«Արցախ վերադարձի բարդ գործընթացի առանցքային գործոններից է Արցախի իշխանությունների հետագա գործունեությունը»,- ՀՀԿ նախաձեռնությամբ կազմակերպված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հիմնախնդիրն իրավական և քաղաքական հարթություններում» վերտառությամբ համաժողովի ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ք.գ.դ. պրոֆեսոր Տիգրան Թորոսյանը, խոսելով «Արցախի անկախության քաղաքագիտական նախադրյալները և հեռանկարները» թեմայի շուրջ։Տիգրան Թորոսյանն ասաց, որ 2018 թվականից բանակցային գործընթացը տապալվել է, իսկ ներկան լի է բազմաթիվ մարտահրավերներով։ Սակայն, նրա խոսքով, այսօրվա առավելություններից հատկապես կարևոր է մասնագետների ոչ մեծ խմբի առկայությունն ինքնորոշման գործընթացի և բանակցային գործընթացում ինքնորոշման իրավունքի հիման վրա կառուցված 16 տարվա փորձով։ Արցախ վերադարձի նախապատրաստությանն անդրադառնալով՝ Տիգրան Թորոսյանն ասաց, որ վերադարձի բարդ գործընթացի առանցքային գործոններից է Արցախի իշխանությունների հետագա գործունեությունը, որը նույնպես ինստիտուցիոնալացման կարիք ունի։
«Եթե աղետից հետո անցած մեկ տարվա զգուշավոր գործունեությունը կարելի է բացատրել աղետի առաջացրած ծանր շոկային իրավիճակով և ՀՀ իշխանությունների հետ համագործակցության եզրեր փնտրելու ձգտումով, ապա միանգամայն ակնհայտ է, որ վճռականության դրսևորման հետագա հապաղումը հղի է նոր լուրջ կորուստներով։ Վստահաբար Արցախի իշխանություններին Հայաստանում կա և լինելու է շատ մեծ աջակցություն, հետևաբար՝ առաջարկվող շարժումը՝ Արցախի ժողովրդին հայրենիք վերադարձնելու և ինքնորոշման գործընթացը վերականգնելու նպատակով, պետք է դառնա նոր ազգային գաղափար, որի իրագործումը պետք է դառնա Արցախի ժողովրդի և համայն հայության առաջնային նպատակը։ Այդ նպատակի գլխավոր նախադրյալներն են Արցախի հերոսական ժողովրդի միասնականության պահպանումը, կամքի ու վճռականության ամրապնդումը»,- ասաց Թորոսյանը։