Կապիտուլյացիոն փաստաթուղթն աստիճանաբար նախապատրաստվում է. Հաջիևի հայտարարությունն այս մասին է. Հայկ Նահապետյան

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Politico-ին տված հարցազրույցում ասել է՝ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնագիրը բավարար հիմք է ԵՄ առաքելությունը ՀՀ-ից դուրս բերելու համար։Ըստ նրա՝ «Ադրբեջանը հետևողականորեն դեմ է Հայաստանում ԵՄ առաքելությանը, քանի որ դա մեծացնում է հակամարտության վտանգը»։

Հաջիևը նաև հայտարարել է, որ սահմանափակումներ պետք է կիրառվեն նաև Հայաստանի զինված ուժերի նկատմամբ, հիշեցնելով, որ «Իրաքի և Քուվեյթի պատերազմից հետո որոշակի սահմանափակումներ են կիրառվել՝ կապված իրաքյան զինված ուժերի զարգացման հետ», նույնը պետք է լինի նաև Հայաստանի զինված ուժերի դեպքում»։

Այս ամենին զուգահեռ՝ Ադրբեջանի կողմից պաշտոնական մակարդակով չեն դադարում հայտարարությունները, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու, ինչպես նաև Հայաստանի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ պահանջները։ Ըստ Ադրբեջանի՝ միայն այդ դեպքում կարող են Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր։Անվտանգության և ռազմական հարցերի փորձագետ Հայկ Նահապետյանի բնորոշմամբ՝ Ադրբեջանի հերթական պահանջները Հայաստանին՝ նշանակում է նոր կապիտուլյացիոն ակտի ստորագրում։
«2020 թվականի նոյեմբերին ստորագրված փաստաթղթին, ցավոք, սխալ գնահատական տրվեց, այն կապիտուլյացիայի հետ գրեթե աղերս չուներ, այլ հրադադարի ռեժիմի հաստատում էր։
Բայց այն, ինչն այսօր Ադրբեջանը պահանջում է Հայաստանից, դա կապիտուլյացիա է, պայմանների տակ ստորագրելն է։ Համաշխարհային պրակտիկայում ընդունված է, որ հաղթող կողմը պարտված կողմին ստիպի ստորագրել կապիտուլյացիայի պայմանագիր։ Հաջևի հայտարարությունը սրա մասին է, որ Հայաստանի Զինված ուժերի թվաքանակի, սպառազինության նկատմամբ Ադրբեջանի կողմից լինի վերահսկողություն։


Այս պահին Ադրբեջանն աշխարահաքաղաքական որոշակի իրադարձություններից ելնելով է փորձում իր պայմանները թելադրել. հարմար ու նպաստավոր ժամանակ է»,- նշեց Հայկ Նահապետյանը։

Նրա խոսքով՝ շուտով Ադրբեջանն առաջ կքաշի նաև ռեպարացիայի՝ նյութական փոխհատուցման հարց՝ ասելով, որ 1994 թվականի ռազմական գործողությունների ավարտից հետո «Հայաստանն օգտագործել է 7 շրջանների հողերը, ընդերքը և այլն»։

«Վստահությամբ Ադրբեջանը կդիմի Լոնդոնի արբիտրաժային դատարան և կշահի այն պատճառով, որ անգլիացիների հետ «փայ» են մտնելու։ Եթե դատարանն այդ ռեպարացիան գնահատի, օրինակ, 100 մլրդ դոլար, ապա Լոնդոնի արբիտրաժային դատարանը կպահանջի 200 մլրդ, որպեսզի 100-ն իրեն վերցնի։

Կա նաև կոնտրիբյուցիա, երբ պարտված երկիրը «փոխհատուցում» է հաղթող երկրի ռազմական ծախսերը, հաղթող երկիրն է որոշում գումարի չափը։ Ադրբեջանը կպահանջի նաև 300 հազար ադրբեջանցու վերադարձ, սա միայն սահմանային գոտիներ, իսկ եթե Ադրբեջանը պահանջի, որ 100 հազար ադրբեջանցի էլ գալու է Երևա՞ն, ի՞նչ է անելու Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Այնպես որ, կապիտուլյացիոն փաստաթուղթն աստիճանաբար նախապատրաստվում է, և քանի դեռ ՀՀ իշխանությունը սրանք են, սրանց միջոցով Հայաստանն առավելագույնը տալիս է»,- շեշտեց նա։

Հայկ Նահապետյանը նաև վստահ է, եթե վաղը նույնիսկ Հայաստանի տարածքի ուղիղ կեսը մնա, չպետք է զարմանալ, քանի որ Ադրբեջանը մշտապես հայտարարում է «Արևմյան Հայաստան» վերադառնալու մասին, իսկ ՀՀ իշխանությունը դրան չհակադարձելուն զուգահեռ՝ խոսում է միայն խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին։

«Գոնե այս պահին մեր ժողովուրդը պետք է գնահատի իր ապագա կորուստները, շուտով, ինչպես ասում են՝ խնդիրները բախելու են յուրաքանչյուր հայի դուռ, քանի դեռ իշխանության է Նիկոլ Փաշինյանը։ Քանի դեռ այս մարդն է մեր երկրի ղեկավարը, ռազմական բախումներ էլ կլինեն, մարդկային ու տարածքային կորուստներ էլ։ Այնպես որ, հետևությունները թողնում եմ յուրաքանչյուր հայի»,- եզրափակեց Հայկ Նահապետյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *