Վերլուծություն
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԶԵՂԾԱՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վախթանգ Սիրադեղյան10 Օգոստոս 2024 | 12:00
Facebook Twitter
Ոնց որ թե նիկոլական «խաղաղության խաչմերուկը» ստիպված է երկարատև արջաքուն մտնելու, եթե, իհարկե, դրա ընթացքում չկնքի իր «մահկանացուն»: Ոորովհետև եթե հավատանք արևելքից թշնամուն, իսկ դրանց չհավատալու հիմք չկա 44-օրյա պատերազմից այս կողմ, ապա ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը համաձայնել է «խաղաղություն» անվանումով թղթի կտորը ստորագրել առանց հաղորդակցության ուղիները բացելու մասին հիշատակության: Թղթի կտորը, քանի որ իր ասելով անգամ, դա, ինչպես և սահմանագծումը, ընդամենը նվազեցնելու է պատերազմի հավանականությունը: Կամ էլ դա իրեն 100 տոկոսանոց երաշխիք է տալու, բայց թե ինչ արժեք ունի այն առանց տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու՝ երևի ինքն էլ չիմանա: Երևում է, որ նրա գործերն, ինչպես միշտ, հեչ լավ չեն արտաքին ուղեգծում: Բայց դա մենք իմացանք ոչ թե այն իշխանությունից, որը վեց տարի առաջ հասարակության կողմից ուներ անվերապահ վստահություն ու աջակցություն, այլ թշնամուց: Իսկ «մեր» իշխանությունը դա թաքցրել էր՝ գնալով հաստատ ոչ վաստակած հանգստի: Կամ էլ հանգստի հետ մեկտեղ՝ հեծանվացավով տառապելու:
Բայց մինչ ՀՀ ոչ բարով-խերով ղեկավարությունն իր հանգիստն էր վայելում այստեղ կամ արտերկրում, ավելի ցածր մակարդակում գաղափարախոսական զեղծարարություն էր իրականացվում: Հայաստանի գործող իշխանությունը փորձում է կեղծել մեր պատմությունը՝ ճիշտ այնպես, ինչպես արդեն ավելի քան 100 տարի դա անում է արևելյան մեր թշնամին: Չնայած նրա առումով խնդիր չկա՝ եթե վերջինս թշնամի է, ապա պետք է պատմություն կեղծի, քանի որ այն իրականում չունի: Բայց որ դա անում է Նիկոլի վարձու գրագետների խումբը՝ դա ինձ համար, համենայն դեպս, անսովոր էր: Ասեմ, թե ինչն է խնդիրը: «Հրապարակ»-ի ընթերցողները ծանոթ են մեզանում դասագրքաստեղծման ոլորտում գոյություն ունեցող քաոսին: Ես կասեի, կառավարվող քաոսին, որովհետև այն կառավարվում է, ենթադրաբար, անձամբ Նիկոլի կողմից, թեև նրա անունը չի հոլովվում: Ինչևէ, այդ քաոսի դրսևորումներից մեկը 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքն է՝ Ս. Հովհաննիսյանի, Ա. Խառատյանի և Զ. Հակոբյանի համահեղինակությամբ:
Այս դասագրքի մրցութային պատմությանը «Հրապարակ»-ն արդեն անդրադարձել է (https://hraparak.am/post/fa6338dc1fee45e5a4287d6c1a1e234f): Ինձ հետաքրքողը այդ դասագրքի բովանդակային միայն մեկ դրվագն է, որ պատահաբար բացահայտվել էր «Sputnik Արմենիա» տեղեկատվական կայքի կողմից: Դասագրքի «Գլուխ 6.1»-ը վերնագրված է այսպես. «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին»: Խոսքը 1826-1828 թթ.-ի ռուս-պարսկական պատերազմի ավարտն ազդարարող Թուրքմենչայի պայմանագրի մասին է, որով պատմական Հայաստանի արևելյան մասը Պարսկաստանից անցավ Ռուսաստանին: Ի դեպ, այդ պայմանագիրը հայկական իրականության մեջ արդարացիորեն բնութագրվել է որպես ազատարար: Որովհետև հենց պատմական Հայաստանի արևելյան մասի տարածքում, ի վերջո, ձևավորվեցին մեր երեք հանրապետությունները: Ինչը վստահաբար տեղի չէր ունենա, եթե այդ տարածքը մնար պարսկական տիրապետության ներքո: Եվ հենց Ռուսաստանի շնորհիվ հայությունը կրկին հավաքվեց իր պատմական հայրենիքի արևելյան մասում, որ մինչ այդ բռնի տեղաշարժվել էր դեպի բուն Պարսկաստան:
Բայց քանի որ Նիկոլը որոշել է վերջնականորեն խզել բոլոր հարաբերությունները Ռուսաստանի հետ, նրա ցուցումով այդ խնդրի լուծումը դրվել է հիմնավոր հենքի վրա: Այսինքն, երիտասարդ սերունդն այսուհետ պետք է սովորի, որ Ռուսաստանը ոչ թե ազատարար էր, այլ ագրեսոր: Ճիշտ այնպես, ինչպես այսօր ընդդիմությունն է բնորոշում Ադրբեջանին: Հենց ընդդիմությունը, քանի որ Նիկոլն Ադրբեջանին վաղուց արդեն ագրեսոր չի համարում: Ինչևէ, դասագրքի համահեղինակների այդօրինակ անհեթեթությունն անգամ տրամաբանորեն է խոցելի: Որովհետև «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին» անվանումը կարող էր միայն երկու դեպքում համապատասխանել իրականությանը: Առաջին, եթե Հայաստանը լիներ անկախ և ամբողջական պետություն, և հայ-ռուսական պատերազմի հետևանքով մեր երկրի արևելյան մասը բռնակցվեր Ռուսաստանին: Բայց նման պետություն 19-րդ դարասկզբին գոյություն չի ունեցել, և պատերազմն էլ տեղի է ունեցել Ռուսաստանի ու Պարսկաստանի միջև:
Երկրորդ, այդ իրադարձությունն այդպես կարող է ներկայացվել իրանական պատմագրության մեջ՝ եթե, իհարկե, չի ներկայացվում: Բայց այդ դեպքում էլ կգրվեր ոչ թե Արևելյան Հայաստանի, այլ Պասկաստանի հյուսիս-արևմտյան մասի բռնակցումը: Որովհետև Պարսկաստանի կազմում գոյություն չուներ կիսաանկախ պետական միավորում «Արևելյան Հայաստան» անվանումով: Էլ չասած, որ եթե այդ «բռնակցումը» տեղի չունենար, ապա չէր լինի ո՛չ 1-ին, ո՛չ 2-րդ և ո՛չ էլ 3-րդ հանրապետությունը և ո՛չ էլ կլիներ այդ դասագրքի անհրաժեշտությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/3a765ef822b881e97012353e242940c5
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»