Փաշինյանի վերջին ասուլիսից հետո հայ-ռուսական հարաբերություններում տեսանելի ձնհալ է։ Երկկողմանի մեղմացել է հռետորաբանությունը՝ նույնիսկ ամենաանսպասելի պաշտոյաների կողմից։ Զախարովան է հույս հայտնում, որ Երևանը կրկին հայացքը դեպի ՀԱՊԿ կհառի։ Մեր կողմից էլ հաստատվել է Փաշինյանի մասնակցությունը ԲՐԻԿՍ-ին, ԱՊՀ գագաթնաժողովին, ԱԺ-ում ԱՊՀ հետ փաստաթղթերում փոփոխություններ անելուն են դրական եզրակացություն տալիս… Մի խոսքով՝ վերամիավորումն ընթանում է ողջ ուժով։
Բայց ամենակարևորը։ Հայաստանը հետ է կանչել իր ստորագրությունը Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հռչակագրից, որը սատարում է Միջազգային քրեական դատարանի հրամանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «ձերբակալման» վերաբերյալ։ Համենայն դեպս, փաստաթղթի վերջնական տարբերակում Հայաստանի ստորագրությունն առկա չէ։ Հետո ԱԳՆ-ն մեկնաբանել է, թե իբր ի սկզբանե այն չի էլ եղել փաստաթղթի տակ։ Բայց սրանք չգիտեն, որ ամեն ինչ տեսանելի է ժամանակակից աշխարհում։ Ու այս ամենն անհիմն չէ։ ՔՊ-ի վերջին նիստերից մեկի ժամանակ, երբ քննարկվել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ըստ մամուլի տեղեկությունների՝ բացահայտ ասել են, որ Արևմուտքը մեզնից ձեռք է քաշել։ Ինչպես ասում են՝ արևմտյան նավերն էլի չկարողացան բարձրանալ մեր լեռները։