Հայաստանի տնտեսության լրջագույն խնդիրներն այլևս հնարավոր չէ քողարկել

Գաղտնիք չէ, որ վերջին 2.5 տարիների Հայաստանում արձանագրվող բարձր տնտեսական ակտիվությունն առավելապես պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ՀՀ տնտեսության համար բարենպաստ գործոնների առաջացման ազդեցությամբ։ Սակայն, ինչպես կանխատեսվում էր՝ տարեցտարի այդ բարենպաստ գործոնների ազդեցությունը թուլանում է։ Դա են փաստում վիճակագրական ցուցանիշները, որոնք այնքան խոսուն են, որ անգամ գործող իշխանությունն այլևս չի խուսափում խոստովանել Հայաստանի տնտեսության խիստ մտահոգիչ զարգացումների մասին։ Այսպես սույն թվականի օգոստոսի 27-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված իր հարցազրույցում նշել էր.

«Վերջին 2-3 տարիների ընթացքում մենք ունեինք դրական շոկ՝ այսինքն ունեինք մեծ ներհոսք՝ Ռուսաստանից տեղափոխված, և, նաև, արտահանման կտրուկ աճ՝ որոշ մասը նաև վերաարտահանման տեսքով։ Այս գործոնները հետզհետե թուլացել են»։

Վահե Հովհաննիսյանի կողմից նշված արտահանման կտրուկ աճը վերաբերում է մեկ տարի առաջ՝ 2023թ. հոկտեմբերից ի հայտ եկած բարենպաստ նոր արտածին գործոնին՝ Ռուսաստանից ոսկերչական արտադրատեսակների վերաարտահանմանը (հիմնականում ԱՄԷ)։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն Ռուսաստանից վերաարտահանման նպատակով ներմուծված ոսկերչական արտադրատեսակները Հայաստանում անցնում են որոշակի վերամշակում, և արդյունքում, բացի արտաքին առևտրաշրջանառությունից, աճում է նաև մշակող արդյունաբերության ավելացված արժեքը։ Հենց դրա շնորհիվ 2023թ.-ի վերջին և 2024թ.-ի առաջին ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կտրուկ աճեց, ինչն իր հերթին «ծածկեց» մյուս գործոնների ազդեցության թուլացումը։ Սակայն այս դրական դինամիկան էլ երկար կյանք չունեցավ, ու արդեն ապրիլ ամսից սկսեց կտրուկ թուլանալ:Ապրիլ ամսից ի վեր արձանագրվում է մշակող արդյունաբերության աճի կտրուկ դանդաղում, ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ ամիս արձանագրվում է մշակող արդյունաբերության կուտակային ՏԱՑ-ի՝ նախորդ ամսվա ցուցանիշից զգալիորեն ավելի ցածր մակարդակ։ Թերևս, այդ է, եթե ոչ միակ, ապա գոնե հիմնական պատճառներից մեկը, որ վերջերս 2024 թվականի երկրորդ եռամսյակի ՀՆԱ-ի կազմման հետ միաժամանակ նվազման ուղղությամբ վերանայվեցին ՀՀ տնտեսական աճի 2023թ. տարեկան և 2024թ. առաջին եռամսյակի պաշտոնական տվյալները։ 2023թ. տարեկան ցուցանիշը նվազեցվեց 0.4 տոկոսային կետով (դառնալով 8.3%), իսկ 2024թ. առաջին եռամսյակինը՝ միանգամից 2.6 տոկոսային կետով (դառնալով 6.6%)։

«Դե մենք ունեինք…, բոլորին հայտնի է արդեն, որ ոսկու վերաարտահանում ունեինք, որը գնալով իջնում է և հավանաբար դեպի տարվա վերջ արդեն չի լինի։ Վերաարտահանման ծավալները բավականին նվազել են: … Դա կապված է Ռուսաստանի Դաշնությունում արտահանման տուրքի վերացման հետ, և կարծում ենք, որ արդեն այդ վերաարտահանումները այլևս չեն լինի այդ մակարդակում»,- իր հարցազրույցում նշում է Վահե Հովհաննիսյանը։

Միաժամանակ մի քանի ամիս շարունակ անկում է գրանցվում Հայաստանի տնտեսության համար ավանդաբար հիմնարար նշանակություն ունեցող այնպիսի ենթաճյուղերում, ինչպիսիք են՝ սննդամթերքի, հագուստի, քիմիական նյութերի և արտադրատեսակների արտադրությունը և այլն։ Հենց այս ոլորտների ու ընդհանուր արդյունաբերության կառուցվածքի վատթարացումն էր «քողարկել» ոսկերչական արտադրատեսակների արտադրության աճը, որն այնքան մեծ է եղել, որ, չնայած հիշյալ ենթաճյուղերի անկմանը, ընդհանուր արդյունաբերության գծով, միևնույն է գրանցվել է բավական «տպավորիչ» աճ։

Ստացվում է, որ ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ևեթ ՀՀ տնտեսությունում, արտածին գործոնների ազդեցությամբ տեղի ունեցող «դեֆորմացիան» վերջին ամիսներին ավելի է խորացել՝ պայմանավորված ոսկերչական գործունեության ենթաճյուղի զարգացումներով, և քանի որ նշված արտածին գործոններն արդեն իսկ չեզոքանում են, մոտ ապագայում Հայաստանի տնտեսությունն անխուսափելիորեն կբախվի լրջագույն խնդիրների հետ։

Արդեն 2024թ. հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) շարունակել է դանդաղել՝ այս անգամ՝ նախորդ ամսվա մեծության համեմատ 0.8 տոկոսային կետով, սակայն դեռևս մնում է համեմատաբար բարձր՝ 6.2%, ու գրեթե վստահորեն կարելի է պնդել, որ այս տարի չի հաջողվի «խոցել» 2024թ. պետական բյուջեի մասին օրենքով 7% տնտեսական աճի թիրախը, որի անիրատեսականության մասին ժամանակին բազմիցս խոսվել է։ Այդ մասին բարձրաձայնել է նաև ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ 2024թ. 8 ամիսների զարգացումների հիման վրա կարելի է ակնկալել, որ «տարեկան տնտեսական աճը կլինի 6%-ի շրջանակներում»։

Ֆինանսների նախարարության մակարդակով, իհարկե ոչ ուղիղ խոսքով, բայց այնուամենայնիվ ընդունեցին, որ վերաարտահանման դրական գործոնը փաստորեն ժամանակավոր երևույթ էր։ Եվ անկեղծության համար պետք է ասել, որ ՀՀ իշխանությունը քայլեր չի ձեռնարկել հետագայի համար ստեղծված բարենպաստ պայմաններում նոր մեխանիզմներ ու լուծումներ գործարկելու՝ դրական դինամիկան երկարաժամկետ պահելու կամ առնվազն վիզուալ բարձր տնտեսական աճի ցուցանիշ հանրությանը հրամցնելու համար։ Տնտեսության այս և մյուս ոլորտների դեպքում դրական, բայց ժամանակավոր արտածին գործոններն ինքնահոսին թողնելու և վերջիններս տնտեսական հետագա նոր հնարավորությունների չվերածելու այս գործելաոճը շարունակելու պարագայում, ոչ միայն այս տարվա կտրվածքով հնարավոր չի լինի հասնել 7% տնտեսական աճի թիրախին, այլև երկարաժամկետ կտրվածքով ի հայտ կգան բազմաթիվ լրջագույն խնդիրներ, որոնք մեծ խոցելիություն կստեղծեն պետության կայունության համար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *