Այս ամենը շատ վտանգավոր է. ՀՀ իշխանությունը չի որոշում՝ մասնակցե՞լ ՀԱՊԿ զորավարժություններին, թե՞ ոչ». Արման Աբովյան

Օգոստոսի 6-ից ՌԴ Կուրսկի շրջանում Ռուսաստանի և Ուկրաինայի զինված ուժերի հետ մարտեր են ընթանում։ Հայտարարվել է արտակարգ իրավիճակ և հակաահաբեկչական բնույթի գործողություն։ Ռուսական կողմի տվյալներով՝ օգոստոսի 12-ի դրությամբ ուկրաինական բանակը Կուրսկի շրջանում վերահսկողության տակ է վերցրել 28 բնակավայր, որոնցում մնացել է մոտ 2 հազար մարդ, տարհանվել՝ 121.000 բնակիչ։

Ի՞նչ զարգացում կարող է ունենալ այս իրավիճակը, հնարավո՞ր է՝ հակամարտությունը ՌԴ տարածքում այլ տարածքներ ևս ընդգրկի։

168.amի հետ զրույցում վերլուծաբան Արման Աբովյանը խոսելով այս հարցերի շուրջ, նախ ասաց՝ Ուկրաինայի քայլը՝ կապված Ռուսաստանի տարածք մտնելու հետ, ռազմական և այլ առումներով անհեռանկարային է։

«ՌԴ տարածք ներխուժած ուկրաինական խմբավորումները ոչնչացվելու են։ Այլ խոսք, որ Ուկրաինան հայտնվել է խորագույն ճգնաժամի մեջ, քանի որ նրա հովանավորները՝ պայմանական Արևմուտքը, արդեն իսկ աստիճանաբար դուրս է գալիս ուղիղ բանակցությունների Ռուսաստանի հետ։ Պարզ է, որ Արևմուտքը Ռուսաստանի հետ բանակցությունները վարելիս հիմնական «քեյսը», ինչը զիջելու է՝ Ուկրաինայի տարածքն է։ Բացի դրանից, զգալի կրճատման միտում կա Ուկրաինային տրամադրվող գումարների և զենքի քանակի առումով, հենց այն կոնտեքստում, որի մասին արդեն ասացի»,- նշեց Արման Աբովյանը։

Ըստ վերլուծաբանի, այս համատեքստում Ուկրաինան բանակցությունների նախաշեմին դիրքերն ամրապնդելու համար ուներ նվազագույն որոշակի նպատակներ։

«Այս ամենը հիմնականում PR-ի հետ կապված գործողություններ են։ Այսինքն՝ Ուկրաինան ոչ թե իր գործողությունները տեղափոխել է Ռուսաստանի տարածք, այլ ավելի շատ ՌԴ տարածքում ռազմական գործողություններ ծավալելով (ընդ որում՝ կարծում եմ, որ կարճ ժամանակ հետո այդ գործողությունները դադարելու են)՝ փորձում է ցույց տալ, որ կենսունակ է։ Նվազագույնը փորձում է  պայքարի ինչ-որ նշույլներ ցույց տալ։

Այստեղ ավելի շատ սրա վրա է պետք ուշադրություն դարձնել, որ սա բնավ Ուկրաինա-Ռուսաստան խնդիր չէ, այստեղ նույն Արևմուտքի դիրքերն ամրապնդելու փորձ է ուկրաինացիների հաշվին։ Կլինե՞ն ՌԴ այլ տարածքների վրա  հարձակումներ, կարծում եմ՝ հնարավոր է, օրինակ, Բելգորոդի շրջանի վրա, բայց այս պարագայում, ինչպես արդեն ասացի, քայլն իր մեջ ներառում է PR կոմպոնենտ»,- հավելեց Արման Աբովյանը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ հերթական զորավարժություններին, որին Հայաստանը կրկին չի մասնակցում, Արման Աբովյանն ասաց՝ ներկայիս խառը տուրբուլենտային իրավիճակում, ՀՀ իշխանության փորձերը՝ մինչև վերջ սպասարկել Թուրքիայի և Ադրբեջանի շահերը՝ ի վնաս ՀՀ անվտանգային համակարգի, մտահոգիչ է։

«Այս ամենը շատ վտանգավոր է։ ՀՀ իշխանությունն իր գծի մեջ է և այստեղ իշխանությունը կամովի հրաժարվել է որոշումներ ընդունելու լեգիտիմությունից, այսինքն՝ իրենք չեն որոշում՝ մասնակցե՞լ ՀԱՊԿ զորավարժություններին, թե՞ ոչ։ Այն, ինչ ասում են ՀՀ իշխանություններին (ընդ որում՝ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային տարբեր կենտրոնները)՝ հիմնականում հակաեվրասիական ուղղվածության, այն էլ կատարում են»,- եզրափակեց Արման Աբովյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *