Ռեգիոնալ ճանապարհների հարցը՝ Գալուզին-Քըլըչ-Բայրամով-Օվերչուկ-Փաշինյան շփումների օրակարգում․ ի՞նչ հարցեր են քննարկվում

Մինչ ՀՀ իշխանությունները լծվել են շուրջ չորս տարի առաջ Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ստորագրած եռակողմ նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստի 9-րդ կետի մեկնաբանությանը, ուշագրավ շփումներ ու հանդիպումներ են տեղի ունենում գործընթացի շուրջ։

Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ՌԴ-ում հանդիպել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ, հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հասնելու ուղիները։

«Կայացել է մտքերի հանգամանալից փոխանակում Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հասնելու ուղիների վերաբերյալ: Փոխադարձ շահագրգռվածություն է արտահայտվել երկու երկրների մոտեցումների սերտ համակարգման հարցում, այդ թվում՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային ծրագրի շրջանակներում»,- ասված էր ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Սրան հաջորդեց Քըլըչի այցը Բաքու, Գալուզինի այցը՝ Երևան։ Ադրբեջանում գտնվող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը նախօրեին հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին։ Ըստ ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության՝ Բայրամովն ու Քըլըչը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր:

Բայրամովը, հաղորդագրության համաձայն, մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Նա հայտարարել է, թե խաղաղ գործընթացի առջև դեռևս մնում են մարտահրավերներ, «այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ շարունակվող հավակնությունները  Հայաստանի Սահմանադրությունում, երրորդ երկրների քայլերը, որոնք նպաստում են Հայաստանի ռազմականացմանը և սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը»:

Իսկ նախօրեին ՀՀ էին ժամանել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ու ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: «Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող թեմաների»,- նման կարճ հաղորդագրություն էր տարածել հայկական կողմը։

ՌԴ կառավարությունն այս հանդիպման վերաբերյալ ավելի բովանդակային հաղորդագրություն է տարածել։ Ըստ տվյալ հաղորդագրության՝ Երևանում Ալեքսեյ Օվերչուկին ընդունել է Նիկոլ Փաշինյանը, ում հետ քննարկել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև երկկողմ ձևաչափով համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության ձևաչափով փոխգործակցության հարցեր:

«Շարունակելով այցը՝ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հետ։

Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների համապատասխան կառույցների, նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Բանակցությունների ընթացքում Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը ներկայումս դինամիկ և հաջող է ընթանում տնտեսության բոլոր ոլորտներում»,- ասված էր ռուսական պաշտոնական տեքստում։

Կողմերը քննարկել են արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի, ֆինանսների և ներդրումների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացիկ հարցերը։ Միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել համագործակցության հումանիտար ոլորտին։ Եվ ուշագրավն այն է, որ որևէ խոսք չկա ռեգիոնալ կապուղիների ապաշրջափակման թեմային, որն ակտիվորեն ծավալվում է ու թեժ տարաձայնությունների առարկա է վերջին օրերին։

Ակնհայտորեն հարցը քննարկվել է, սակայն տեղ չի գտել նաև ռուսական հաղորդագրությունում։ Եվ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Օվերչուկն ու Գրիգորյանը ռեգիոնալ հաղորդակցական ուղիների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի անդամներն են։ Այս խմբի աշխատանքը չշարունակելու համար ևս Մոսկվան մեղադրում է Երևանին։

Ավելի լայն իմաստով, հետաքրքիր պատկեր է ստացվում՝ ռուս-թուրքական բանակցություններից հետո Գալուզինը ժամանում է Երևան, թեև հարկ է նաև նշել, որ վերջինս Երևանում հանդիպում չի ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, իսկ Քըլըչը մեկնում է Բաքու։ Ռեգիոնալ մակարդակում ակտիվ բանակցություններին զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հանրային վերջին ելույթներից, Ադրբեջանի ԱԳ նախարարության պահանջներից հասկանալի է դառնում, որ այս փուլում Ադրբեջանը, Ռուսաստանը ՀՀ իշխանություններից ակնկալում են հստակություն ռեգիոնալ կապուղիների բացման հարցում՝ հիմնվելով հայկական կողմի՝ 2020 թվականի ստորագրության վրա։

Ըստ նրա, հասկանալի է դառնում նաև այն, որ ՀՀ իշխանությունները չեն ցանկանում այդ օրակարգով առաջ շարժվել՝ ցանկանալով հնարավորինս պակասեցնել ռուսական մասնակցությունը թե միջնորդության, թե հետագա պայմանավորվածություններում ՌԴ ներկայության հարցում։

«Կարծում եմ՝ հիմնական քննարկումները հենց այս հարցի շուրջ են ընթանում։ Գալուզին-Թուրքիայի ներկայացուցիչ հանդիպմանը ևս, կարծում եմ, քննարկվել է՝ ինչպես իրավիճակի ողջ փաթեթը, այնպես էլ՝ ռուսական տեսլականը։ Ընդհանուր առմամբ, հաղորդագրությունում պարզ ձևակերպված էր, որ կողմերը հետաքրքրված են այս հարցում սերտ համագործակցել և քննարկել մոտեցումները։ Թուրքիան բանակցությունների միջնորդ չէ, սակայն էական ներկայություն և մասնակցություն ունի ռեգիոնալ գործընթացներին, դրանցից անմասն չէ, ինչպես նաև Թուրքիան այն երկիրն է, որի հետ ՀՀ-ն ձգտում է հարաբերություններ կարգավորել, ուստի սա քաղաքականություն է, որևէ տարօրինակ բան չկա։ Ուստի կարելի է ասել, որ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան-ՀՀ քննարկումները տեղի են ունենում ճանապարհների և կարգավորման հնարավորությունների շուրջ։

Ինչպես գիտենք, Իրանը ևս անհանգստացած է ռեգիոնալ կապուղիների զարգացման հեռանկարով, եղել են ռուս-իրանական բազմաթիվ շփումներ այս առումով։ Ուստի, կարծում եմ, հասունացել է այն պահը, որպեսզի հարցը քննարկվի նաև «3+3»-ի շրջանակում, քանի որ դրանում ներգրավված բոլոր երկրներն ակտիվորեն դիրքորոշումներ են բանակցում միմյանց հետ այս հարցով»,- նկատեց ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Ըստ նրա, ամենայն հավանականությամբ առաջիկայում սպասվելիք այս հարթակի հանդիպմանը հենց այս հարցերը կքննարկվեն։

«Չի բացառվում, որ հենց այս հարթակի օրակարգն էլ որոշակիորեն համաձայնեցվում է այս շփումների ընթացքում»,- նկատեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *