Անկախ Հայաստանի ղեկավարի «կզելու» ցանկությունից՝ Բաքուն, միևնույն է, դժգոհ է։ Նրանք համարում են, որ իրենց ու մեր սահմանադրությունները համեմատելն անթույլատրելի է։ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են, թե. «Ցավալի է, որ օգոստոսի 31-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում հերթական անգամ մի շարք հայտարարություններ արեց, որոնք հակասում են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովման ջանքերին»։
Ավելին, Հիքմեթ Հաջիևն ասել է, թե սահմանազատման հանձնաժողովների աշխատանքային կանոնակարգի հրապարակումը «բավարար հիմք է՝ Հայաստանից ԵՄ առաքելության դուրս գալու համար»։ Հիշեցնենք, որ հենց Ադրբեջանը դեռ այն չի հրապարակել, ուստի լեգիտիմ չէ այդ երկրում, նաև կողմերից որևէ մեկը դեռ չի էլ վավերացրել։ Բայց արդեն պահանջում են դուրս բերել (իրականում՝ խոստովանենք, որ լիովին անիմաստ) ԵՄ առաքելությունը։ Հաջիևը նաև պնդում է, թե. «Սահմանափակումներ պետք է կիրառվեն Հայաստանի զինված ուժերի նկատմամբ»։
Իսկ Բայրամովը ծաղրել է հայկական կողմի դանդաղկոտությունը, թե բա «Մոտ 70 օր անց՝ վարչապետի ասուլիսից մի քանի ժամ առաջ, Հայաստանն իր տարբերակը փոխանցեց Ադրբեջանին»։ Պարզվում է նաև, որ մեր կողմից ներկայացված տեքստի նախագծից մի քանի կարևոր կետեր դուրս են մնացել ու խոստացել, որ «Առաջիկայում մենք Հայաստանին կներկայացնենք մի տարբերակ, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա և համապատասխանում է մեր ազգային շահերին»,-ասել է Բայրամովը։
Դե այս անմիջնորդ երկխոսությունում Հայաստանի շահերը ներկայացնող չկա, ուստի Ադրբեջանն ինքն է որոշելու, թե մեզ ինչ «թուլափայ» կթողնի մեր պատմական հայրենիքից։