ԱՄՆ ներկայացուցչի՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում աշխատելու մասին տեղեկությունը հանրության որոշակի հատվածի և փորձագիտական, քաղաքական շրջանակների կողմից բուռն էր ընդունվել, հատկապես, երբ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հուլիսի 17-ին «Հետք»-ին տված հարցազրույցում հաստատել էր այն:«Ազատությանը» ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից էլ հուլիսի 22-ին հայտնել էին, որ ԱՄՆ «խորհրդատուն աշխատելու է Հայաստանում՝ «կանոնավոր աշխատանքային շփումներ ունենալով դեսպանության և Պաշտպանության նախարարության հետ», և, որ «խորհրդատվական աջակցության միջոցով Միացյալ Նահանգները մտադիր է աջակցել Հայաստանին՝ անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, որն էլ իր հերթին՝ կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»:
Իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունից ԱՄՆ բանակի ներկայացուցչի՝ ՊՆ-ում աշխատելուն առնչվող 168.am-ի հարցադրումներին ի պատասխան՝ նշել էին. «Զինված ուժերի բարեփոխումների գործընթացի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ից և այլ միջազգային գործընկերներից ստացել և ստանում է խորհրդատվական աջակցություն, որը կարող է կրել կարճաժամկետ կամ երկարաժամկետ բնույթ»:ՀՀ պաշտպանության նախարարությունը չէր մանրամասնել, թե ի՞նչ գործառույթ և ուղղություն է ենթադրում ԱՄՆ բանակի ներկայացուցչի աշխատանքը, երբվանի՞ց է ԱՄՆ ներկայացուցիչն աշխատելու Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում և որքա՞ն ժամանակով, գրավոր ի՞նչ փաստաթղթի հիման վրա է ԱՄՆ ներկայացուցիչն աշխատելու ՀՀ պաշտպանության նախարարությունում:«Ներկայացված այլ հարցադրումների վերաբերյալ ամերիկյան կողմն արդեն հանդես է եկել պարզաբանումներով»,- ասել էին ՊՆ-ից:
168.am-ն իր համապատասխան հոդվածում ներկայացնելով հայ-ամերիկյան, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության որոշ կարևոր փաստեր, նկատել էր՝ արդյո՞ք ՀՀ պաշտպանության նախարարությունում ԱՄՆ բանակի ներկայացուցչի առկայությունը զուտ քարոզչական բնույթ է կրելու՝ ցույց տալու, որ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ի հետ պաշտպանական համագործակցության հարթությունում հասել է ավելիին, քան նախկին իշխանությունները: Եվ այստեղ կանգ էինք առել՝ հետագային թողնելով կարևոր մի փաստ:
Բացի այն, որ ԱՄՆ դեսպանատունը նաև ռազմական կցորդ ունի Հայաստանում, գործում է նաև Պաշտպանության համագործակցության գրասենյակ (Offices of Defense Cooperation-ODC), որի ղեկավարումը վստահվում է զինվորականների: https://168.am/2024/08/14/2085190.html