«Ասում են՝ քաղաքականությամբ չենք զբաղվում, բայց մասնակցում են այն միջոցառումներին, որոնք կազմակերպում է քաղաքական իշխանությունը: Այսօր մշակույթի ոլորտը ֆինանսավորվում է շատ բրգաձև՝ կա որոշում կայացնող մարմինը՝ կառավարությունը, որտեղից արդեն՝ մարզպետարաններով, քաղաքապետարաններով և այլն, բաշխվում են ֆինանսական միջոցները, այնտեղից հրահանգավորվում են հովանավորները, այսինքն՝ մշակութային կոչվող կյանքը, որ իբրև թե ակտիվ է, ակտիվ է ոչ թե բնականորեն, այլ՝ քաղաքական որոշման արդյունքում: Այնպես որ, այն մարդիկ, որոնք գնում և երգում են, իրենց պատկերացմամբ, ապաքաղաքական միջոցառման ժամանակ, իրենք մասնակցում են քաղաքական որոշման արդյունք հանդիսացող միջոցառման»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանը:
Ըստ նրա՝ մշակութային միջոցառումներ կազմակերպելով՝ քաղաքական իշխանությունը փորձում է ծածկել այն ամենը, ինչ կատարվում է իրականում, բայց ըստ նրա՝ հնարավոր չէ ծածկել թարախապատ վերքը. «Եթե այդ վերքը չես բուժել, դա քեզ մի օր սպանելու է: Այսօր արվում է այն, ինչ հեշտ է, որևէ դժվար բան այսօր չի արվում: Իսկ արվեստ ստեղծողը պետք է դժվար գործ անի, տեսնի մի քանի շերտի տակ թաքնվածը, ոչ թե հակառակը՝ վերցնի վերևում տարածված փրփուրն ու շաղ տա: Այն մարդը, որն իրեն դիրքավորել է՝ որպես արվեստի ներկայացուցիչ, չէ՞ որ մի հոգի է, որը որպես մի հոգի է ստեղծում ինչ-որ բան, ինքը երգչախմբի անդամ չէ: Երբ մարդը, որը հանդես է գալիս իր սեփական ձայնով, սոլիստ է, ասում է՝ ես ստեղծում եմ արվեստ, չի ասում՝ մենք, եթե ասի՝ մենք, դա նորմալ է, կասի՝ ես այսինչ քաղաքական թիմից եմ: Եթե տեսնում եմ մարդ, որը գնում է ավագանու ընտրությունների և առաջադրվում որպես «Իմ քայլ»-ի թեկնածու, ես իրեն ավելի շատ կարող եմ հասկանալ, որովհետև ինքն ասում է՝ «ես» «մենք» ենք, և այդ «մենք»-ն այսօր այն «մենք»-ն է, որը վերցրել է քաղաքական պատասխանատվություն վերջին տարիներին կատարվողի համար, և ստորագրում է դրա տակ»:
Լիլիթ Բլեյանի խոսքով՝ մշակույթի և արվեստի այն ներկայացուցիչները, որոնք մասնակցում են քաղաքական միջոցառումների, օրինակ՝ իշխանությունների կողմից կազմակերպվող փառատոների, խնդիր չեն տեսնում նրա մեջ, որ նույն իշխանությունները երկիրն այս վիճակին են հասցրել. «Գնում են՝ ձեռք են սեղմում, իրենց մոտ չկա դիսկոմֆորտ, չեն տեսնում խնդիր նրանում, որ այդ մարդը 2018-ից իշխանության է, 2020թ. այդ մարդն ու իր թիմը մեզ հասցրել ենք պատերազմի, 2021-ին շարունակել է խորացնել այդ ամենը, 2023 թվականին այդ թիմի քաղաքականության և գուցե կանխամտածված քայլերի հետևանքով մենք կորցրել ենք Արցախը, որը պատմության ընթացքում առաջին անգամ հայաթափվել է, և ստացվում է, որ իրենց համար նորմալ է, որ այդ մարդիկ շարունակեն լինել իշխանության: Եթե դա նորմալ է իրենց համար, ինքն այլևս «ես» չի՝ «մենք» է, այդ «մենք»-ի մի մասն է, և եթե այդպես է, ես կարող եմ ենթադրել, որ իրենց հետ կարող եմ հարաբերվել՝ որպես այդ քաղաքական թիմի համակիրների: Չեմ պատկերացնում, որ մարդը մտահոգ լինի երկրում առկա իրավիճակով և նորմալ վերաբերվի նրան, որ այս քաղաքական թիմն իշխանության է»:
Նա նկատեց՝ հասարակությանը թույլ չեն տալիս ցավը վերապրել՝ անընդհատ շեղում են. «Մենք արժանի չէինք սրան, չեմ ուզում մտածել, որ արժանի էինք: Հասարակությունը բազմաշերտ է, այլ հարց է, որ մեր հասարակությունը վատ ուսումնասիրված է, և անկախության տարիները չօգտագործվեցին նրա համար, որպեսզի մեր հասարակությունը մենք վերափոխեինք: Ի վերջո, մենք կառուցեցինք նոր երկիր, և մեզ պետք էր նոր մտածողություն. Այդ ամենը շատ մակերեսային արվեց: Բայց ասել, որ ինքը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին.- Ռ.Մ.) օգտագործեց՝ ինքը օգտագործեց, և շարունակելու է օգտագործել այն ամենը, ինչ ընկնում է ձեռքի տակ: Նա անելու է դա: Ինքը ցանկացած բան օգտագործելու է, որովհետև իրենք չունեն արգելող գծեր, չունեն ամոթ: Ես միշտ մտածում եմ, որ իրենց դեմ պայքարը շատ դժվար է, որովհետև պետք է նույնքան չունենալ ամոթ: Դա շատ բարդ է: Նա հասկանում է՝ ինչ է արել այս երկրի հետ, Արցախի հետ, մեր հասարակության, մեր ապագայի հանդեպ, ինքն այդ ամենը հասկանում է ու դրա համար այնպիսի սահման է անցել, որ որևէ բանից չի խորշելու: Դա պետք է հաշվի առնել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում