Կիրանցի նորակառույց դպրոցի բացումը եւ դրա ֆոնին Փաշինյանի «լավատեսական» ելույթն ինձ առանձնապես հույսեր չներշնչեցին, որ վաղը, մյուս օրը այդ դպրոցը շարունակելու է գործել ու պայթելու է աշակերտների թվից, նրանց խինդ ու ծիծաղից, անհոգ ուսումնական պրոցեսից: Չէ, ես հոռետես չեմ, բայց վատն եմ միայն մտածում այն ամենի մասին, ինչն առնչվում է Նիկոլի ու նրա կատարած քայլերի հետ: Պատկերացնո՞ւմ եք, բավական է Նիկոլը խոսի ինչ-որ բանի մասին, եւ ես արդեն չեմ հավատում: Չեմ հավատում նրա արած «հեղափոխությանը», ճղճղոցներին, «հայրենասիրական» պոռթկումներին, նրա քարտեզին, նրա իրական Հայաստանին, նրա անվտանգությանը, նրա խաղաղությանը: Անգամ նրա հեծանիվ քշելուն չեմ հավատում: Էդ ինքը չի քշում, ֆոտոշոփ ա…
Իսկ Փաշինյանին հավատացողներ, առհասարակ, կա՞ն: Ես շնորհավորում եմ նրանց: Տղերք, ուրեմն Արցախն արդեն Հայաստան է, եւ վերջ, Ադրբեջանը վաղուց լքել է մեր սուվերեն տարածքները, Բաքվի բանտերում մենք այլեւս գերիներ չունենք, մենք չենք պարտվել 44-օրյա պատերազմում, մենք առանց կռվի տարածքներ չենք հանձնել, Կիրանցի կեսը չենք տվել Ադրբեջանին, ու հիմա Կիրանցի դպրոցն ավելի քան անվտանգ է: Շարունակեք հավատալ Փաշինյանին… Մեր բանակում ահռելի ռեֆորմներ են կատարվում, նորանոր զինատեսակներ ենք ստանում Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից, մի քիչ էլ, ու մենք կդառնանք տարածաշրջանի ամենաապահով երկիրը, որի բանակում ծառայելը պատիվ կլինի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար: Հավատո՞ւմ եք: Շարունակեք հավատալ: Ու մեկ էլ ասում է՝ ՀՀ քաղաքացիներն արտագաղթում են, որովհետեւ չեն ուզում, որ իրենց երեխաները ծառայեն մեր բանակում: Ի՞նչ ասեմ, «հավատացյալներ» ջան, հավատացեք նաեւ նրա այս խայտառակ բլթոցին, եթե, իհարկե, կարծում եք, որ երկրի ղեկավարը կարող է ամբողջ աշխարհին նման բան ասել իր երկրի, իր քաղաքացու եւ իր բանակի անմխիթար վիճակի մասին:
Հա, Կիրանցի նորակառույց մոդուլային դպրոցից էինք խոսում: Դպրոցը բացել է Նիկոլը եւ մի երկար ճառ ասել երեխաների անվտանգության մասին: Փաշինյանին հավատալու հիմք, ավաղ, չունեմ: Փաշինյանը Վանաձորի ավտոգործարանը բացելիս ավելի ուժեղ ճառ ասաց: Նույնիսկ նստեց «ավտոնմուշի» մեջ, ղեկն աջուձախ պտտեց ու գլուխը տմբտմբացրեց՝ հաաաա, լավ ավտո ա… Տարիներ են անցել այդ դեպքից (պատահարից): Հայաստանի հիմնանորոգված մայրուղիների վրա Վանաձորի արտադրության քանի՞ ավտոմեքենա եք տեսել: Պարոնայք եւ տիկնայք ՔՊ-շնիկներ, դուք որ մեր երկրում լավ ավտոմեքենաների հիմնական սպառողն եք, տեսե՞լ եք վանաձորյան հրաշք մեքենան, կամ՝ ոչ մեկդ այդպիսի «պադավատ» չունի՞: Արարատ Միրզոյան, ինչո՞ւ ես անիմաստ տեղը ճռռում ճապոնական հեռուստացույցիդ վարկի տակ, ինչո՞ւ մի հատ հայկական հեռուստացույց չես գնում… Ի վերջո, Նիկոլը հեռուստացույցի գործարան է բացել, կարելի է, չէ՞, թեկուզ գովազդի համար, մի հատ հեռուստացույց գնել Նիկոլի բացած գործարանից:
Սպասեք, հալա… Նիկոլը չէ՞ր, որ ՀՀ ղեկավարների մեջ առաջինը արբանյակ ուղարկեց տիեզերք: Ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի եւ ո՛չ էլ Սերժ Սարգսյանի ժամանակ մենք արբանյակ չենք ունեցել: Մինչդեռ Նիկոլն ուղարկեց… Մեր արբանյակը հիմա պտտվում է մերձերկրային տարածություններում եւ ստրատեգիական լուսանկարներ է ուղարկում Երեւան: Հայաստանում այսօր շատերն են հավատում այս ցնդաբանությանը: Բայց դե՝ արբանյակ է, տիեզերքում է, չի երեւում, ստուգելն էլ դժվար է՝ կա՞, թե՞ չկա: Ես ձեզ ասում եմ, որ այդպիսի բան չկա, եւ նույնիսկ արբանյակի արձակման կադրերն են կեղծված: Ինձ չե՞ք հավատում: Հապա մի ուղեղներդ միացրեք: Ըստ Հ1-ի՝ արբանյակն ԱՄՆ տարածքից տիեզերք է ուղարկվել մեր ժամանակով 22:00-ի մոտերքը: Այդ ժամին Հայաստանի տարածքում մութ է լինում, իսկ ԱՄՆ տարածքում՝ լույս: Եվ, ուրեմն, այդ ինչպե՞ս է հայկական արբանյակն այդ ժամին տիեզերք ուղարկվել, եթե Հ1-ի կադրերից երեւում է, որ մութ է նաեւ ԱՄՆ-ում: Չի լինում, չէ՞, այնպես, որ Երկիր մոլորակի երկու կիսագնդում էլ միաժամանակ գիշեր լինի: Ափսոս Քերոբյանին գործից հանեցին: Նա, հավանաբար, կկարողանար բացատրել այս առեղծվածը:
Հա, Կիրանցի դպրոցից էինք խոսում եւ մեր երեխաների անվտանգությունից: Իսկ ո՞ւմ անվտանգության համար էին Նիկոլի հատուկ ծառայությունները մտել դպրոց ու ստուգել՝ ռումբեր չկա՞ն, արդյոք, նստարանների տակ, ինչո՞ւ էին մանրակրկիտ զննության ենթարկել աշակերտներին եւ ուսուցիչներին: Վարչապետը հասել էր սահման, իսկ սահմանի պահպանությունն ուժեղացնելու փոխարեն դպրոցի ստուգումն էին ուժեղացրել: Էս մարդիկ թուրքից վախ չունեն, հո զոռով չի: Կամ էլ վարչապետի այցից առաջ զանգում են Բաքու, որ սահմանին հանկարծ թյուրիմացություններ չլինեն, չկրակեն-մրակեն: Ու Նիկոլի նման մեկը խոսում է երեխաների անվտանգությունից, դպրոցի կատարյալ պայմաններից, դպրոց է բացում… Մարդկանց փող են տալիս, որ իրենց տներից հեռանան, իսկ դպրոցը թուրքի քթի տակ են բացում: Դուք հավատո՞ւմ եք, որ այդտեղ դպրոց է գործելու: Ես չեմ հավատում: Աշխարհում դեռ ոչ մի երկիր «հերոս-դպրոցներ» չի կառուցել: Սա նոնսենս է: Լավագույն դեպքում այդ դպրոցը կդառնա զորանոց կամ սահմանային ուղեկալ: Մարդ չգիտի էլ՝ մեր զինվորնե՞րը կտեղակայվեն այնտեղ, թե՞ Ադրբեջանի: Պատերազմ է, ամեն ինչ էլ կարող է պատահել: