Պաշտոնի հերթական չարաշահումն ու հերթական կոռուպցիոն գործարքը. ի՞նչ կապ ունի Կարեն Գիլոյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԿԳՄՍ փոխնախարար, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Գիլոյանի վստահված ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը պաշտոնի հերթական չարաշահումն է թույլ տվել։ Չարաշահման արդյունքում պետությանը զգալի ֆինանսական վնաս է հասցվել, բայց պակաս կարևոր չէ կոռուպցիոն գործարքը։

Բանն այն է, որ պետական նմուշի դիպլոմների տպագրությունը, ըստ աշխատանքային պայմանագրի և պաշտոնի գործառույթի, պետք է իրականացնի էլեկտրոնային կառավարման բաժնի ղեկավարը, տվյալ դեպքում՝ Լիդա Մեծոյանը։ Ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը, սակայն, տպագրությունը հանձնարարել է մագիստրատուրայի բաժնի ղեկավար Գայանե Թամրազյանին և միջազգային բաժնի ղեկավար Արմինե Սարգսյանին։ Չբավարարվելով անօրինական հրամանով՝ Տիգրան Սիմոնյանը կարգադրել է լրացուցիչ բյուջեի հաշվին վճարել վերը նշված աշխատակիցներին։

Բուհի ֆինանսական գծով պրոռեկտոր Վերանյանը, համաձայն չլինելով ռեկտորի ժ/պ Սիմոնյանի հետ, հրաժարվում է հանձնարարական իջեցնել, որից հետո աշխատանքից ազատման դիմում է գրում։ Վերանյանի ազատումից հետո Սիմոնյանն ինքն է հրաման իջեցնում կրկնակի վճարման համար, որը խոշոր չափերի է հասնում։

Արդյո՞ք պաշտոնի չարաշահումից, պետական բյուջեի անօրինական վատնումից բացի չկան ռիսկեր՝ պետական դիպլոմի անօրինական տպագրության և կոռուպցիոն այլ բնույթի: Գնդակն իրավապահ մարմինների դաշտում է. հերթական անգամ Գիլոյանը և իր անմիջական աջակցությունը ստացած Տիգրան Սիմոնյանը կմնան անպատի՞ժ, թե՞ ոչ։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանից մեկնաբանություն խնդրել, թե Տիգրան Սիմոնյանն արդյոք ունի փոխնախարարի հովանավորչությունը և տեղյակ է արդյոք ռեկտորի զեղծարարությունից, թե ոչ։

«Ես նրան չեմ հովանավորում, Տիգրան Սիմոնյանի ժ/պ թեկնածությունն առաջարկել եմ հոգաբարձուների խորհրդի ժամանակ՝ որպես ժամանակավոր լուծում։ Իմ և նրա հարաբերությունները զուտ գործնական բնույթի են, հովանավորչության մասին կասկածները տեղին չեն:

Ես տեղյակ չեմ դիպլոմների հետ կապված այդ փաստից, բայց պատրաստ եմ ձեր գրությունը ստանալուն պես՝ զբաղվել այդ հարցով, իսկ ձեր ներկայացրածն իրավապահների դաշտում է։ Ինքս նման տեղեկություն չունեմ, անակնկալ էր ինձ համար այն, ինչ պատմեցիք։ Գրեթե վստահ եմ, որ դա իրականությանը չի համապատասխանում, բայց պատրաստ եմ այդ հարցով զբաղվել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Կարեն Գիլոյանը։

Թեպետ փոխնախարարը համոզված էր, որ նման բան չի կարող լինել, այնուամենայնիվ «անակնկալի եկած»՝ պատրաստ է ճշտել տեղեկությունը, որը նրա մոտ կասկած առաջացրեց»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *