Ի՞նչ է կատարվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ Մոսկվայի և Թեհրանի միջև․ արդյո՞ք կան տարաձայնություններ

Երևանի ու Բաքվի միջև Մոսկվայի վերսկսած դիվանագիտական ջանքերի ֆոնին Իրանի Իսլամական Հանրապետությունն ակտիվացրել է դիվանագիտական հայտարարություններն ու ժեստերը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» անթույլատրելիության մասին։

ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին իր X-ի էջում գրել է, որ հարևանների տարածքային ամբողջականությանն ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում կարմիր գիծ է Իրանի համար։ «Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը ոչ թե սոսկ նախապատվություն են, այլ մեր ազգային անվտանգության հիմնասյունը: Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից մեր հարևանների տարածքային ամբողջականությանն ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ է Իրանի համար», – գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն X-ում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի ԱԳՆ-ն Թեհրանում Ռուսաստանի դեսպանին կանչել է հանդիպման՝ ի պատասխան Մոսկվայի վերջերս ցուցաբերած աջակցության իբրև թե միջանցքին, որով Ադրբեջանը Հայաստանի տարածքով կկապվի Նախիջևանին: Նա հայտարարել է, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում սահմանների ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության։

Իրանի ԱԳ նախարարի օգնական, Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն իր բողոքն է հայտնել «Զանգեզուրի միջանցքին» Ռուսաստանի աջակցության դեմ: Դեմիրչիլուն Իրանի անունից աջակցություն է հայտնել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ու աշխարհաքաղաքական ստատուս-քվոյի ցանկացած փոփոխության։ Այս մասին հայտնել էր IRNA-ն:

Թեհրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ հանդիպմանը կողմերն ընդգծել են տարածաշրջանի բոլոր երկրների շահերին ու օրինական մտահոգություններին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը։ Դիվանագետները մտքեր են փոխանակել Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ և նշել ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկրների փոխադարձ շահերի հարգման կարևորությունը, որոնք, ըստ նրանց, երաշխավորում են կայուն խաղաղությունն ու տարածաշրջանային համագործակցությունը։ Նրանք քննարկել են առաջիկա հանդիպումը «3+3» խորհրդատվական ձևաչափի շրջանակներում, որում ներառվում են Հարավային Կովկասի երեք երկրներ՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։

Ուշագրավը, սակայն, այն է, որ ՌԴ պաշտոնական որևէ շրջանակ ուղիղ չի խոսում, այսպես կոչված, միջանցքի թեմայի շուրջ։

Ավելին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշում է, որ ՌԴ-ն միջանցք տերմինաբանությունը չի կիրառում և փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խումբը չի քննարկել որևէ ճանապարհ միջանցքային տրամաբանությամբ։ Այս մասին բազմիցս հայտարարություններ է արել նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Թեև վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը սաբոտաժի է ենթարկում ՀՀ իշխանությունը, ինչը դարձավ Մոսկվայի և Երևանի միջև դիվանագիտական փոխհրաձգության պատճառ։

Սակայն ակնհայտորեն միջանցքի հարցը բարձրացնում է Ռուսաստանի առջև ադրբեջանական կողմը։ Պուտին-Ալիև նախավերջին հեռախոսազրույցում, որը հաջորդեց օգոստոսի 18-19-ին Պուտինի՝ Ադրբեջան կատարած պետական այցին, ըստ ադրբեջանական նախագահական հաղորդագրության, քննարկվել էր Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի հարցը։ Պուտին-Ալիև շփումների այս մասը տեղ չէր գտել ռուսական հաղորդագրությունում, ինչն ուշագրավ նրբություն է՝ հաշվի առնելով, որ նման հաղորդագրությունները յուրաքանչյուր երկիրը ներկայացնող պաշտոնյայի լրատվական ծառայությունը կազմում է տվյալ երկրի օրակարգերի հիման վրա։

Դժվար չէ ենթադրել, որ Մոսկվայի միջնորդական ջանքերին համաձայնելու դեպքում Բաքուն Մոսկվայից ակնկալում է ստանալ որոշակի «պարգև», այս դեպքում, ամենայն հավանականությամբ, այսպես կոչված՝ միջանցքի տեսքով։

Սակայն այս թեմայով Պուտին-Ալիև շփումներից հետո ռուսական պաշտոնական դիրքորոշումը դեռևս գոնե հրապարակային դաշտում չի փոխվել այս մասով, սակայն ուշագրավ է, որ չնայած ռուսական կողմից հնչող հստակ հայտարարությունների այս թեմայի շուրջ, իրանական կողմը սկսել է որոշակի ուղերձներ հղել։

Ինչպես հայտնի է, ՀՀ իշխանությունները հակված են Ադրբեջանի հետ բանակցել ուղիղ՝ առանց միջնորդների և հատկապես՝ առանց ռուսական միջնորդության, թեև միևնույն ժամանակ էլ նշում են, որ սկզբունքորեն չեն բացառում միջնորդությունը։ Այս ամենով հանդերձ, ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են կապ ապահովել Ադրբեջանի ու Նախիջևանի միջև, այն անվանելով Ադրբեջան, սակայն առանց միջանցքային տրամաբանության, թեև նաև նշում են, որ քննարկում են ճանապարհի վերահսկողության հարցում դրսից պահնորդական կազմակերպության ներառման հարցը։

Այդ մասին իր վերջին ասուլիսի ընթացքում խոսել էր Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ-ն ինքնուրույն կարո՞ղ է այդ անվտանգությունն ապահովել, Փաշինյանը նշեց, որ կարող է, սակայն նաև ասաց, որ կարող են լրացուցիչ մեխանիզմներ նույնպես ունենալ։

«Գիտեք, որ ՀՀ ԱԱԾ-ում ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որի սահմանադրական խնդիրներից է նաև այդ հարցի լուծումը, բայց մյուս կողմից՝ նամանավանդ օրենսդրական բարեփոխումների տրամաբանության մեջ, անվտանգության ապահովման լրացուցիչ գործառույթներ կարող են իրականացնել ՀՀ-ում լիցենզավորված գործունեություն ծավալող պահնորդական կազմակերպությունները»,- ասաց Փաշինյանը՝ շարունակելով, որ իր իշխանությունը կամաց-կամաց պետական այդ ֆունկցիան պատվիրակում է մասնավոր ընկերություններին, որոնք կարող են ներգրավվել՝ որպես նաև տնտեսության զարգացման խթան։ «Մենք այս գաղափարները թափանցիկ կերպով կիսել ենք։ Եվ, իմ կարծիքով, ընկալումը դրական է և դրական պետք է լինի, իսկ ինչո՞ւ պետք է լինի բացասական։ Եվ Հայաստանում, և Ադրբեջանում, և Ռուսաստանում, իսկ ի՞նչն է ասվածի մեջ սխալ կամ անտրամաբանական»,- ասաց նա։

Ռուսական դիվանագիտական շրջանակներում168.am-ի տեղեկությունների համաձայն, կա կայուն կարծիք, որ ՀՀ իշխանությունները պատրաստ են այդ հարցով համաձայնության Ադրբեջանի հետ Արևմուտքի հովանու ներքո, ուստի պատահական չէ, որ հրապարակայնորեն քննարկում են պահնորդական կազմակերպությանը ճանապարհի վերահսկողության գործընթացում ներառելու հարցը։

Ըստ մեր աղբյուրների, ՌԴ-ն, բնականաբար, հավատարիմ է նոյեմբերի 9-ի փաստաթղթին, որի 9-րդ կետը սահմանում է Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի ռեժիմը ռուս սահմանապահների վերահսկողությամբ, ինչին դեմ են ՀՀ իշխանությունները, սակայն դեմ չեն պահնորդական կազմակերպության վերահսկողությանը, որն ամենայն հավանականությամբ կլինի արևմտյան։

Ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ բարդ է պատկերացնել, որ աշխարհաքաղաքական ներկայիս բարդ իրավիճակում, երբ Ռուսաստանն ու Իրանն ունեն բազմաթիվ համընկնող լուրջ շահեր, խնդիրներ ունենան նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի շուրջ։ Պարզապես, ըստ նրա, Իրանը, ինչպես նախկինում, փորձում է իր դիրքորոշումներով կանխել այդ հարցի քննարկումն ու քննարկումների զարգացումը։

«Երբեք չենք կարող իմանալ, թե ինչ է քննարկվում փակ դռների ետևում, սակայն կարող ենք վերլուծել պարզ իրողություններ։ Բոլորս սովոր ենք դիվանագիտությունն ընկալել ուղիղ և այնպես, ինչպես գրվում է դիվանագիտական տեքստերում, սակայն դիվանագիտությունը շատ ավելի խորը ու լայն գործընթաց է, հաճախ՝ անուղղակի։ Ուստի այն, ինչ ասվում է Ռուսաստանի հետ շփումներում, պարտադիր չէ, որ ուղղված լինի հենց Ռուսաստանին։ Այլ հասցեատերեր ունեն այդ հայտարարությունները։ Կարծում եմ, որ Ռուսաստանն ու Իրանն այս և ավելի բարդ հարցերում ունեն կոնսենսուս։ Բացի այդ, ուշադրություն հրավիրեմ մեկ այլ հանգամանքի վրա, որ Ուկրաինայում Ռուսաստանի գործողության մեկնարկից հետո Անդրկովկասում շատ հարցերի վերաբերյալ ՌԴ-ն արմատական կարծիք չի հայտնում՝ դա թողնելով Իրանին, թույլ տալով Իրանին ավելի մեծ ազդեցություն։ Ուստի այս ամենը պետք է հասկանալ առավելապես այս դիտանկյունից և ոչ՝ ռուս-իրանական հակասությունների, քանի որ դրանք հնարավորինս քիչ են»,- նման կարծիք հայտնեց Արեշևը։

Նա գտնում է, որ նման բարդ ռեգիոնում աշխարհաքաղաքական այս փուլում միջնորդության հայտ ներկայացնող երկիրը պետք է բախվի խնդիրների, քանի որ կողմերը հատկապես Ռուսաստանի մոտ պետք է փորձեն իրենց կշիռը բարձրացնել՝ յուրաքանչյուրն առանձին ինչ-որ բան ստանալով Ռուսաստանից։

«Այս հակամարտությունում այսպիսի ռեժիմ է պատերազմից հետո, միջնորդական հարթակի փոփոխության յուրաքանչյուր փուլ ուղեկցվում է լուրջ «առևտրով»։ Այս դեպքում հավանական միջնորդի խնդիրը ևս ճկուն դիվանագիտություն վարելն է և գործընթացն իր հունով տանելը մինչև բանակցությունների մեկնարկը»,- ասաց Արեշևը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *