Ինչո՞ւ միայն ՊԵԿ-ը, երբ այս ամենի հետևում իշխանությունն է կանգնած

«Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ ՊԵԿ-ին մեղադրում է բիզնեսին ահաբեկելու մեջ։Անշուշտ, ողջունելի է, որ վերջապես բիզնեսի ներկայացուցիչներն արթնանում են ու համարձակվում խոսել երկրում գործարար ու ներդրումային միջավայրը ոչնչացնելու, իրականացվող հարկային տեռորի և ընդհանրապես հարկային անհեռանկար քաղաքականության մասին։ Բայց ինչո՞ւ, լինելով «Մանթաշյանց» գործարարների միության նախագահը, Վահրամ Միրաքյանն այդ ամենը ոչ թե միության, այլ իր անունից է ասում։ Թե՞ վախեցել են հարվածի տակ դնել միության անդամների բիզնեսները, առավել ևս՝ շարժել իշխանությունների զայրույթը։«Ժամանակին, երբ օրենքները գրվում էին միայն նրա համար, որ մարդիկ դրանք խախտեին, ու չինովնիկները շահույթ ստանային այդ խախտումից՝ ՊԵԿ-ը մի օրենք մշակեց, որ եթե բիզնեսը 4 միլիոն դրամից ավելի խախտում է անում, ապա ՊԵԿ-ը կարող է քրեական գործ բացել գործարարի վրա ու կալանավորել: Պատկերացնո՞ւմ եք աբսուրդը, բիզնեսը 10 միլիարդ դրամ շրջանառություն է անում, այդ թվերի մեջ 4 միլիոնի խախտում կարող է հաշվապահի փռշտոցից լինել, ու արդյունքում՝ տնօրենին կալանավորում են:

Հիմա երկրորդ ամենահետաքրքիր մասը՝ այդ խախտումը կարող է արձանագրվել զուտ հարկային տեսուչի կարծիքի հիման վրա ու հետո չեղարկվել, բայց կալանքն արդեն եղել է:

Ժամանակին մենք երկար պայքարեցինք, որ գործարարը քրեականի տակ ընկնի ոչ թե ֆիքսված, այլ շրջանառության որևէ տոկոսին համապատասխան թվի խախտման դեպքում: Ասենք՝ շրջանառության 10 տոկոսի, քանի որ, համաձայնեք, որ սխալ է 5 միլիարդ շրջանառության դեպքում 4 միլիոնի խախտումից կալանավորելը:

Շրջանառության տոկոսի հետ կապել չստացվեց, բայց 4 միլիոնը դարձրեցին 10 միլիոն, առանձնապես խոշոր չափերի խախտումն էլ՝ 20 միլիոն:

Հիմա այս չարաբաստիկ կետը քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածն է և նախատեսում է 4-8 տարվա ազատազրկում՝ 10, կամ առանձնապես խոշոր չափի՝ 20 միլիոն դրամ հարկ թաքցնելու դեպքում»,- գրել է «Մանթաշյանց» գործարարների միության նախագահը՝ մեղադրելով ՊԵԿ-ին։

Բայց ինչո՞ւ ՊԵԿ-ին և ոչ թե՝ իշխանությանը։ Կարծես օրենքը, որը թույլ է տվել քրեական գործ բացել ու կալանավորել գործարարին, ՊԵԿ-ն է ընդունել։

Գուցե և ՊԵԿ-ն է այն նախաձեռնել ու ներկայացրել, բայց իշխանությունն է ընդունել։

Նախաձեռնությունն անցել է կառավարությունով ու ստացել կառավարության համաձայնությունը, հետո գնացել է Ազգային ժողով ու ստացել քաղաքական մեծամասնության քվեն։ Հետո էլ օրենքը ստորագրել է քաղաքական իշխանության կողմից ընտրված նախագահը։ Ու եթե դրանում ինչ-որ բան այնպես չէ, ապա մեղավորը ոչ թե կամ ոչ այնքան ՊԵԿ-ն է, որքան ամբողջ իշխանությունը՝ սկսած ՊԵԿ-ից, վերջացրած նախագահով։

Բայց այս բոլորից «Մանթաշյանց» գործարարների միության նախագահը մեղադրում է միայն ՊԵԿ-ին։ Մինչդեռ՝ ՊԵԿ-ն ընդամենն օրենքի պահանջը կատարողն է, իսկ այն ընդունել է իշխանությունը։ ՊԵԿ-ի ներկայացրած նախաձեռնությանը հավանությունը տվել է կառավարությունը, ընդունել է Ազգային ժողովը։

Կառավարությունը կարող էր հավանություն չտալ, իսկ Ազգային ժողովը՝ չընդունել։

Այնինչ՝ երկուսն էլ հոժարակամ համաձայնել են ՊԵԿ-ի նախաձեռնությանը։ Ու եթե կան դժգոհություններ, առավել ևս՝ ահաբեկչությանը համարժեք մեղադրանքներ, ապա դրանք պետք է ներկայացնեն ոչ այնքան ՊԵԿ-ի, որքան կառավարության ու Ազգային ժողովի իշխող խմբակցության հասցեին։

Բայց նախընտրել են բավարարվել միայն ՊԵԿ-ով։ Գլխավոր  մեղավորների մասին՝ ոչ մի խոսք, ինչպես ասում են՝ շառից-փորձանքից հեռու։

Արտառոց ոչիչն չկա նրանում, որ ՊԵԿ-ը վերջին երկու տարիներին ավելի շատ օրենսդրական փոփոխություն է նախաձեռնել, քան վերջին 20 տարում, ու, ինչպես «Մանթաշյանց» գործարարների միության նախագահն է ասում՝ գրեթե բոլոր դեպքերում միակողմանի, առանց բիզնեսի կարծիքը հաշվի առնելու ու գրեթե բոլոր դեպքերում՝ ընդդեմ բիզնեսի: ՊԵԿ-ի խնդիրը չէ բիզնեսի մասին մտածելը։ ՊԵԿ-ի խնդիրը բյուջեի եկամուտներն ապահովելն է։ Բիզնեսի մասին պարտավոր են մտածել կառավարությունը, Ազգային ժողովն ու բիզնեսը հենց ինքը։ Մինչև հիմա քանի՞ անգամ է բիզնեսը բացահայտ իր վերաբերմունքը, չասենք՝ դժգոհությունը հայտնել ՊԵԿ-ի օրենսդրական նախաձեռնություններից, որոնք եղել են բիզնեսի դեմ։ Մինչև դանակը ոսկորին չի հասնում, ձեն-ծպտուն չեն հանում, հանելուց էլ կիսատ են հանում։

Սրա մասին ժամանակին էր պետք մտածել և ոչ թե՝ հիմա։ Որ մի օր իշխանությունների կողմից իրականացվող այս տնտեսական ու հարկային քաղաքականությունը բիզնեսին կանգնեցնելու էր նման խնդիրների առաջ, դժվար չէր հասկանալ։

Վաղը, երբ բյուջեի եկամտային խնդիրներն ավելի սրվեն, շատ ավելի վատ է լինելու. կասկած չունենաք, որ բիզնեսի նկատմամբ ճնշումն ավելի է մեծանալու։

Շատ շուտով դա իր վրա զգալու է նաև փոքր ու միջին բիզնեսը։ Բիզնեսի լուռ ու անտարբեր հայացքի ներքո՝ իշխանություններն անում են իրենց սև գործը, ամենուրեք ավելացնում են հարկային բեռը, մեծացնում հարկային ճնշումը, որի հետևանքները բիզնեսը հետո է ճաշակելու։

Անկախ նրանից, թե ով է այդ ամենի նախաձեռնողն ու հեղինակը՝ ՊԵԿ-ը կամ պետական մեկ այլ կառույց, դա այն քաղաքականությունն է, որն իրականացնում են իշխանությունները։ Ու այդ քաղաքականության հետևանքն է, որ, ինչպես «Մանթաշյանց» գործարարների միության նախագահն է արդարացիորեն ասում՝ բիզնեսը փախչում է Հայաստանից։

«Վերջերս բազմաթիվ բիզնեսների եմ հանդիպում, որ գումարները դուրս են հանում ներդրումների համար, ինչո՞ւ, որովհետև անկանխատեսելի է Հայաստանում, ո՞վ կուզի Հայաստանում ներդրում անել, երբ 25,000 դոլարի խնդրի կասկածի դեպքում գործարարին բանտ են նստեցնում, էն էլ՝ մի կիսագրագետ հարկային տեսուչի ցուցումով»,- իր գրառումը եզրափակել է Վահրամ Միրաքյանը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *