Բաքուն հակադարձում է Փաշինյանին

Երևանում ընթացող «Երևանյան երկխոսություն» համաժողովի բացման ընթացքում Նիկոլ Փաշինյանի ելույթը Բաքվում արագ ու դաժան արձագանքի է արժանացրել։

Փաշինյանն ասել է, որ «Առաջարկում ենք առաջիկա հնարավոր ժամկետում Խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը ստորագրել»՝ փաստելով, թե ունենք էական տեղաշարժ Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատման հարցում ու նշել, որ «խաղաղության» համաձայնագրի տեքստում կետ կա դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։

Նա նաև ասել էր, որ ՀՀ-ն պատրաստ է Նախիջևանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցային կապ տրամադրել, բայց «ոչ բոլորն են հակված օգտվել այս հնարավորությունից»՝ ակնարկելով, թերևս Ռուսաստանին և Իրանին։ Նա հիշատակել էր նաև Բաքվում գտնվող հայ ռազմագերիներին, պնդել, որ Հայաստանը պարտք ու պահանջ չունի Ադրբեջանի սահմանադրությունից, որում ուղիղ զավթողական պնդումներ կան ՀՀ հանդեպ։ Ու եթե ամփոփենք նրա ելույթը, ապա կարճ ասում էր, թե մենք ամեն ինչի պատրաստ ենք, միայն թե թուղթը ստորագրենք։

Րոպեներ անց Բաքում իր ԱԳՆ-ի հայտարարությամբ արձագանքել էր Փաշինյանի ելույթին, ասելով, թե «Զանգեզուրի միջանցքում» պահնորդական ընկերության առկայությունն առհասարակ իր հետ չի քննարկվել։ «Երբեք չենք քննարկել մեր տարածքի գործընթացներին 3-րդ կողմի մասնակցությունը»։ Ադրբեջանի ԱԳՆ–ն նաև ասել է, որ ոչ մի պարտավորություն չունեն ազատ արձակելու օկուպացված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, որ մերժում է առանց չհամաձայնեցված կետերի խաղաղության պայմանագիր կնքելու ՀՀ առաջարկը։

Եվ ամենադաժանն այն է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն Փաշինյանին մեղադրել է Հայաստանի բնակչությանը ապակողմնորոշելու մեջ՝ «Փաշինյանի հայտարարությունները և՛ «խաղաղության համաձայնագրի» նախագծի, և՛ ընդհանրապես նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը»։

Ուղղակի սարսափելի է գիտակցելը, որ մեր երկիրը ներկայացնող անձը խաղաղության մուրացիկ է, որի ամեն մի խնդրագրի պատասխանում են ապտակով։

Թեման նաև բուռն քննարկվել է Հայաստանի տարբեր շրջանակների կողմից։ Ընդդիմությունը կարծում է, որ Փաշինյանը, այս անգամ հանրային տարբերակով Ադրբեջանին պարզ գործարք է առաջարկել, որից Բաքուն հրաժարվել է կամ ավելի բարձր գին պահանջել։ Իհարկե, այս տեսակետն ապրելու իրավունք ունի, մանավանդ նկատի ունենալով այն, որ Ադրբեջանը արդեն մեկ անգամ չէ, որ մերժել է Հայաստանի «կիսատ-պրատ» փաստաթուղթ ստորագրելու առաջարկը։

Դրան զուգահեռ՝ ընդդիմությունը շարունակում է տարակուսել, թե ինչո՞ւ է ընդդիմադիրներին արգելվել ծանոթանալ խաղաղության պայմանագրի բովանդակությանը։ Ու սա այն դեպքում, երբ Արարատ Միրզոյանը հայտարարում է, թե մեծ անակնկալներ այդ տեքստում չեն լինելու։

Այս ֆոնին Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ասել է, թե «Հայաստանի սպառազինումն ապագայում կարող է վտանգի աղբյուր դառնալ ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար»։ Փաստացի, նաև այս եղանակով Ադրբեջանը թեժացնում է թեման՝ Հայաստանն ապառազմականացնելու համար, իսկ ավելի վատ սցենարով՝ նաև պատերազմով դրան պարտադրելուն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *