Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը հերթական դրամաշնորհն է տվել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը վերջին տարիներին առավել հայտնի է «ֆեյքերի» ՊՈԱԿ անունով։Պետության կողմից ֆինանսական աջակցության 3 միլիոն 160 000 դրամով, ըստ պայմանագրի, բարելավելու են ՊՈԱԿ-ի աշխատանքային պայմանները՝ ձեռք բերելով տեխնիկական սարքավորումներ։ Ի դեպ, նախորդ տարի էլ ՊՈԱԿ-ը 74 միլիոն 800 հազար դրամով բարելավել էր շենքային պայմանները:
Նշենք, որ այս ՊՈԱԿ-ը 2019 թվականից պարբերաբար միլիոնավոր դրամների պայմանագրեր է կնքել վարչապետի աշխատակազմի հետ՝ ստաբիլ ստանալով դրամաշնորհներ, ինչպես նաև՝ մատուցելով ծառայություններ ոչ մրցակցային հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով՝ ինչպես, օրինակ, հենց 2019 թվականին հորինված և նշվող «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների կազմակերպման և սպասարկման ծառայությունների ձեռքբերումը, որը պետական բյուջեի վրա նստեց 1 միլիոն 924 հազար դրամ։
Միայն այս տարվա ընթացքում ՊՈԱԿ-ն արդեն հասցրել է 3 դրամաշնորհ ստանալ վարչապետի աշխատակազմից․ առաջին երկուսի պայմանագրերը կնքվել էին տարեսկզբին։ Հունվարի 19-ին կնքված առաջին պայմանագրով 731 միլիոն 763.000 դրամ կամ ավելի քան 1.8 միլիոն դոլար էր տրամադրվել Կառավարության գործունեության լուսաբանման, թեմատիկ վերլուծությունների և ԶԼՄ-ների ամենօրյա մշտադիտարկման համար: Նույն օրը կնքված երկրորդ պայմանագրով` 16 միլիոն 500.000 դրամ դրամաշնորհով էլ, ՊՈԱԿ-ը պետք է աջակցեր Սփյուռքի հայալեզու լրատվամիջոցներին. պայմանագրով, սակայն, չէր նշվում, թե ինչ լրատվամիջոցների մասին է խոսքը: