Փաշինյանն ակնկալում է, որ մինչև կգան «լավ ժամանակներ», ինչ էլ ուզեն, պիտի տանք՝ առանց որևէ վերջակետի․ Միքայել Նահապետյան

Ընթացիկ իրավիճակի առաջին ասոցիացիան, որն առաջանում է, թումանյանական կկվի հեքիաթն է, և խոշոր հաշվով՝ դա նաև հռչակված քաղաքականությունն է։ Սեփական ձագերով կերակրել աղվեսին՝ առանց որևէ վերջակետի, կարմիր գծի կամ երբևէ կանգ առնելու մտադրության՝ սա Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն է, այդ մարդն ակնկալում է, որ ինչ-որ պահի կգան լավ ժամանակներ, իսկ մինչ այդ՝ ինչ էլ ուզեն, պիտի տաս։ Ինչ վերաբերում է այս իրավիճակին հայ հասարակության անդրադարձին կամ պատրաստ լինելուն, ի հեճուկս պատմական ռոմանտիզացված դրվագների, որոնք մեզ հասնում են՝ որպես մարդկային հասարակությունների հավաքական խիզախության դրսևորումներ, ինչպես Սարդարապատը, և տարբեր օրինակներ կան տարբեր ժողովուրդների պատմությունից, բայց իրականության մեջ դիմադրությունը մտավոր և կազմակերպչական աշխատանք է։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հանրային-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը։«Ակնհայտորեն՝ ՀՀ պետական մարմինները դիմադրության հարցում աշխատանք չեն տանում, բացի այդ՝ դա չի արվում նաև ոչ պետական հատվածում, այսինքն՝ ընդդիմադիր ընտրանին ևս այս պահին այդ աշխատանքը, ցավոք սրտի, չի կարողանում անել։ Հետևաբար՝ մենք երևի մեր պատմության ամենաբարդ ժամանակաշրջանն ենք ապրում, և դժվար է ասել՝ դա չափազանցությո՞ւն է, թե՞ ոչ, բայց գուցե ավելի բարդ վիճակում ենք, քան 1900-ականների սկզբներին։ Բանն այն է, որ այդ ժամանակ բոլոր մոլորությունների մեջ գոնե բացակայում էր այն լրացուցիչ մոլորությունը, որ մենք պետություն ունենք, որը մեզ համար ինչ-որ բան կանի։ Հիմա ցավն այն է, որ մենք այդ մոլորությունն էլ ունենք, այսինքն՝ ի թիվս մյուս խնդիրների, որոնք կային, օրինակ, 1905-ին, մենք այսօր մոլորություն ունենք, որ եթե ինչ-որ կարևոր հարց լինի, պետությունը ձայն կհանի։ Դա այդպես չէ»,- ասաց ընդդիմադիր գործիչը։«Այս գիտակցումը մեծացնում է վտանգը, որովհետև փաստորեն մեզ վտանգը մոտենալու է, երբ մենք հարյուր տոկոս հավանականությամբ, բառի փոխաբերական իմաստով, քնած ենք լինելու։ Կատակն ասում է՝ վիրահատությունը հրաշալի անցավ, ափսոս՝ բուժառուն մահացավ։ Ընտրանիներ չկան, բայց խնդիրն այն չէ, որ մարդիկ են վատը։ Կյանքն է այս կամ այն կերպ հասունացնում այդ գիտակցությունը։ Այն, ինչ մենք հիմա ունենք մեր ընդդիմադիր քաղաքական դաշտում, սեփական ճանապարհի մեջ համոզված մենակների բազմություն է։ Այդտեղ համակարգ չկա։ Որևէ մեկն իր ձախողումների դասերը չի ուզում քաղել, որևէ մեկին սեփական ձախողումները չեն դարձնում այնքան համեստ, որ ուրիշի հետ հարաբերվելու, հաշվի նստելու, նրա ճանապարհը քննարկելու, դիտարկելու պատրաստակամություն ունենա»,- նշեց Միքայել Նահապետյանը։

Հանրային գործչի կարծիքով՝ ամեն հաջորդ ընդդիմադիր առաջնորդի թվում է, թե ձախողումը նախորդի դեմքի գույնով էր պայմանավորված․ «Արդյունքում՝ մենք ամեն հաջորդ տարի ունենում ենք նոր փորձողներ, որոնք փորձում են նույնը, ինչն արվել էր նախորդ տարիներին, գործում են բացարձակ նույն սխալները, որոնցից դասեր չեն քաղվել։ Հասկանալի է, որ բարդ ժամանակներն արմատականացնում են մարդկանց և մեկ անգամ մինչև վերջ սեփական ճանապարհով գնալու վճռականություն են հաղորդում, բայց չորս-հինգ պարտությունից ու ձախողումից հետո պետք է ի վերջո ալիքի մեջ նետվելու այդ ոչ դրական ոգևորությունը կառավարելու և սանձելու ձևեր գտնել»:«Գործընթացներն են ձևավորում ընտրանիներ, գիտակցություն և աշխատաոճ, և մենք աստիճանաբար մոտենում ենք այդ կետին։ Ամեն հաջորդ փորձողի հանրությունն ավելի կասկածամտորեն է վերաբերվում և ավելի քիչ ռեսուրս է պատրաստ լինում տալու։ Երբ բոլոր փորձողներն իրենց փորձերը կբերեն-կհանգեցնեն այն կետին, որից հետո ստիպված կլինեն ավելի համեստ դառնալ, կսկսի համագործակցություն և սիներգիա առաջանալ։ Դա ճանապարհ է, մարդիկ կարող են ասել՝ այդ ի՞նչ մանր խնդիրների մեջ եք եփվում, երբ մենք ժամանակ չունենք, ու գործընթացները չեն սպասում, բայց այլընտրանք չկա։ Եթե մենք այդ գործը շուտ արած լինեինք, գուցե այդ խնդիրները չլինեին, ժամանակ էլ կունենայինք»,- ամփոփեց Միքայել Նահապետյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *