«Բաքվում է պետք խոսել խնդրի մասին, նամակներով պետք է դիմել համաժողովին մասնակցող կազմակերպություններին». Արմեն Մանվելյան

Նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29-ին՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի 29-րդ համաժողովին, Հայաստանը պետք է մասնակցի և բարձրաձայնի բոլոր խնդիրների, մասնավորապես՝ հայ ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների՝ Բաքվում պատանդ պահելու հարցը։ 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց էներգետիկ ոլորտի փորձագետ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանը։Փորձագետը նշեց, որ, ցավոք, վստահ չէ, թե Հայաստանը պետական մակարդակով այդ խնդիրները կբարձրաձայնի, բայց մասնավոր հատվածը, քաղաքական կուսակցությունները կարող են և պարտավոր են բարձրաձայնել, քանի որ համաժողովին մասնակցելու են նաև նրանք։

«Հասարակական կազմակերպությունների և մեր սփյուռքի միջոցով պետք է մեծ արշավ սկսել, նամակներով պետք է զանգվածաբար ողողել, դիմել բոլոր այն կազմակերպություններին, հատկապես Արևմտյան պետությունները ներկայացնող, որոնք ասել են, որ այդ համաժողովին մասնակցելու են՝ շեշտելով, որ այն պահին, երբ նրանք Բաքվում ներկա են այդ համաժողովին, այնտեղ բանտերում կան հայ ռազմագերիներ ու պատանդներ։ Սա ամենակարևոր պայմանն է, որը պետք է անպայման անել, ու դա պետք է սկսել հենց այս պահից։

Հիմա շատերը կոչ են անում, որ չպետք է գնան, պետք է չմասնակցեն, բոյկոտեն և այլն, բայց կարծում եմ՝ կարևոր է գնալը, նույնիսկ հ/կ-ները, որոնք կմասնակցեն՝ անպայման պետք է բարձրաձայնեն մեր երկրին հուզող հարցերը»,- հավելեց Արմեն Մանվելյանը։Նա վստահ է՝ եթե, օրինակ, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցի համաժողովին ու այդ խնդիրների մասին չբարձրաձայնի, ևս մեկ անգամ կապացուցվի, որ ՀՀ օրվա իշխանությունը ծառայում է թուրք-ադրբեջանական շահին։

«Եթե պետական մակարդակով մասնակցեն համաժողովին ու այդ հարցերը չբարձրաձայնեն, թշնամու ջրաղացին ջուր կլցնեն, ու Ադրբեջանը ևս մեկ անգամ առիթ կունենա ասելու, որ հայկական կողմը եկել՝ մասնակցում է, իսկ գերիների հարց առհասարակ չկա։

Կրկնում եմ՝ մեզ հուզող հարցերը բարձրաձայնելու համար լավ առիթ ու հնարավորություն է, որպեսզի բոլոր երկրների պատվիրակություններն իրենց ելույթներում թեման շոշափեն»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ըստ Արմեն Մանվելյանի՝ այդ համաժողովից առաջ հայկական կողմը պետք է ողջ հայության ջանքերով արշավներ, ֆլեշ-մոբեր սկսի, ուղղված այն բանին, որ COP-29-ն անցկացվում է մի երկրում, որտեղ կան հայ պատանդներ, որոնք անհապաղ պետք է ազատ արձակվեն։

«Այդ հարցում պետք է ակտիվորեն ներգրավվեն սփյուռքի կառույցները։

Հիմա հասարակական մակարդակում որոշակի բաներ արվում են, սակայն դա այդքան տեսանելի չէ, հուսամ՝ առաջիկայում այնքան մեծ թափ կհավաքի, որ մեծ արագությամբ կտարածվի: Ամենաճիշտը հենց Բաքվում է պետք խոսել խնդրի մասին, հատկապես այն դեպքում, երբ վերջերս հայտնի դարձավ, որ 8 տասնյակից ավելի հայ մարդ համարվում է անհետ կորած, որովհետև Ադրբեջանը չի հաստատում, որ նրանք իր կողմից գերեվարվել են»,- եզրափակեց Արմեն Մանվելյանը։

Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն բաց նամակ էր հղել հայությանը, որտեղ անդրադարձել էր COP-29-ին՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի 29-րդ համաժողովին և համայն հայության անելիքներին։

Նա հայությանը կոչ էր արել մինչև նոյեմբեր մեդիաարշավ նախաձեռնել, որպեսզի Ադրբեջանը համաժողովին որևէ պահանջ չներկայացնի Հայաստանին, իսկ հայկական կողմին հաջողվի գերությունից ազատել Բաքվում բռնի պահվող հայերին, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Նա ասել էր, որ չպետք է թույլ տրվի, որպեսզի COP-29-ը Բաքվում տեղի ունենա հայ պատանդների առկայության պայմաններում՝ ընդգծելով, որ մինչև նոյեմբեր հայ ազգը պետք է համախմբվի ու մեդիաարշավ սկսի։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *