Փաշինյանի ասուլիսի վտանգները

Փաշինյանի հանկարծակի ու արագ հայտարարված ասուլիսը ամենակարճատևն էր նրա վարչապետական կարիերայում։ Բայց դա բոլորովին չի նշանակում, թե այն պակաս վտանգավոր էր՝ Հայաստանի և հայերի համար։

Բնականաբար, այլևս «100 փաստեր» չունենալով՝ նա ստիպված է բավարարվել նկարած վիճակագրությանը հղում անելու մի քանի մանր դրվագով՝ մինչև կներկայացներ իր իսկապես հակահայ թեզերը։ Դրանք ներկայացնենք հերթականությամբ։

Արցախ

Իր սովորության համաձայն՝ Փաշինյանն իր ուղիղ մեղավորությունը բարդեց ընդամենը մի քանի օր կառավարումն իրականացնող Արցախի իշխանությունների վրա, թե բա «ԼՂ լուծարման վերաբերյալ որոշումը ես չեմ ստորագրել»։ Նման պնդմանն, իհարկե, պատասխանեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ պնդելով, որ ստորագրված փաստաթուղթը օրինական չէ, և ամենակարևորը՝ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ ամբողջ կառավարությունը տեղյակ են եղել Արցախում՝ էթնիկ զտման օրերին կատարվող բոլոր իրադարձություններին՝ ներառյալ ստորագրված փաստաթղթի բովանդակությանը։

Բայց Փաշինյանի համար այլ մեղավորներ ևս կան, օրինակ՝ գերիները, որոնց մասով, թեև իրենք «ամեն օր ջանք են թափում», բայց այ Ռուբեն Վարդանյանը «քխ» է, քանի որ ըստ Փաշինյանի «պայծառ» մտքի, նրան «գործուղել էին» Արցախ ու հետո հրաժարվել են։

Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի փաստաթղթին, ապա պարզվում է, անկախ արևմտամետների դաժան լոբբիինգից՝ Երևանը մտադրություն չունի դրանից հրաժարվել։ Տեսնես ինչո՞ւ։ Չլինի Պուտինն ու Ալիևը «բացատրել» են «Գիքորին»՝ դրա հատկապես պատերազմական վտանգների մասին։

Ռուսաստան

Պուտինը երևի շատ լավ է «բացատրել» իրողությունը տարածաշրջանում, քանի որ ասուլիսում լրիվ ուրիշ Փաշինյան էր ու բոլորովին նման չէր ԱԺ դահլիճում իրեն հակառուսականությամբ պատառոտող մի «ճղճղանի»։ Բայց մի քանի դրվագ Փաշինյանի «հին կրոնից», ամեն դեպքում կար։

Պուտինը բարի է, իսկ այ Լավրովը՝ ոչ այնքան, թե չէ. «Ո՞վ է տեսել՝ միջնորդը մեզ մեղադրանք ներկայացնի, բայց մենք գնանք ասեք՝ արի միջնորդություն արա»։ Այսպես է Փաշինյանն արձագանքում Լավրովի «սաբոտաժի» մասին արտահայտությանը։ Հո Փաշինյանը չգիտի՞, որ նա առանց իր երկրի ղեկավարի իմացության բան չի ասի, ավելին, նրա ասածը մաքուր ճշմարտություն է՝ դառը ու ցավոտ։

Բայցևայնպես՝ «Հայաստանը բոլոր մակարդակներում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին», բայց կառույցից դուրս գալ չի շտապում Փաշինյանը, իսկ Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի հետ կապված՝ «այսօր ոչինչ չունենք ասելու»։

Պուտինը լավ «բացատրել է»։

Հայաստան-Ադրբեջան

Բայց օրինակ Ալիևի բոլոր պահանջներն, առանց բացառության, կատարելու համար, ՌԴ-ն խանգարում է, դրա համար էլ Փաշինյանի համար առավել արդյունավետ են Ադրբեջանի հետ երկկողմ հանդիպումները և ուղիղ շփումները։ Ու նա դեմ էլ չի լինի, եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարի, «կզելուն» խանգարում են, չէ՞, ի վերջո։ Իսկ որպեսզի «կզելն» ամբողջական լինի, Փաշինյանն Ադրբեջանի նախագահին առաջարկել է՝ երկկողմ հանդիպում՝ թեկուզ հայ-ադրբեջանական սահմանին։ Բայց թե որտեղ է այդ սահմանը դեռևս միայն Ալիևը գիտի, քանի որ  «Սահմանազատման հանձնաժողովները կորոշեն` որտեղից կշարունակվի սահմանազատումը»։ Ավելին, «Մենք պատրաստ ենք ճանապարհները բացել հենց վաղը» ու «Բաքվին առաջարկել ենք պայմանագիրը ստորագրել այն կետերով, որոնց շուրջ համաձայնություն կա»։ Կարևորը ապացուցենք, որ «Մենք օկուպացված տարածքների նկատմամբ մեր ինքնիշխանությունը ռազմական ճանապարհով վերականգնելու խնդիր չենք դնում»։

Ու ամենակարևորը, դեռ մեզ չեն «հրահանգել» Բաքվից՝ գնալ COP 29–ին, թե ոչ։

Մի խոսքով, ավելի վատ չէր էլ կարող լինել՝ տեսնել Հայաստանի ղեկավար, որը ամեն պատեհ առիթով պատրաստ է ծնկել թշնամի պետության ղեկավարի առաջ ու ծամածռվել նրա հրահանգով։ Նույնիսկ ՀՀ սահմանադրությունը փոխել՝ թեև Ադրբեջանի սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ՀՀ նկատմամբ, մենք հո չենք ասի, որ փոխեն, քանի՞ գլխանի ենք։ Կարևորն այն փաթեթավորենք, որպես «մեր ներքին հարց և դա ներքին օրակարգի մաս»։

Թուրքիա

Առհասարակ, Փաշինյանը շատ արագ, կարելի է ասել «կոճակով» մոռանում է իր նախկին ասածները։ Այ օրինակ, երբ հարցնում են, թե ինչ կասի 44-օրյա պատերազմում Թուրքիայի մասնակցության վերաբերյալ Էրդողանի հայտարարության մասին, նա ուղղակի գերադասում է մոռանալ, չանդարդառնալ։ «Ես չեմ ուզում շեշտադրել կամ անդրադառնալ մեզ համար շատ ծանր դրվագներին և ժամանակաշրջանին մանավանդ այս պայմաններում, երբ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում շատ դանդաղ, բայց, այնուամենայնիվ, որոշակի դրական դինամիկա է նկատվում իր բոլոր խնդիրներով»։ Որ մոռացած չլիներ, հո չէ՞ր գնա Էրդողանի երդմնակալության արարողությունը ու ծնկեր նրա ու Ալիևի առաջ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *