Հայաստանում հեղուկ գազը մեկ ամսում թանկացել է 54,3 տոկոսով

Հայաստանում հեղուկ գազը հուլիսին հունիսի համեմատ թանկացել է 54,3 տոկոսով: Այս մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի այսօր հրապարակած «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում» 2024 թ. հունվար–հուլիսի հրապարակման մեջ։Նշենք, որ հեղուկ գազի գինը երկու ամսվա ընթացքում 100 դրամից բարձրացել է՝ դառնալով 230 դրամ:

Եթե համեմատենք 2023 թ. դեկտեմբերի հետ, ապա ՀՀ–ում հեղուկ գազը մոտ 20 տոկոսով էժանացել է։ Ի դեպ, էժանացումը սկսվել է 2024 թվականի հունվարից։

Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը ասել էր, որ հեղուկ գազը կարող էր թանկանալ այն պատճառով, որ խոշոր ներկրողները շուկայից դուրս են մղել փոքրերին և հիմա թելադրում են գները։ Ավելի ուշ ՀՀ մրցակցության պետական հանձնաժողովը հերքեց այդ պնդումը՝ տեղեկացնելով, որ հուլիսին հեղուկ գազի ներկրումը շարունակել են իրականացնել մոտ 100 ընկերություն, որոնցից նույնիսկ ամենախոշորի մասնաբաժինը շուկայում չի գերազանցում 10 %–ը, այսինքն՝ չէր կարող էականորեն ազդել շուկայի վրա։

Հանձնաժողովի հայտարարության համաձայն՝ հեղուկ գազի գինը փոխվել է Հայաստանի սահմաններից դուրս, մասնավորապես՝ Ռուսաստանում։ Նշենք, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքահումքային բորսայի տվյալների համաձայն` ՌԴ–ում իսկապես հեղուկ գազի գինը բարձրացել է։
Հուլիսի կեսերին Ռուսաստանում հեղուկացված ածխաջրածինների գները 2023 թ. նոյեմբերից ի վեր հասել են առավելագույնին։ Ռուս վերլուծաբանները գների աճը բացատրում են սեզոնային պահանջարկի աճով։ Միևնույն ժամանակ, եթե ՌԴ կառավարությունը բենզինի նկատմամբ կիրառում է գների զսպման միջոցներ, օրինակ` արտահանման արգելք, ապա հեղուկ գազի համար նման միջոցներ չեն կիրառվում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *