«Ֆրանսիայի նախագահ Մակրոնն է պաշտպանում Հայաստանի շահերը, ոչ թե Փաշինյանը: Սա արտառոց բան է: Հայաստանի վարչապետը ՄԱԿ-ի իր ելույթում չի պաշտպանում Հայաստանի շահերը, նրա փոխարեն Ֆրանսիայի նախագահ Մակրոնն է շատ ավելի խիստ խոսում՝ պաշտպանելով Հայաստանի շահերը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանն իրեն այնպես է պահում, ասես Ալիևը նրա ամենամտերիմ ու սիրելի ընկերն է, և չի ուզում նրան նեղացնել. «Դրան զուգահեռ, Ալիևը շատ խիստ ելույթ ունեցավ: Փաշինյանը չի հասկանում՝ ոնց պետք է երկիր ղեկավարի, ոնց պետք է ելույթ ունենա»:
Փաշինյան-Էրդողան հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել էր, թե Փաշինյանը ցանկանում է, որ Թուրքիան օժանդակի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը:
«Պատկերավոր ասած՝ սա նման է նրան, որ Փաշինյանը գայլին ոչխարների վրա պահակ է նշանակում: Էրդողանը մեր արյունարբու թշնամին է ոչ միայն 1915 թ. Ցեղասպանությունից ի վեր, այլև 2020թ. պատերազմին է մեծ մասնակցություն ունեցել թուրքական բանակը, և մինչև այսօր էլ: Էրդողանն ու Ալիևը դաշնակիցներ են, հետևաբար, ինչպե՞ս կարելի է Թուրքիային համարել միջնորդ և դուրս թողնել այլ միջնորդներին: Ադրբեջանից և Թուրքիայից բացի, որևէ այլ երկրի միջնորդությունը կարող է դրական լինել, քանի որ Փաշինյանը ղեկավարել չգիտի ու անընդհատ զիջումներ է անում, երրորդ կողմը գոնե կարող է տրամաբանական խոսք ասել և չթողնել, որ միակողմանի զիջում լինի: Երրորդ կողմի առկայությունը կարևոր է»,- նկատեց Հարութ Սասունյանը՝ նկատելով, որ միջնորդներն էլ չեն կարող ավելի հայասեր լինել, քան պետք է լինի Փաշինյանը, բայց գոնե փորձում են կանգնեցնել նրան:
Իսկ Փաշինյան-Էրդողան հանդիպման ժամանակ Փաշինյանի պահվածքն ու առհասարակ «Թուրքիայի տուն» գնալը նա համարում է երեխայական քայլ. «Փաշինյանը իրեն 5 տարեկան երեխայի նման է պահում: Պետք է հասկանա, որ չի կարելի ոխերիմ թշնամու կողքին այդպես պահել, պետք է առնվազն ավելի զուսպ պահել, ոչ թե այնպես, ասես՝ սիրահարն է կողքին կանգնած: Փաշինյանն այդքան էլ չի հասկանում, որ թե՛ Էրդողանն ու Ալիևը, թե՛ նրանց կանայք հայության ոխերիմ թշնամիներն են, չի՛ կարելի իրենց հետ վարվել այնպես, ինչպես այլ երկրների ղեկավարների հետ»:
Խոսելով Ադրբեջանի չդադարող պահանջների մասին, նա նկատեց, որ Փաշինյանը գիշեր-ցերեկ խաղաղություն է մուրում, բայց դրանից, Ադրբեջանի պահանջները չեն նվազում, միևնույն ժամանակ Ալիևը միլիարդներով ավելացնում է իր զինտեխնիկան. «Չեմ ուզում վատ բաներ ասել, տպավորություն է, որ իրականում Ալիևը նստել է Հայաստանի վարչապետի աթոռին, և ինքն է թելադրում Փաշինյանի քայլերը և որոշումները: Խաղաղությունն անկարելի է: Խաղաղության հասնելու համար երկու կողմերն էլ պետք է դա ցանկանան: Եթե մի կողմը խաղաղություն է ցանկանում, իսկ մյուս կողմը՝ ոչնչացնել, ապա անհնարին է այդպիսի խաղաղություն»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում