Երկու ամիս ուշացումով Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կողմերը «ծննդաբերեցին» Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։
Փաստացի, այս փաստաթուղթը, որն արդեն Հայաստանի ԱԺ-ում հաստատման ճանապարհին է, գրեթե ամբողջությամբ ներկայացնում է այն մոտեցումները, ինչի մասին պատմում էին ադրբեջանական կողմի տարբեր ներկայացուցիչներ, նաև մամուլը։ Եթե շատ կարճ, ապա սահմանազատումն անցկացվելու է Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա՝ «վերաբերելի» քարտեզների կիրառությամբ ու հատվածական։ Եթե սա թարգմանենք մարդկային լեզվով, ապա Ադրբեջանը կարող է ներկայացնել ՑԱՆԿԱՑԱԾ քարտեզ, այն ներկայացնել՝ որպես «վերաբերելի» Հայաստանի ՑԱՆԿԱՑԱԾ հատվածի վերաբերյալ ու պարտադրել՝ իր պայմաններով սահմանազատում։ Բա ի՞նչ էիք ուզում, մարդիկ «Արևմտյան Ադրբեջան» են կառուցում։
Մյուս կետը, որ շատ հետաքրքիր է, այն է, որ արձանագրությունները կազմվելու են երեք լեզվով՝ հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն, որով էլ մեկնաբանվելու են տարընթերցումները։ Ու կարող էր թվալ, ի՞նչ կա որ։ Ռուսերենն էլ է միջազգային լեզու։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այս փաստաթուղթը հասանելի է դառնում միայն Պուտինի Բաքու այցելությունից հետո։ Չլինի՞ վերջնական հաստատումը հենց ն է տվել։ Ու մի տեսակ փոխվել է Հայաստանի հռետորաբանությունը։ Այնուհանդերձ, այս փաստաթուղթը, որը Նիկոլ Փաշինյանի առաջարկով՝ ավելի մանրամասն քննարկում կանցնի, երբ «ՍԴ կտա դրական եզրակացություն», հայկական շահերը ներկայացնում է՝ այնքանով-որքանով, բայց այ Ադրբեջանի ուզածը ներկայացված է լիարժեք։ Ու կասկած չկա, որ ՍԴ-ն տալու է դրական եզրակացություն, ԱԺ-ն էլ դակելու է այն, բա Փաշինյանն արդեն կառավարության նիստին հրահանգել է՝ «դրական եզրակացություն»։