«Ռուսաստանը մտածում է, որ այս պահի դրությամբ կրկին պետք է սիրաշահեն թուրք-ադրբեջանական տանդեմին, ինչպես արեցին 1921 թվականին՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերով, մեր հաշվին լավամարդ եղան թուրքերի և ադրբեջանցիների հետ: Հիմա էլ իրենց կարճ խելքով մտածում են, որ կարող են «Զանգեզուրի միջանցքն» իրենց վերահսկողության տակ վերցնել և գոնե այդպես վերահսկելի դարձնել՝ չհասկանալով, որ «զանգեզուրյան միջանցքի» շահառուները՝ Արևմուտքը և Թուրքիան, ընդամենը 10 օրվա մեջ ռուսներին դուրս կշպրտեն «Զանգեզուրի միջանցքից», եթե հանկարծ այն բացվի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Տգետ ռուսները, չհասկանալով, թե ինչպես նույն Արևմուտքն իրենց թիկունքում Նիկոլի հետ միասին Արցախը հանձնեց Ադրբեջանին և հետո իրենց մեղադրեց անգործության համար, վաղը-մյուս օրը նույնը Նիկոլն անելու է ռուսների գլխին, ասելու է՝ ուզեցին՝ տվեցինք, հիմա չեն կարողացել վերահսկել, թուրքերն են վերցրել»,- նկատեց նա:
Գագիկ Համբարյանի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցք»-ի շահառուներն են Արևմուտքը և Թուրքիան:
Օրերս ՌԴ դեսպանը կանչվել էր Իրանի ԱԳՆ, որտեղ նրան ասվել էր, որ Իրանը դեմ է կովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին: Մամուլում տեղեկություններ են տարածվել, թե Իրանի ԱԳՆ-ն Թեհրանում Ռուսաստանի դեսպանին կանչել է հանդիպման այն բանից հետո, երբ Մոսկվան վերջերս աջակցեց Հայաստանի տարածքով Բաքուն և Նախիջևանը կապող միջանցքին: Երեկ էլ Իրանի արտգործնախարարն Իքս-ի իր միկրոբլոգում գրել է, որ Հարևանների տարածքային ամբողջականությանը ցանկացած սպառնալիք կարմիր գիծ է Իրանի համար:«Իրանում շատ լավ հասկանում են, որ ինչպես ռուսներին բացահայտ փչացրեցին ամբողջ աշխարհի աչքի առաջ Արցախում, նույնը լինելու է «Զանգեզուրի միջանցք»-ում: Նիկոլը շատ պրոֆեսիոնալ կերպով այդ միջանցքը ռուսների ձեռքով է տալու թուրքին: Ինչպես ռուսների ձեռքով, փչացնելով ռուսներին, Արցախը տվեց Ադրբեջանին, ամեն ինչում ՌԴ-ին մեղադրեց, վաղը-մյուս օրն ասելու է՝ «Զանգեզուրի միջանցք»-ում ռուս սահմանապահներն էին կանգնած, ի՞նչ եղավ, որ այսպես եղավ, ռուսն է տալիս»,- ասաց Գագիկ Համբարյանը՝ նկատելով, որ Նիկոլ Փաշինյանին Իրանի ակտիվությունը բացարձակ ձեռնտու չէ:
«Իրանը պաշտպանում է իր շահերը, և ես չեմ բացառում, որ եթե ՌԴ անմիջական ակտիվ մասնակցությամբ հանկարծ այդ «զանգեզուրյան միջանցք»-ի ծրագիրն իրականացվի, Իրանը կարող է, ինչպես շատ դեպքերում են ասում, վերականգնել պատմական արդարությունը, որը, ըստ որոշ իրանցիների՝ խախտվել է 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով, երբ իրենք այս տարածքները զիջել են Ռուսաստանին… Չի բացառվում, որ Հայաստանը վերածվի հարավկովկասյան Սիրիայի»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում