Փաշինյան-Էրդողան նյույորքյան հանդիպումը և Էրդողանի գաղտնազերծումը, թե Փաշինյանը դիմել է Թուրքիային Երևան-Բաքու միջնորդության համար, շարունակում է լայնորեն քննարկվել հայկական մամուլում։Ուշագրավ դիտարկում է այս հանդիպման վերաբերյալ արել Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ահմեդ Էրոզանը՝ նշելով, թե երկկողմ հանդիպումների շարքում, որոնք Էրդողանն անցկացրել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առիթով, թերևս, ամենակարևորը Փաշինյանի հետ հանդիպումն է եղել։
«Չնայած հանդիպման մասին մանրամասներ չունենք, սակայն փաստը, որ այն տեղի է ունեցել, անչափ կարևոր է։ Թեև «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը հիմնարար է, սակայն ժամանակն է, որ Թուրքիան տարանջատի Հայաստանի հետ հարաբերություններն այլ պետությունների քաղաքականությունից և արագ կարգավորի սեփական հարաբերությունները Երևանի հետ։ Չի կարելի բաց թողնել Թուրքիային ձեռնտու ազդակը՝ ձեռնարկվելիք քայլերի առումով։ Ավելին, Ալիևը նույնիսկ իր մեջ համարձակություն է գտել պաշտոնապես մերժել Էրդողանին Ղարաբաղի հարցում»,- գրել է նախկին պատգամավորը։Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Թուրքիայում ամբողջ հասարակությունը չէ, որ աջակցում է իշխանության քաղաքականությանը, և դա ակնհայտ էր վերջերս անցկացված ընտրություններից։ Ուստի, նրա խոսքով, հասարակության ստվար զանգվածը նաև Էրդողանի արտաքին քաղաքականությանը չի աջակցում, հատկապես, երբ այն տապալել է իր գլխավոր կարգախոսները։Ինչ վերաբերում է հարավկովկասյան ուղղությամբ թուրքական քաղաքականությանը, ապա Նադեին-Ռաևսկին ասաց, որ Թուրքիայից ժամանակ առ ժամանակ հնչել են կարծիքներ, որ Ադրբեջանի հետ օրակարգը պետք է տարանջատել Հայաստանից և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները վարել Ադրբեջանի ազդեցությունից անկախ։
«Այս գիծը, այո, կա Թուրքիայում, սակայն ոչ իշխանական շրջանակների շարքում, քանի որ նրանք արմատական քաղաքականություն են վարում, միտք չունենալով տարանջատել Ադրբեջանի օրակարգը Թուրքիայի օրակարգից։ Սակայն վերջերս նկատվում է մի խնդիր, որ Ադրբեջանն է փորձում դիրքավորվել Թուրքիայի հետ հավասարը հավասարի դաշտում։ Սա դրսևորվում է, երբ Ադրբեջանը դժգոհում է այն հայտարարությունից, որն անում է Էրդողանը Ղարաբաղ մտնելու վերաբերյալ։ Ադրբեջանն այլևս չի ցանկանում, որպեսզի պատերազմում հաղթանակի օգուտները Թուրքիան համարի մեծապես իրենը՝ Հարավային Կովկասում հավելյալ հավակնություններ դրսևորելով։
Ավելին՝ Ադրբեջանն ավելի մեծ թափով է փորձում հայ-թուրքական օրակարգը կապել իր շահերին։ Թուրքիան կարող էր Հայաստանի միջոցով որոշ քայլեր անել, սակայն նման միտում չկա, դեռ ժեստեր անում է միայն հայկական կողմը, իսկ Թուրքիան է՛լ ավելի է մխրճվում հայ-ադրբեջանական բանակցային սեղան, այսինքն՝ զարգացումներն ընթանում են Թուրքիայի և Ադրբեջանի պատկերացումների և ոչ ՀՀ պատկերացումների համաձայն»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը՝ շարունակելով, որ Թուրքիան ոչ միայն անկախ քաղաքականություն չի վարի, այլև Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ իր համոզմունքներն ու պատկերացումներն ունի։
«Այսօր այդ պատկերացումները լիովին բավարարվում են, դրա մասին կարելի է իմանալ՝ կարդալով Էրդողանի հայտարարությունները, ում համար գոյություն ունի այս փուլում առանցքային կարևորության հարց՝ դա «Զանգեզուրի միջանցքի» հարցն է, քանի որ նրանք մշտապես համարել են, որ Հայաստանը խոչընդոտ է թյուրքական աշխարհի զարգացման և միմյանց միացման ճանապարհին, ուստի ՀՀ-ից Թուրքիայի գլխավոր ակնկալիքը թյուրքական կամ թուրանական երազանքի իրագործումն է։ Սա է»,- ասաց թուրքագետը։
Նա նշեց, որ ՀՀ-Ադրբեջան բանակցություններում միջնորդությունը Թուրքիայի ցանկություններից հերթականն է։
«Դա նաև Ադրբեջանի երկարամյա ցանկությունն է եղել, չեմ կարծում, թե այս հարցում Ադրբեջան-Թուրքիա տարաձայնություններ երբևէ լինեն, ու չեմ կարծում, որ Թուրքիան որևէ կետում ՀՀ շահերն առաջ մղի։ Թուրքիան, բնականաբար, միջնորդ չէ. Թուրքիան ռեգիոնալ հակամարտությունների մասնակից է»,- հստակեցրեց Ռաևսկին։