Իշխանություն է ընկել ձեռքները, վայելում են, չեն ուզում իրենց ոչնչից զրկել։ Պետության հաշվին վայելքների մեջ են ապրում։
Երկրի վարչապետի սիրտը Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչը դիտել է ուզում, պետական մակարդակով աշխատանքային ձևական այց է կազմակերպում, ընտանիքի անդամների հետ, պաշտոնական պատվիրակությամբ, բյուջեի միջոցների հաշվին գնում է ֆուտբոլ նայելու։ Մեկ օր հետո էլ այնտեղից հայտարարում է արձակուրդ մեկնելու մասին։
Երկիրը բազում խնդիրների մեջ է, չգիտես՝ վաղն ինչ է մեզ սպասվում, վարչապետն արտասահմաններում անհոգ ման է գալիս, հեծանիվ է վարում, սրճարաններում ժամանակ անցկացնում։ Պատրաստվում է գրեթե մեկ ամիս հանգստանալ, կարծես մեջքով քար է քաշել, երկրի բոլոր հարցերը լուծել է, ամեն ինչ դրել է ռելսերի վրա, մնում է վաստակած հանգիստը վայելել։
Պետական բյուջեում փող չկա նախատեսված ծախսերն իրականացնելու համար, ծրագրերը հետաձգում են, կրճատում են, իսկ ինչ իրենց է վերաբերում, փողի պակաս չկա։
Մեկ միլիարդից ավելի գումար հատկացրեցին՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկող 49 նոր ծառայողական մեքենաներ գնելու համար։ Մի մասը թանկարժեք՝ ընդհուպ՝ 100-110 հազար դոլարի կարգի։ Բյուջեն փողի խնդիր ունի, առաջին կիսամյակում 117 մլրդ դոլարով մուտքերը թերակատարել են, չեն կարողացել հարկերը հավաքել, փողի պատճառով նախատեսված ծրագրերը հետաձգում են, իսկ կառավարությունը 1 մլրդ 38 մլն դրամ է տալիս ծառայողական մեքենա գնելու համար, կարծես ծառայողական մեքենա գնելն այդքան հրատապ էր։
Այլ բաների համար փողը քչություն է անում, շրջաբերական են իջեցնում ու նախարարություններին, գերատեսչություններին հանձնարարում անցնել խնայողական ռեժիմների, հնարավորինս սահմանափակել ծախսերը, գնում, ծառայողական մեքենաներ են գնում։ Եղածով արդեն չեն բավարարվում, նորերն են ուզում, չեն կարող համբերել, բյուջեի խնդիրները լուծել, նոր մտածել ծառայողական մեքենաները թարմացնելու, նորերով փոխարինելու մասին։
Ծառայողական մեքենաները, որոնց պակաս այսօր էլ պետական համակարգում չկա, ճոխություն են սարքել։
Այդքան խոսում էին դրանք կրճատելու, վերացնելու, պաշտոնյաների ախորժակները սահմանափակելու մասին, եկել-չեն եկել՝ մի բան էլ ավելացել են ծառայողական մեքենաները։
Այսօր պետական կառավարման ապարատում հարյուրավոր այդպիսի մեքենաներ կան, իսկ ընդհանրապես պետական համակարգում դրանք հասնում են հազարների։
Ժամանակին ինչեր ասես չէին ասում նախկինների մասին, որ Հայաստանը վերածել են պադավատապետության։ Հիմա իրենք գրեթե 2,7 մլն դոլար են տալիս շուրջ հինգ տասնյակ նոր ծառայողական մեքենաներ գնելու համար։ Ու դա անում է մի կառավարություն, որի ղեկավարը ժամանակին հայտարարում էր, թե Հայաստանում պետք է ընդամենը 30-35 ծառայողական ավտոմեքենա լինի։ Դանիայի օրինակն էր բերում, ասում էր՝ Դանիայի խորհրդարանում՝ մեկ, իսկ ամբողջ պետական ապարատում՝ 23 ծառայողական մեքենա կա։ Հիմա հաշվեք, թե քանի ծառայողական մեքենան կա Հայաստանի խորհրդարանում ու պետական կառավարման ապարատում։
Միայն Նիկոլ Փաշինյանին սպասարկող ծառայողական մեքենաներն այսօր գրեթե այնքան են, որքան, ինչպես ժամանակին հայտարարում էին, ամբողջ Դանիայի պետական ապարատում։
Երբ նոր էին եկել իշխանության, կառավարության աշխատակազմի մի ղեկավար կար, ասում էր՝ 90 տոկոսով նախատեսում ենք կրճատել ծառայողական մեքենաները, կսահմանենք հերթապահ համակարգ, պայմանագիր կկնքենք տաքսի ծառայության հետ՝ պետական պաշտոնյաները տաքսիներով կերթևեկեն, միլիարդներ կխնայենք։ Տեսնում ենք, թե ինչպես են ծառայողական մեքենաները կրճատում ու միլիարդները խնայում։
Այս ամենի հիմքերը, իհարկե, նոր չեն դրվել, դրվել են այն ժամանակ, երբ վարչապետ դառնալուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն իրեն սպասարկելու նպատակով միանգամից 2 թանկարժեք զրահապատ մեքենա գնեց ու դրանց համար, առանց աչք թարթելու, պետական բյուջեից ու հարկատուների հարկերից վճարեց մի քանի հարյուր հազար դոլար։
Պետական պաշտոնյաներին սպասարկելու համար հետագայում էլ բազմաթիվ թանկարժեք ու կիսաթանկարժեք ծառայողական մեքենաներ գնվեցին։
Խնայելու փոխարեն՝ միլիարդներ են ծախսում՝ իրենց սպասարկող ծառայողական մեքենաները թարմացնելու ու նորերով փոխարինելու, ավելի հարմարավետ դարձնելու համար։ Կարծես այդ գումարներն այլ նպատակի համար ծառայեցնելու տեղ չկա, հրատապ ու անհետաձգելի, առաջնային կարևորության ծախսեր չկան, որոնք պետք է արվեն, անվտանգության, պաշտպանության ու սոցիալական խնդիրներ չկան, որոնք միջոցներ են պահանջում։
Նման դեպքերում գումարները միշտ քչություն են անում, չեն բավարարում, երբեմն ընդհանրապես չեն գտնվում, իսկ պետական պաշտոնյաների հաճույքների համար, եթե նույնիսկ բյուջեով էլ նախատեսած չլինեն, կառավարության պահուստային ֆոնդի մի անկյունում անպայման միջոցներ կգտնվեն։ Կարող են գումարներ խնայել զինվորի, թոշակառուի, երկրի անվտանգության ու այլ առաջնային նշանակության կարևոր բաների վրա, բայց իրենց վայելքներից չեն զրկի։
Եթե միայն ծառայողական մեքենաները լիներ, դեռ ինչ-որ կերպ կարելի էր լռել։
Պետական բյուջեի հաշվին տարեկան հարյուրավոր միլիոներ ու միլիարդներ են ծախսում իրենց աշխատասենյակներն ու աշխատավայրերը պարբերաբար վերանորոգելու, թարմացնելու, կահավորելու, նոր կահույք ձեռք բերելու, գործուղումների անվան տակ արտասահմանյան վոյաժների մեկնելու, պետության հաշվին աշխարհով ման գալու, ճամփորդելու, հանգստանալու, թանկարժեք հյուրանոցներից օգտվելու համար։
Պետությունը դրել են զոհասեղանին, հազարավոր ընտանիքների որբացրել են, մարդկանց զրկել տուն ու տեղից, գցել փողոցները, իսկ իրենք վայելքների մեջ են։
Սուրճի փող չունեին՝ հիմա թանկարժեք ռեստորաններից են օգտվում, թանկարժեք բնակարաններ գնում ու թանկարժեք ավտոմեքենաներից, նաև ծառայողական ավտոմեքենաներից օգտվում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ