ԻՆՉՈ՞Ւ Է ԲԱՔՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՀՀ ԱՊԱՌԱԶՄԱԿԱՆԱՑՈՒՄ

Մեկ-երկու օր առաջ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը, ի թիվս այլ հակահայկական դատողությունների, անդրադարձել է նաեւ Հայաստանի ապառազմականացմանը, ինչը մեր լրատվականներում հիշատակվել է իմիջիայլոց, քանի որ դա ո՛չ առաջինն էր եւ ո՛չ էլ լինելու է վերջինը եւ կշարունակվի այնքան ժամանակ, որքան Հայաստանի վարչապետի պաշտոնը կշարունակի զբաղեցնել խայտառակ պարտության խորհրդանիշ անձը՝ Փաշինյան Նիկոլը: ՀՀ ԱԳՆ-ից էլ կհակադարձեն, որ յուրաքանչյուր երկիր պաշտպանվելու իրավունք ունի` Հայաստանն էլ օգտվում է այդ իրավունքից: Զարմանալիորեն, սկզբում չէի հասկանում, թե ինչու է թշնամին շեշտադրում այդ միտքը, եւ ՀՀ ԱԳՆ-ն էլ՝ ամեն անգամ կրկնում ինքնին հասկանալի այդ բանաձեւը: 

Փորձեմ ներկայացնել այն պատասխանը, որն այսօր ծագեց ուղեղումս: Հայաստանի ապառազմականացման թեման Բաքվից անընդհատ թարմ են պահում, քանի որ Նիկոլը բանավոր նման պարտավորություն է ստանձնել: Ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, Սյունիքում կատարված տարածքային զիջումները՝ միջպետական ճանապարհ, գյուղեր, արոտավայրեր եւ այլն: Եվ երբ ադրբեջանական զինուժը տեր էր կանգնում (վարչապետի պաշտոնից կառչած) Նիկոլի զիջած տարածքներին, վերջինս միանման «բացատրություն» էր տալիս. «Հո դրա համար պատերազմ չենք սկսելու»: Չնայած, ինչպես ընդունված է ողջ աշխարհում, պատերազմ են սկսում ամեն մի կտոր հողի համար: Համենայնդեպս, այդպես են մտածում մեր գյուղերում, երբ ամեն քառակուսի մետրի համար հարեւանները թշնամանում են միմյանց հետ: 

Իսկ հիմա պատասխանեմ այն հարցին, թե ինչու է Նիկոլը ստանձնել ՀՀ ապառազմականացման պարտավորություն. քանի որ 44-օրյա պատերազմում Հայաստանը պարտվել է ճիշտ այնպես, ինչպես Երրորդ Ռայխը Երկրորդ համաշխարհային պատերազմում: Ու եթե Գերմանիան ստորագրել է հենց կապիտուլյացիոն պայմանագիր, Նիկոլի խնդրանքով ու, ենթադրաբար՝ Պուտինի աջակցությամբ այդ հասկացությունը չի ներառվել 9 կետանոց  հայտարարությունում: Հատկապես որ այդ թղթի կտորը մեզ ներկայացվել է որպես հայտարարություն եւ ոչ թե պայմանագիր: Ու Իլհամն էլ համաձայնել է դրան, սակայն Նիկոլից բանավոր խոստումներ է կորզել ու հետագայում էլ պարտադրել է կապիտուլյացիոն գործողություններ: 

Ու հենց այդ պատճառով էր նաեւ, որ թե՛ Նիկոլը եւ թե՛ նրա ուսապարկերն անադեկվատ վարքագիծ էին դրսեւորում, երբ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունը մենք անվանում էինք կապիտուլյացիոն: Նաեւ հենց այդ պատճառով էր 2023-ի աշնան սկզբին Նիկոլը կազմակերպում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնանկությունը (դա պաշտոնանկություն էր եւ ոչ թե պաշտոնից հրաժարում), որպեսզի տեղի ընդդիմությանը մեղադրեն Արցախը հանձնելու հարցում, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիան բարդեն ընդդիմության վրա: Իսկ ուրիշի վրա մեղք բարդելը, ինչպես գիտենք, Նիկոլի սիրած զբաղմունքն է:

Սա նշանակում է, որ Հայաստանին պարտադրվելու են կապիտուլյացիոն զիջումներ, քանի դեռ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլը: Նիկոլից ազատվելու դեպքում միայն կարող ենք չեղարկել վերջինիս բանավոր պայմանավորվածություններն Իլհամի հետ: Այլ ճանապարհ ուղղակի գոյություն չունի:

ՀԳ. Նիկոլի ասելով, Կիրանցում դպրոց գնալն անվտանգ է, բայց դա պայմանավորված է ոչ թե սահմանագիծ քաշելով, այլ որովհետեւ Իլհամն ուրիշ պահանջ չունի այդ տարածքի առումով: Ու հենց այդ պատճառով էլ առաջին սահմանագծումն անցկացվեց հենց այդ տարածքում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *