ՄԻՆՉ ՀՀ-Ն ՄԵՐԺՈՒՄ Է ՀԱՊԿ-ԻՆ, ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽԱՂԱՐԿՈՒՄ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՀՐԵՏԱՆԻՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԻՐՔԵՐԸ ԳՐԱՎՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանը հերթական անգամ հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին։ «Կոբալտ-2024» անունով զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 14-16-ին, Նովոսիբիրսկում։ Զորավարժություններին կներգրավվեն ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումների հավաքական ուժերը։ Մասնակից երկրների թվում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը։ՀԱՊԿ-ի շրջանակնում հերթական միջոցառումը բոյկոտելու Փաշինյանի իշխանության որոշումը, իհարկե, տեղավորվում է նրա որդեգրած հակառուսականության ու հակաՀԱՊԿ-ականության գծի մեջ, բայց հասկանալի չէ ոչ միայն աշխարհաքաղաքական անտրամաբանական քաղաքականության, այլեւ տարածաշրջանում ընթացիկ զարգացումների վերլուծության ֆոնին։ Մերձավորարեւելյան պայթյունավտանգ հակամարտության պայմաններում, երբ տարածաշրջանը հնարավոր մեծ բախումից, ինչպես ասում են, հինգ պակաս է, ցանկացած երկրի ղեկավար պետք է օգտվեր ԶՈՒ-երը, նրա առանձին ստորաբաժանումները մարզելու ցանկացած հնարավորությունից, մանավանդ, որ հարավկովկասյան տարածաշրջանը զերծ չի կարող մնալ հնարավոր սցենարներից։ Այս հանգամանքից զատ, Ադրբեջանը, որի հետ ՀՀ իշխանությունը ձախողված խաղաղություն է փորձում կառուցել, պարբերաբար  զորավարժություններ է անցկացնում։

«Կոբալտ-2024»-ին չմասնակցելով, ՀՀ կառավարությունը ցանկանում է ցույց տալ, որ  Հայաստանն այլեւս Ռուսաստանի դաշնակիցը չէ» ,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է կովկասագետ Կարեն Իգիթյանը ու բացատրում, որ ՀԱՊԿ շրջանակում անցկացվող զորավարժությունը հակաահաբեկչական  բնույթի է, որտեղ կիրառվելու է նաեւ անօդաչու ավիացիա։ Սա , մասնագետի խոսքով հայկական ստորաբաժանումներին հնարավորություն կտար ծանոթանալ ռուսական զինուժի պրակտիկ փորձին, օրինակ, թե ինչպես են տարբեր շենքեր ազատագրվում անօդաչու ավիացիայի օգնությամբ։

Իգիթյանը զուգահեռներ է անցկացնում հայ-ամերիկյան զորավարժությունների հետ՝ շեշտելով, որ դրանց օրակարգը համատեղ խաղաղապահ գործունեությունն էր։ «Հաշվի առնելով, թե ինչ իրավիճակում է գտնվում տարածաշրջանը եւ ինչ խնդիրներ են  դրված ՀՀ ԶՈՒ-երի առջեւ, երեւի թե այդ խաղաղապահ օպերացիաներին պատրաստվելը Հայաստանի համար առաջնահերթություն չէր»,-ասում է մասնագետը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր ագրեսիայի։

Այդ մասին են վկայում նրա քայլերը։ «Վերջերս կայացած զորավարժությունները դրա մասին էին։ Ադրբեջանը խաղարկում էր, թե ինչպես են զորքերը դուրս գալիս մշտական տեղավայրերից եւ հրետանու օգնությամբ գրավում հակառակորդի դիրքերը։ Սա այն է, ինչին Ադրբեջանը պատրաստվում է»,-մանրամասնում է Կարեն Իգիթյանը։ Ի պատասխան Բաքվի այս օրակարգի, ՀՀ իշխանությունն, իհարկե, պետք է բանակն ուժեղացներ, ամրացներ  հարաբերությունները շահակից եւ դաշնակից երկրների՝ Իրանի եւ Ռուսաստանի հետ, որպեսզի կարողանա դիմակայել Ադրբեջանի ծավալապաշտական պլաններին, բայց գործնականում ՀՀ իշխանութույունն ամեն ինչ հակառակ ուղղությամբ է տանում՝ մերժելով ՌԴ-ի  հետ կապ ունեցող ցանկացած միջոցառում։

Ինչ վերաբերում է Իրանի հետ ռազմական ոլորտում համագործակցությանը, որը, մեր զրուցակցի գնահատմամաբ, մեծ ավանդ կարող էր լինել մեր ԶՈՒ-երի ամրապնդման գործում, չի իրականացվում։

 «Հայաստանի կառավարությունը  ցույց է տալիս, թե այլեւս ՌԴ դաշնակիցը չէ ու փորձում է դառնալ Արեւմուտքի ու ՆԱՏՕ-ի դաշնակիցը։ Բնականաբար, սա Մոսկվայում շատ վատ են  ընդունում եւ, իհարկե, հիշում են այս ամենը։ Մենք պետք է հասկանանք, որ մի օր Ռուսաստանը Ուկրաինայի հարցը փակելու է եւ նրա ձեռքերը Հարավային Կովկասում ավելի ազատ են լինելու։ Նրանք հիշելու են այն, ինչ անում է Փաշինյանի կառավարությունը»,-նկատում է Իգիթյանը՝  բերելով Վրաստանի օրինակը, որը, թեեւ հռչակել է ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամակցության օրակարգը, բայց միեւնույն ժամանակ, ներկայումս  որեւէ կերպ չի փորձում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ հասկանում է՝ Վրաստանի տնտեսական հաջողությունը կախված է Ռուսաստանից, որի դեմ կտրուկ քայելրը մեծ գին կարող են ունենալ երկրի համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/c820c95bde0bfae8feb5c4d9960d1b0e

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *