Գրեթե միաժամանակ, ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը ասուլիս էր տալիս Լյուքսեմբուրգի իր պաշտոնակցի հետ ու էլի մեկին մեկ կրկնում Ալիևին։ Ինչպես վերջինս էլ ընդամենը մի քանի օր առաջ հայտարարել, թե 80%-ով պատրաստ է այսպես կոչված «խաղաղության» պայմանագիրը, հիմա էլ Միրզոյանն էր պնդում, թե «տեխնիկապես կա 16 հոդված, որոնցից 13-ն ամբողջապես համաձայնեցված են, 3-ը՝ մասնակի համաձայնեցված»։ Ու այն պարագայում, երբ հայ հասարակությունը այդ փաստաթղթի մանրամասներին տեղեկանում է Ադրբեջանի ամենատարբեր պաշտոնյաներից՝ Միրզոյանն ասում է, թե. «Բանակցային գործընթացում հասարակությունից գաղտնիք և տհաճ անակնկալներ չունենք»։ Ուզում ես ասել՝ «իյա, իրո՞ք»։
Ու կարող էր թվալ, թե այս իդիլիային ոչինչ չի կարող խանգարել, մեկ էլ հանկարծ Ադրբեջանի ԱԳՆ-ից է գալիս պատասխանը՝ թե. «Երևանը փորձում է կրճատել Բաքվի հետ հաշտության պայմանագրի տեքստը՝ այն արագ ստորագրելու համար» ու որ ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրվելու, քանի դեռ բոլոր կետերը հստակեցված չեն՝ այդ թվում ՀՀ սահմանադրությունը փոխված չէ։
Ավելին, ըստ Ալեն Սիմոնյանի, գերիների հարցը ներառված չէ խաղաղության պայմանագրի մեջ, իսկ Ադրբեջանն անբեկանելիորեն շարունակում է Արցախի իսլամացման քաղաքականությունը նաև վիրտուալ տիրույթում։
Բայց ոչինչ, կարևորը մենք «բարաթ» ունենանք, որ Նիկոլը վերարտադրվի։
Այս ֆոնին, Ղազախստանն է հայտարարում, որ պատրաստ է հարթակ տրամադրել խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար։ Տոկաևի այս հայտարարությանը անմիջապես պատասխանում է Ալիևը՝ ասելով, որ «Ադրբեջանի և Հայաստանի միջև Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար»։ Ու շարունակում է զինել բանակն ու տարբեր զորավարժությունների ուղարկել իր բանակի ԶՈւ ստորաբաժանումները՝ այս անգամ Ղազախստանում։
Մենք շարունակում ենք «թուղթ մուրալ»։