Սեպտեմբերի 4-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատեց լուրերը, որն ամիսներ շարունակ հերքում էր՝ ապատեղեկատվություն որակելով ընդդիմադիր շրջանակների կողմից տարածվող այն տեղեկությունները, որ փաշինյանական իշխանությունը որոշել է Սյունիքով ճանապարհների վերահսկողությունը տալ արևմտյան կազմակերպության։
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը մասնավոր պահնորդական ընկերությանը հանձնելու մասին հարցին ի պատասխան՝ այսօր շեշտել է.
«Այդ մասին խոսվել է, դեռ մանրամասները հայտնի չեն։ Խոսվել է մասնավոր ընկերության ներգրավման հնարավորության մասին, բայց դետալները դեռ չկան։ Դա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հետ որևէ կապ չունի, բայց դրա տրամաբանության մեջ է»։
168 TV-ի «Ռեվյու» հաորդաշարի եթերում վերլուծաբան Արման Աբովյանը, Սյունիքով ճանապարհին պահնորդական կազմակերպության կանգնեցնելու մասին հարցին պատասխանելուց առաջ ընդգծեց՝ ձևակերպումների մեջ պետք է լինել ճշգրիտ՝ խոսքը ոչ թե արևմտյան պահնորդական կազմակերպության, այլ Թուրքիային և Ադրբեջանին այդ տարածքը բերելու մասին է։
«Ես Հայաստանի այս իշխանության որևէ պաշտոնական հայտարարություն հիմք չեմ ընդունում՝ հաշվի առնելով այն, որ այս իշխանությունը սպասարկում է թուրքերի և ադրբեջանցիների շահերը։ Կոնկրետ այս գործընթացը Հայաստանի հարավի նվիրատվությունն է Թուրքիային և Ադրբեջանին, որը ՀՀ այս իշխանությունը ժողովրդին ներկայացնում է այլ փաթեթավորմամբ»,- ասաց Աբովյանը։
Վերլուծաբանի կարծիքով՝ Հայաստանի հարավի անեքսիայի մասով Հայաստանի իշխանությունն իր տերերի՝ Արևմուտքի հետ եկել է արդեն համաձայնության, որովհետև այլ պետության Հայաստանի տարածքը հանձնելը նշանակում է ինքնիշխանության պահպանման անվան տակ ինքնիշխանությունը մասնավոր պահնորդական կազմակերպության հանձնում։
«Այս իշխանությունը երազած իշխանություն է բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների համար, բացի հայ ժողովրդից։ Այս իշխանությունն իր այս քայլերով պատերազմ է բերում Երևանի, Վանաձորի և Հայաստանի ամբողջ տարածքի վրա։ Այս իշխանությունը ժամանակ է ձգում, որովհետև հասկանում է՝ աշխարհաքաղաքական սեղանին Հայաստանը դրված է՝ որպես մասնատման ենթակա տորթ։ Այս իշխանությունը Հայաստանի դեմ պատերազմ բերող հիմնական գործոնն է, իսկ Սյունիքով միջանցքն էլ չի տա միայն մեկ պարագայում, երբ դա վտանգի այս իրենց իշխանության գոյությունը»,- ասաց Աբովյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։