Հայաստանն օկուպանտ համարող հրատարակիչը հիմա էլ էսթետ է խաղում. ընկալման խնդիր է

Այսօր առավոտից սոցիալական ցանցերի հայկական տիրույթում մեծ վրդովմունք առաջացրեց «Մայրենի 3» դասագրքի կազմի վերջին էջը, որում Հայաստանի պետական դրոշը կրակների մեջ էր. դրոշն այրվում էր:

Դասագրքի հեղինակները պարզաբանում էին տարածել՝ հայտարարելով, որ նշված էջը բացարձակապես կապ չունի իրենց ներկայացրածի հետ և կից հրապարակել են այն տարբերակը, որն ի սկզբանե ուղարկվել է տպարան:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության մամուլի պատասխանատու Կարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր դասագրքի հեղինակների պարզաբանումը:

«Ֆեյսբուքում պտտվում է «ՄԱՅՐԵՆԻ 3» դասագրքի կազմի վերջին էջը, որն ունի այնպիսի տեսք, կարծես թե Հայաստանի դրոշը այրում են: Բնականաբար, հայհոյանքներ են տեղում և այլևայլ բաներ: Դասագրքի հեղինակներս հայտարարում ենք պաշտոնապես, որ նշված էջը բացարձակապես կապ չունի մեր ներկայացրածի հետ: Ահավասիկ մեր ներկայացրած կազմի վերջին էջը և տպագրված գրքի կազմի վերջին էջը»,- գրել էին նրանք՝ հավելելով, որ բոլոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակները տեղադրված են նաև Դասագրքերի շրջանառու հիմնադրամի էջում, որտեղ ևս հստակ երևում է, որ դասագրքի վերջին էջին այրվող դրոշով նկար չկա:

«Դասագրքերի շրջանառու հիմնադրամի կայքի հղումը տեղադրում եմ մեկնաբանություններում»,- հավելել էր ԿԳՄՍՆ ներկայացուցիչը:

«Անտարես մեդիա հոլդինգ» հրատարակչության ֆեյսբուքյան պաշտոնական էջում մինչև հիմա էլ որևէ պարզաբանում ներկայացված չէ, սակայն նրա տնօրեն Արմեն Մարտիրոսյանը տարբեր լրատվամիջոցների տարբեր պարզաբանումներ է տալիս: Ինչ-որ տեսանյութ էին հրապարակել, ուր անհասկանալի բառակույտով «բացատրում էին» տեղի ունեցածը:

«Խնդիրը տեխնիկական է և մարդկային գործոն չկա, բացի միգուցե այն մեթոդից, որ դիզայները ստեղծել է։ Կարող էր դատարկ էջից ստեղծել, բայց արել է այն, ինչ արել է, դա իր գործն է, ես էլ կարող էի զբաղվել դրանով…

Ասում են, որ այնտեղ այրվող դրոշ է։ Այրվող դրոշ երևի այդ մարդիկ չեն տեսել, ես ցավոք տեսել եմ, այրվում է հենց նյութը, բայց եթե կողքն է այրվում դրոշի, կարելի էր սա ընկալել որպես լույս և ջերմություն ճառագող դրոշ՝ ուղղված բարեկամներին, և կրակ ճառագող դրոշ՝ ուղղված չբարեկամներին։ Մյուս կողմից էլ տեսել եմ ձեռքսեղմելու նշանը, որ համաձայնելու նշան է, բարիշելու նշան է, վերջապես բարևի նշան է, բարև, սակայն այստեղ տեսնում են այլ բան։ Երբ մարդն ուզում է սպիտակի մեջ տեսնել նարնջագույն, տեսնում է նարնջագույն, այդ մարդու հետ իզուր է վիճել, ամեն մարդ տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել:

«Եվ տեսնել, որ այդտեղ ոչ մեկի կողմից, անգամ՝ դիզայների կողմից ոչ մի չարամիտ բան չի արվել։ Շատ պատկառանքով եմ վերաբերվում հեղինակներին, և սա ընդամենն ընկալման խնդիր է, իհարկե դրոշով չէր նախատեսվել պատկերել, բայց անգամ եթե այդպես է պատկերվել, ճառագող դրոշը վատ բա՞ն է»,- Aysor.am-ին ասել էր Արմեն Մարտիրոսյանը:

«Մենք, որպես տպագրող կազմակերպություն, իրավունք չունենք միջամտել ֆայլին, բայց մենք չենք տեսել դա։ Ֆայլն այդպես ենք ստացել»,- սա էլ նրա պատասխանն է abcmedia.am-ին։

Նա նաև նշել է, որ մեծ պատկառանք ունի հեղինակների նկատմամբ, որոնք իրենց հանձնել են ֆայլը։

«Կարծում եմ՝ իրենք էլ այդ նրբությունը չեն նկատել, դա մի փոքր վրիպակ է դիզայների կողմից, որը հանցագործություն չէ։ Բոլորիս հետ էլ պատահում է, այստեղ էֆեկտներն ուղղակի պետք չէր օգտագործել, բայց ոչ մի չարամտություն չկա՝ դա ապացուցված է»,– ասել է նա։

Արմեն Մարտիրոսյանը, հետաքրքիր է՝ այսօր գեթ մի պահ մտածե՞լ է, թե ինչո՞ւ է այդ աղմուկը բարձրացել, ինչո՞ւ մարդիկ չեն հավատում իր բացատրություններին, ինչո՞ւ են համարում, որ իր հիմնադրած հրատարակչությունը կարող էր միտումնավոր կերպով ֆայլի մեջ փոփոխություն անել ու այրել ՀՀ պետական խորհրդանիշը, և վերջապես՝ ինչո՞ւ առաջ նման «կիքսեր» չէին լինում…

Մտածած կլինի, նաև թերևս հիշած կլինի, որ մարդիկ իրեն տեսնելիս՝ անվանում են «թուրք», ու նրանց մոտ ցանկություն է առաջանում ջրի շիշ նետել իր ուղղությամբ:

«Մտել են այլ պետության տարածք 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել: Հիմա տարածքի տերն ասում է գնացեք: Ասում են հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ: Էս է՞ ձեր մակարդակը: Ես որ գամ Ձեր տանը իմ գրասեղանը դնեմ ու եթե ասեք գնա՝ պատասխանեմ որ հայտարարության մեջ կետ չկա ձեր բնակարանի մասին, լավ կլինի՞»,- 2020թ. 44-օրյա ողբերգական պատերազմից մեկ ամիս էլ չէր անցել, երբ նույն Արմեն Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ Հայաստան պետությանն ագրեսոր համարեց:

Այդ ժամանակ էլ աղմուկ բարձրացավ, հետո էլ եղավ ընդդիմության քայլերթի ժամանակ պատահած միջադեպը, երբ քայլերթի մասնակիցները հայհոյել էին Արմեն Մարտիրոսյանին, ինչին, բնականաբար, անհապաղ հաջորդել էր քրեական գործի հարուցումը:

«Ֆեյսբուքյան վայնասուն էր, վրաս ազդեց, գրեցի, որ ուրիշի տարածքից պետք է օր առաջ դուրս գալ, ու միշտ համարել եմ ու հիմա էլ համարում եմ, որ Կուբաթլուն ուրիշի տարածք է։ Մեդիաները վերցրեցին գրառումը, շեղեցին, մեկնաբանեցին ոնց ուզեցին ու ասացին, որ ես ուզում եմ Արցախը ծախել, երբ ես Արցախի մասին որևէ խոսք չեմ ասել ու կարծում եմ, որ այն ուղղությունը, որ ղարաբաղյան շարժումը վերցրել էր, դա ճիշտ էր»,– Հանրայինի եթերում այդ առնչությամբ ասել էր նա՝ իրեն «թուրք» անվանելու վերաբերյալ հենց այս մեկնաբանությունը տալով:

Մեդիաները ոչինչ չշեղեցին, տարածեցին գրվածը, ուր սևով սպիտակի վրա գրված էր այն, ինչ գրված էր, Արցախն էլ ծախողը բարեհաջող ծախեց, ու հիմա Արմեն Մարտիրոսյանը փորձում է անմեղ էսթետ թվալ այս գերզգայուն հասարակությունում:

Հիշեցնենք, որ Արմեն Մարտիրոսյանի «Անտարես մեդիա հոլդինգ» հրատարակչությունը Փաշինյանի վարչախմբի ամենասիրելի ընկերություններից է, դրանով է պայմանավորված այն փաստը, որ 2018-ի «հեղափոխություն» կոչվածից հետո ահռելի՝ միլիոնավոր դրամների տենդերներ են շահում, պետբյուջեից մեկ անձից գնման ընթացակարգով հարյուրավոր միլիոնների գումար ստանում, ՔՊ-ական կառավարությանը տարբեր ծառայություններ մատուցում:

Այսօր դատական նիստից հետո ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը մի հետաքրքիր միտք արտահայտեց՝ «Թող ոչ ոք չմտածի, որ այս արագ փոփոխվող աշխարհում ինչ-որ մեկը կարող է ինչ-որ բան անել, ու մինչև կյանքի վերջ ոչ ոք այդ մասին չիմանա, ոչինչ չլինի»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *