Ադրբեջանն ինֆորմացիոն հող է նախապատրաստում նոր ագրեսիայի համար. իրավիճակը պայթյունավտանգ է. Դավիթ Ջամալյան

Արդեն երկրորդ օրն է՝ Ադրբեջանը պաշտոնական հաղորդագրություններ է տարածում, թե իբր հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ հերքում է այս ամենը։

2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը սովորաբար իր ագրեսիան Հայաստանի նկատմամբ իրականացնում էր նման ոճով՝ նախ, հայտարարում էր, թե հայկական կողմը դիմել է սադրանքի, այնուհետև, տեղեկատվական դաշտ նախապատրաստելուց հետո, հարձակվում էր Հայաստանի վրա։

168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն ասաց, որ սա Ադրբեջանի գործելաոճն է, և այժմ էլ չի բացառվում, որ նա նոր ագրեսիայի դիմելու համար հող է նախապատրաստում իրականությանը չհամապատասխանող իր հաղորդագրություններով։

«Ադրբեջանի համար այս պրակտիկան նոր չէ, նա ինֆորմացիոն հող պետք է նախապատրաստի նոր ագրեսիայի համար, և այդ հողը նախապատրաստվում է։ Այլ հարց է՝ այսօրվա բարդագույն աշխարհաքաղաքական իրավիճակում Ադրբեջանի ղեկավարությունը կգնա՞ այդ քայլին, թե՞ ոչ։ Ըստ էության, այս դեպքում Ադրբեջանին հիմնական զսպող գործոնը բարեկամ Իրանն է, սա ես ցավով եմ ասում, որ այդ ագրեսիան կանխողը ոչ թե մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն է, այլ բարեկամ երկիրը։Մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը միջազգային հարթակներում որևէ արժեք չի ներկայացնում, այդ պատճառով էլ, եթե մինչև այսօր Ադրբեջանը զուսպ է, պայմանավորված է Իրանի գործոնով»,- նշեց Դավիթ Ջամալյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ այժմ նպաստավոր ֆոն կա Ադրբեջանի համար՝ ագրեսիայի դիմելու համար, ինչը կապված է ռուս-ուկրաինական հակամարտության, մասնավորապես՝ Ուկրաինայի կողմից Կուրսկի մարզ ներխուժման հետ։ Այստեղ փաստն այն է, որ ՆԱՏՕ-ն փորձում է ցրել ռուսական ռեսուրսներն ուկրաինական ճակատով մեկ։ Չնայած այդ դժվարին իրավիճակին, փորձագետը վստահ է՝ Հարավային Կովկասը ևս Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է և նրա համար կենսական նշանակություն ունի:

«Կրկնում եմ՝ Ադրբեջանը տեղեկատվական հողը նախապատրաստում է, որպեսզի ցանկացած պատեհ առիթ օգտագործի և հարձակվի Հայաստանի վրա։

Ըստ իս, եթե հանկարծ Սյունիքին հարվածի, չնայած որքան էլ Ռուսաստանի համար դժվար է արագ ու օպերատիվ արձագանքելը, այդուհանդերձ հերթապահ ուժեր գործի կդնի։ Չնայած 44-օրյա պատերազմից հետո Սյունիքը պաշտպանության խորության խնդիր ունի, և դժվար է լինելու առանց դաշնակիցների ու բարեկամների աջակցության։

Չնայած, եթե նիկոլական իշխանությունը չլինի, էլի հնարավոր կլինի սեփական ուժերը մոբիլիզացնել, օգնություն ստանալով՝ հաղթահարել։ Բայց նիկոլական իշխանության պարագայում դժվար է պատկերացնել, թե աղետն ինչ չափերի կարող է հասնել պատերազմի պարագայում»,- հավելեց ռազմական փորձագետը։

Նա նաև ընդգծեց՝ բարդ ու պայթյունավտանգ իրավիճակ է, և Ադրբեջանի ագրեսիան զսպող արտաքին գործոններից զատ՝ այս պահին այլ գործոն չի տեսնում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *