 մլրդ դոլարի։

Այդքան գումար բարձր տոկոսներով կառավարությունը պարտք է ներգրավել ֆոնդերից։

Ֆոնդերի համար պետական պարտատոմսեր ձեռք բերելը միանգամայն նորմալ է, ապահովված ներդրում է, բայց ի՞նչ է մտածում կառավարությունը։ Այդ գումարները կարող էին շատ ավելի արդյունավետ օգտագործվել, տնտեսական ծրագրերի մեջ ներդրվել, եթե լինեին այդպիսի ծրագրեր։

Բայց Հայաստանում ո՞ւր են հեռանկարային, առավել ևս՝ խոշոր ծրագրեր, որպեսզի ներդրումներ արվեն։

Դեռ չենք խոսում ներդրումների անվտանգության մասին։ Ոչ մի խելքը գլխին ներդրող, լինի դրսի թե ներսի, գումարներ չի ներդնի մի միջավայրում, որտեղ անվտանգային տարրական երաշխիքներ չկան։

Խաթարել են՝ ինչպես երկրի, այնպես էլ՝ տնտեսության անվտանգությունը։ Իշխանություններն անկարող են երաշխավորել ներդրումների անվտանգությունը։

Պարզ չէ՞, որ այդ պայմաններում կենսաթոշակային ֆոնդերը պիտի խուսափեն իրենց գումարները տնտեսության մեջ ներդնելուց։ Դրա համար պետական պարտատոմսեր են գնում, ներդրելու այլ ապահով տեղ չկա։

Ֆոնդերի գումարների գրեթե 42 տոկոսը ներդրված են հենց պետական պարտատոմսերում։

Գումարների մի մասն էլ բանկերում ավանդ են դրել, գրեթե 480 մլն դոլարին համարժեք։ Իհարկե, մեծ մասը ներդրված են՝ որպես դրամային ավանդ։

Այսօր դրամային ավանդներն ավելի ձեռնտու են, տոկոսները բավական բարձր են։

Մինչև մեկ տարի ժամկետով ավանդների գինը հասնում է 9-10 տոկոսի, ինչը վատ տարբերակ չէ ֆոնդերի, բայց ոչ՝ տնտեսության համար։

Այդ գումարները վարկերի տեսքով հետագայում մտնում են շրջանառության մեջ, բայց անհամեմատ ավելի թանկացած։ Այնինչ՝ նպաստավոր պայմանների ու ծրագրերի առկայության դեպքում կարող էին վերածվել ուղղակի ներդրումների և շատ ավելի բարձր արդյունք տալ։

Վարկային միջոցների արդյունավետությունը շատ ավելի ցածր է, քան ներդրումներինը։ Հատկապես Հայաստանում, երբ վարկերի տոկոսները երկնիշից պակաս չեն։

Իհարկե, ֆոնդերն ունեն նաև տնտեսական ներդրումներ։ Գումարների գրեթե մեկ երրորդը ներդրված է բաժնեմասերի ու կոլեկտիվ ներդրումային գործիքի մեջ։ Այդպիսիք հասնում են 293 մլրդ դրամի։

Գրեթե ամբողջությամբ ներդրված է արտարժույթով։ Այսօրվա փոխաժեքով այն համարժեք է 751 մլն դոլարի։

Սրանք են ֆոնդերի բուն տնտեսական ներդրումները, որոնք, դատելով դրանց արժութային կառուցածքից, ներդրված են հիմնականում դրսում։

Մեր տնտեսությանը ծառայելու փոխարեն, ծառայում են այլ երկրների տնտեսություններին։

Գուցե և ներսում էլ կան այդպիսի ներդրումներ, բայց դրանք միանշանակ շատ փոքր մասն են կազմում։

Ներքին տնտեսության մեջ կուտակային կենսաթոշակային գումարների ուղղակի ներդրումները չնչին են՝ համեմատած այն հսկայական հնարավորությունների հետ, որոնք կան այստեղ ու գնալով ավելանում են։

Արտաքուստ գումարների 65 տոկոսից ավելին մնում են Հայաստանում։ Բայց ներդրված են այնպիսի ոլորտներում, որոնց տնտեսական արդյունավետությունը շատ ցածր է։

Դրանք հիմնականում միջնորդավորված են մտնում տնտեսություն, տարբեր կառույցներով անցնելուց ու էապես թանկանալուց հետո, ինչն էապես թուլացնում է տնտեսության վրա դրանց ազդեցությունն ու նշանակությունը։

Այս առումով լուրջ անելիք ունի իշխանությունը։ Այնինչ՝ բավարարվում են ֆոնդերից բարձր տոկոսներով պարտքեր վերցնելով ու բյուջեի հաշվին փակվելով։

Ժամանակին ցույց էին տալիս, թե դեմ են կենսաթոշակային կուտակային համակարգին։ Իշխանության գալուց հետո, ինչպես շատ դեպքերում, արագ մտափոխվեցին։ Նույնիսկ որոշ ժամանակ ֆոնդերի համամասնությունները փոխեցին՝ ի վնաս պետության, բավական մեծ զիջումներ արեցին բյուջեի հաշվին։ Բայց դրանից հետո էլ ոչինչ չարեցին գոնե համակարգի հնարավորություններն արդյունավետ օգտագործելու, միջոցները տնտեսությանը ծառայեցնելու համար։

Հսկայական գումարներ դուրս են մնում տնտեսական գործընթացներից։ Մինչդեռ կարող էին իրական տնտեսության համար ներդրումային լավ աղբյուր լինել։

Տնտեսությունը ներդրումների լուրջ կարիք ունի, իսկ այս ռեսուրսն ու հնարավորությունն անիմաստ վատնում են։ Փոխարենը՝ հույսը դրել են դրսի վրա, անընդմեջ նոր միջոցներ են ներգրվում ու պարտքեր կուտակում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *