Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանն ասաց, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը մասնավոր պահնորդական ընկերությանը հանձնելու մասով նոր մանրամասներ չկան։ Այս մասին խոսել են, սակայն մանրամասներ դեռևս հայտնի չեն։
«Խոսվել է մասնավոր ընկերության ներգրավման հնարավորության մասին, բայց դետալները դեռ չկան։ Սա Խաղաղության խաչմերուկ նախագծի հետ որևէ կապ չունի, բայց դրա տրամաբանության մեջ է»,- ասել է փոխնախարարը։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը մասնավոր պահնորդական ընկերությանը հանձնելու առաջարկը գալիս է Արևմուտքից։
«Մեծ հավանականությամբ, գաղափարը գալիս է Միացյալ Նահանգներից։ Ըստ իս՝ նպատակը հետևյալն է՝ գտնել մի տարբերակ, որը Հայաստանին թույլ կտա, այսպես ասած, «դեմքը պահել» ու ասել, որ այդտեղ սուվերենության զիջում չկա և չկա որևէ երկրի ներգրավում։
Մյուս կողմից էլ՝ Թուրքիային ու Ադրբեջանին բավարարել այն իմաստով, որ այդ հատվածում չկա հայկական վերահսկողություն և վերահսկողությունն այլ կազմակերպությանն է։ Հասկանալի է, որ երբ խոսում ենք մասնավոր կառույցի մասին, ապա մեծ հաշվով խոսքը դե ֆակտո մասնավորի մասին է լինելու, որովհետև աշխարհաքաղաքականության գերկարևորության այդ ճանապարհը, որի վերաբերյալ ուժային կենտրոններն են բաց մրցակցության մեջ՝ ըստ էության, որևէ մեկը հենց այնպես չի հանձնի մասնավոր ինչ-որ վերահսկողության։ Հետևաբար, հասկանում ենք, որ լինելու է դե յուրե մասնավոր, իսկ դե ֆակտո այլ վիճակ է լինելու»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հակոբ Բադալյանը։
Քաղաքական վերլուծաբանը, սակայն, դժվարանում է ասել, թե ինչպես են սրան վերաբերվում Երևանում, Բաքվում ու Անկարայում, բայց կարծում է, որ երեք տեղում էլ մեծ ոգևորությամբ չի ընդունվում այս առաջարկը։
«Ամբողջ հարցն այն է, որ առաջարկողը թիվ մեկ գերտերությունն է, բնականաբար, նրա հետ աշխատում են, քննարկում։ Հնարավոր չէ այսպես միարժեք մերժել Միացյալ Նահանգներին, հատկապես, եթե իրենք հայտարարում են, որ իրենց համար այդ «միջին միջանցքի» ձևավորումը ռազմավարական առաջնահերթություն է»,- եզրափակեց Հակոբ Բադալյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին իր հրավիրած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «Հայաստանը պատրաստ է ճանապարհներ տրամադրել Նախիջևանի հետ Ադրբեջանի կապի համար»։
«Մենք պատրաստ ենք այդ սկզբունքներով ճանապարհներ տրամադրել։ Հայաստանը նույնպես պատրաստ է հասկանալ և հաշվի առնել Նախիջևան-Ադրբեջան, այսինքն՝ Ադրբեջան-Ադրբեջան կապի առանձնահատկությունը։ Սակայն առանց մեր տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը նսեմացնելու և կասկածի տակ դնելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։