Ջերմուկից ադրբեջանական զորքը կհեռանա պատերազմով, ոչ թե կանոնակարգով. Հրանտ Միքայելյան

Երեք ամիս ուշացումից հետո սեպտեմբերի 3-ին ՀՀ կառավարությունը հրապարակեցՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման կանոնակարգը, որը ներառված է սեպտեմբերի 5-ի Կառավարության նիստի օրակարգում։

Ըստ այս փաստաթղթի՝ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումն իրականացնել 1991 թվականի ԱլմաԱթայի հռչակագրի հիման վրա։

Սակայն սա ամենը չէ. Երևանն ու Բաքուն համաձայնել են նաև, որ Խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո գործընթացը կարող է ընթանալ այլ սկզբունքներով։

«Եթե հետագայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերություննների հաստատման մասին համաձայնագրով նախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին»,-ասված է Հայաստանի կառավարության հրապարակած փաստաթղթում։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Հրանտ Միքայելյանը հրապարակված կանոնակարգն ամենևին էլ պատերազմը կանխող փաստաթուղթ չհամարեց, ավելին, ըստ Հ. Միքայելյանի, այս կանոնակարգն անպատասխան է թողնում շատ առանցքային հարցերի պատասխաններ։

«Իրականում ընթանում է Խաղաղության պայմանագրի և խաղաղության իմաստազրկման գործընթաց։ Այդ պարագայում է, որ Փաշինյանը կարիք ունի շտապ ունենալ մի թուղթ, որ ցույց տա, թե Խաղաղության պայմանագիր է կնքել։ Պետք է առհասարակ մոռանալ, թե այս կանոնակարգով հնարավոր է հասնել խաղաղության, որ Ջերմուկից ադրբեջանական զորք կհեռանա։ Դա հնարավոր է միայն պատերազմով, հետևապես, Փաշինյանին պետք է ընդամենը թղթի կտոր, և դա՝ այն պարագայում, երբ արել է միակողմանի զիջումներ, քանդել հայկական բանակն ու պետական ինստիտուտները»,-ասաց քաղաքագետը։

Ըստ Միքայելյանի՝ ի տարբերություն Փաշինյանի՝ խաղաղություն ունենալու ցանկություն չունի Ադրբեջանը, իսկ եթե սրան էլ հավելում ենք այն, որ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով բանակցային գործընթացը մնացել է առանց միջնորդների, իսկ Ռուսաստանը դարձել Ադրբեջանի գործընկերը, ապա ակնհայտ է դառնում, որ խաղաղության փոխարեն՝ Հայաստանին պարտադրվելու են զիջումներ։

«Ռուսաստանը փորձում է այս վիճակից կա՛մ շահած դուրս գալ, կա՛մ նվազագույն կորուստներով։ Ռուսաստանը խնդրում է, որ Ադրբեջանը պահպանի ռուսական ազդեցությունը։ Ռուսաստանը, փորձելով Ադրբեջանի սիրտը շահել, կարող է հայկական կողմին զիջումներ պարտադրել, իսկ եթե հայկական կողմը շարունակի մի հայկական հողը փոխանակել մեկ այլ հայկական հողով, մի միջանցքը՝ այլ մեկով, ապա հայկական պետականությունը կվերանա»,-ասաց Միքայելյանը։

Նրա համոզմամբ՝ Հայաստանի համար այդ կործանարար սցենարը դեռևս հետաձգվում է, որովհետև, մասնավորապես, Սյունիքի վերաբերյալ կա Իրանի հստակ դիրքորոշումը, բայց թե որքանո՞վ Իրանը միայնակ կկարողանա պայքարել Սյունիքում սահմանների փոփոխություն թույլ չտալու համար, հարցական է։

«Ադրբեջանը հենց այսօր էլ ուզում էհարձակվել Հայաստանի վրա, կանխողն Իրանն է, բայց որքա՞ն կկարողանա, հարց է։ Ռուսաստանը Հայաստանին ընկալում է՝ որպես իր թշնամիների հետ խաղացող երկիր, ուստի կարող է աջակցել Ադրբեջանին՝ ընդդեմ Հայաստանի։ Այս դիրքորոշումը Ռուսաստանում ավելի է ամրապնդվում, բայց դա Փաշինյանի պատճառով է, ինքն է այս իրավիճակը ստեղծել՝ Արևմուտքի դրդմամբ։ Այնպես որ, հենց Ուկրաինայի հարցը լուծեն, ռուսական կողմում մտադիր են զբաղվել Հայաստանով, իսկ թե ի՞նչ ձևաչափով, դա արդեն կքննարկվի Ադրբեջանի հետ»,-խոսքն ավարտեցՄիքայելյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *