ՀՀ իշխանություններն արտաքին քաղաքական նոր «խաղ» են նախաձեռնել դեպի Ռուսաստան և Արևելք։ Դեռ հայտնի չէ, թե որքան հեռուն սա կգնա և ինչ նպատակով է արվում, այնուամենայնիվ, առաջին անգամը չէ, որ փաշինյանական արտաքին քաղաքականությունն այսուայնկողմ է անում՝ անկայուն գործընկերոջ տպավորություն թողնելով թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում, ինչպես նաև արժանանալով հայաստանյան արևմտամետների սուր քննադատությանը, իբրև թե ՌԴ «գիրկը» վերադառնալու փորձերի համար։
Իր վերջին ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անակնկալ կերպով հայտարարեց, թե ճիշտ չի համարում ՀՀ գործընկեր երկրի մասին սուր բառապաշարով խոսել, որովհետև ինքը պարզ, թափանցիկ խոսում է ՌԴ-ի հետ ՀՀ հաղորդակցության մասին։
«Ես շփվում եմ ՌԴ նախագահի հետ, ես շփվում եմ ՌԴ կառավարության ղեկավարի հետ, և մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է։ Ես չեմ ընդունում այդ բառապաշարը, որովհետև դա ճիշտ բառապաշար չէ, դա պետական բառապաշար չէ, դա ինքնիշխան պետության բառապաշար չէ։ Չի կարելի խոսել այլ երկրների մասին վիրավորանքի, հեգնանքի լեզվով, մանավանդ՝ ՌԴ-ի նման երկրի մասին։ Կարելի է ունենալ խնդիրներ, դրանց մասին պետք է խոսել, բարձրաձայնել, բայց նման բառապաշարով խոսել որևէ երկրի հետ, դա արդեն ի բնե սխալ է։ Եթե մենք այդ սխալները գործել ենք, պետք է դրանք ուղղենք ոչ թե ուրիշների, այլ մեզ համար։ Պետությունն այլ մտածողություն է, այլ ընկալում է, մտածողության բոլորովին այլ հարթություն է»,- ասել էր Փաշինյանը՝ կարծես խոստովանելով, թե նախկինում սխալ են արել, երբ սուր քննադատության են ենթարկել Ռուսաստանին։
Թեև նույն այդ ասուլիսի ընթացքում Փաշինյանը շարունակեց այն թեման, որ Երևանին ու Բաքվին միջնորդներ հարկավոր չեն, առավել ևս՝ միջնորդ, որի ԱԳ նախարար Լավրովը ոչ արդարացիորեն մեղադրում է Երևանին պայմանավորվածություններ սաբոտաժ անելու մեջ, չհիշելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մնացած կետերի և պարտավորությունների մասին։
Սրան հաջորդեց այն, որ ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարեց, որ ՀՀ-ն մասնակցելու է ԱՊՀ ոչ պաշտոնական և ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովներին, ինչը մեծ աղմուկ ու ուշադրություն սևեռեց այս թեմայի ուղղությամբ, քանի որ տևական ժամանակ է, ինչ ՀՀ իշխանությունները բոյկոտում են, խուսափում բոլոր այն կազմակերպություններից, որոնց կազմում աշխատում են Ռուսաստանի հետ, բացառությամբ ԵԱՏՄ ձևաչափում աշխատանքներին։ Այսօր էլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանն «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Հայաստանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին կմասնակցի Փաշինյանի մակարդակով։
Նշենք, որ BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա) ամենամյա գագաթնաժողովն անցկացվելու է հոկտեմբերի 22-24-ը Կազանում, որին մասնակցելու են վերջերս կազմակերպության անդամակցության հայտ ներկայացրած Թուրքիան և Ադրբեջանը՝ Էրդողանի և Ալիևի մակարդակներով։ Ի դեպ, օրերս էլ կայացած ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ Զախարովան ասաց, որ ակնկալում են ՀՀ ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին, քանի որ ՀՀ-ն մնում է կազմակերպության լիիրավ անդամ։
Նախօրեին մեկ այլ հետաքրքրական լուր հայտնվեց մամուլում՝ Հայաստանը հետ է կանչել իր ստորագրությունը Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հռչակագրից՝ Հռոմի Ստատուտից, որը սատարում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հրամանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «ձերբակալման» վերաբերյալ, որի մասին են վկայում ԵԽ կայքում հրապարակված փաստաթղթի վերջնական տարբերակի տվյալները։ Նշենք, որ հռչակագրին աջակցել են Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Ուկրաինան և Մոլդովան, Միացյալ Նահանգները, Կանադան, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Վրաստանը և մի շարք այլ երկրներ։ Բացակայում է Երևանի ստորագրությունը, որը եղել է փաստաթղթի նախագծում։
Վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին 168.am–ի հետ զրույցում ասաց, որ այս քայլերում որոշակի տրամաբանություն և հակվածություն կա դեպի Ռուսաստան, սակայն սրանք շատ փոքր ու ոչ բավարար են՝ գնահատելու համար Հայաստանի բռնած արևմտյան կուրսի փոփոխությունը։
Նրա կարծիքով և տպավորությամբ՝ ՀՀ իշխանությունները չեն հրաժարվելու Արևմուտքին և ԵՄ-ին ինտեգրվելու քաղաքականությունից, քանի որ նույնիսկ այս փուլում Ռուսաստանից ինչ-ինչ ակնկալիքների պարագայում՝ այդ ակնկալիքները չեն բավարարվելու։
«Թերևս, ամենալավը ՀՀ իշխանությունները կիմանան, թե ինչու են նման քայլեր արվում, ինչ բնույթի բանակցություններ են տեղի ունեցել վերջերս Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում, երբ ակնհայտորեն Ռուսաստանին հարկավոր է ՀՀ համաձայնությունը ՌԴ միջնորդության վերականգնման համար, որի փոխարեն գուցե Ռուսաստանն ինչ-որ բաներ է առաջարկում հայկական կողմին, և Հայաստանն էլ որոշակի ժեստերով փորձելու է սպասել այս կողմից որոշակի արդյունքների։ Այնպես չէ, որ Հայաստանը հիասթափվելու է Արևմուտքից, Արևմուտքն էական փոփոխություններ մտցրեց Հայաստանի նկատմամբ իր քաղաքականության հարցում, սակայն նման քայլերը, եթե այս ամենը չխորանա, կնկատվեն Արևմուտքում»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը՝ շարունակելով, որ գուցե էական ազդեցություն չլինի, սակայն կնկատեն։
Բնականաբար, նրա կարծիքով, քաղաքականությունը, այն էլ՝ արտաքին, պետք է կայունություն դրսևորի աշխարհաքաղաքական բևեռացման այս փուլում։
«Սակայն, բացի աշխարհաքաղաքականությունից, Հայաստանն ունի բազմաթիվ խնդիրներ, ուստի ՀՀ առանձնահատկությունները, աշխարհագրությունը, իրողությունները չեն կարող հաշվի չառնվել։ Պետք է արձանագրել, որ ՀՀ իշխանությունները փորձում էին ՀՀ-ն դուրս բերել ռուսական ազդեցության գոտուց, սակայն լիովին դա չէին արել, ինչը տևական աշխատանք է։ Հատկապես բարդ է, երբ տնտեսական առումով մեծ ակտիվություն ունի ՀՀ-ն ԵԱՏՄ-ում, և դա կախվածության որոշակի բաղադրիչ է իրենից ենթադրում։ Բարդ է նաև, երբ ռեգիոնի աշխարհաքաղաքականությունը կայուն չէ, Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությունն արևմտամետ հնարավոր չէ որակել, Իրանն ընդհանրապես հարաբերությունների բարդ պատմություն ունի Արևմուտքի հետ, ուստի ռեգիոնալ գործընթացներից հնարավոր չէ դուրս մնալ»,- նկատեց նա։
Ինչ վերաբերում է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, վերլուծաբանը չի բացառում, որ այնտեղ շփումներ կամ հանդիպումներ կազմակերպվեն Հայաստան-Ադրբեջան ձևաչափով ռուսական նախաձեռնությամբ։