Շատ տարօրինակ ու նույնիսկ ծիծաղելի պատճառաբանությամբ ՀԱԷԿ-ի՝ էլեկտրաէներգետիկ համակարգից դուրս գալու մասին տարբեր խոսակցությունները շարունակվում են։ Սակայն պարզ է, որ Հայաստանի ատոմակայանը բազմաթիվ աշխարհաքաղաքական «կռիվների» կիզակետում է։ Բայց նախ դրա անջատման պատճառների մասին։
ՀԱԷԿ-ը առաջին տարին չէ գործարկված։ Ավելին, այն այնքան վաղուց է գործում, որ նույնիսկ քննարկվում է դրա վերջնական կոնսերվացման հարցը։ Բայց պարզվում է, այս ամբողջ ընթացքում որևէ անգամ ոչ կայծակ էր եղել, ոչ էլ հորդառատ անձրև։ Ու միայն հիմա, այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն, Թուրքիան ու Ադրբեջանը, ուղղակի ու անուղղակի եղանակներով փորձում են արագ հասնել դրա փակմանը, լինում է այնպիսի կայծակ, որ առաջանում է խափանում ու հոսանքազրկվում են Երևանի մի շարք շրջաններ, Էջմիածինն ու Արմավիրը։ Բաքվում էլ անհանգստանում են Մեծամորի ատոմակայանի առնչությամբ՝ պնդելով, թե վթարի դեպքում ոչ միայն Հայաստանը կտուժի։
Իսկ ի՞նչ է իրականում տեղի ունենում։ Արևմուտքը հայկական խաղաղ ատոմը համարում են Ռուսաստանից կախվածության կարևորագույն օղակ ու մեզ «դրանից ազատելու» համար առաջարկում են մոդուլային՝ ավելի թույլ հզորությամբ ատոմակայաններով փոխարինել, որը դեռևս բավարար ուսումնասիրված չէ, ինչի արդյունքում կարելի է պնդել, որ վտանգավոր է։ Բայց դա ԱՄՆ-ին, որը չունի մոդուլային ատոմակայանների տեխնոլոգիան, դա չի հետաքրքրում։ Կարևորը ՌԴ-ն մեզ չտրամադրի հումք ու հետո այստեղից չտանի միջուկային թափոնը։
Թեման էլ պարտադիր պիտի տաք պահեն Թուրքիան ու Ադրբեջանը, որ է՛լ ավելի հիմնավորված դառնան ԱՄՆ-ի պահանջները։
Իսկ եթե ավելի պարզ, ապա ՀԱԷԿ-ի այս մի քանի ժամանակից ու անհասկանալի հանգամանքներով պայմանավորված անջատումն արդեն իսկ ցույց է տալիս, թե ինչ կարող է լինել Հայաստանի հետ՝ ատոմակայանի կանգի պատճառով։ Առանց հոսանքի՝ թուլացած տնտեսությամբ պետությունը կուլ տալն ավելի հեշտ է։