«Ջուրը գնալու տեղ չունի, Քաղաքապետարանն ու Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկեն՝ կարող է ստեղծվել կրիտիկական վիճակ». Սիլվա Ադամյան

Երեկ երեկոյան Երևանը կրկին ջրահեղձ էր լինում, անձրևին զուգահեռ՝ փողոցները լցվել էին ջրով, կային փողոցներ, որտեղ մեքենաները պարզապես մնացել էին ջրի տակ ու չէին կարողանում դուրս գալ։ Սա առաջին դեպքը չէ, երբ մարդիկ իրենց մեքենաներով անձրևից հետո մնում են փողոցներում գոյացած «գետերի» մեջ։

«Թռչնասերների կենտրոն» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով՝ այս ամենը Երևանի համար մեծ խնդիր է, որի մասին բարձրաձայնել են տարիներ շարունակ՝ կլիմայական փոփոխություններին զուգահեռ։

«Այս խնդրի մասին երկար տարիներ մենք բարձրաձայնել ենք, զգուշացրել ենք և Երևանի քաղաքապետարանին, և Կառավարությանը։ Հստակ ասել ենք, որ Երևանի մասշտաբները, ամեն տեսակի հնարավորությունները՝ էներգետիկ, ջրահեռացման, չեն համապատասխանում այն մասշտաբներին, որը հիմա ստացել է Երևան քաղաքը։

Նույնիսկ այն ժամանակ, երբ մայրաքաղաքում շինարարությունը նման թափ չէր վերցրել, և մենք հանդիպում էինք նախկին կառավարության հետ, ու քաղաքապետարանում մեզ ասում էին՝ ջրահեռացման համակարգը բավականին ծանր վիճակում է և շատ քիչ հնարավորություններ կան ջրահեռացման համակարգը կարգի բերելու։ Այսինքն՝ նոր համակարգ պետք է կառուցվի գետային համակարգերի հետ, դե, իրենք մասնագետ էին, հասկանում էին, սակայն այդ ամենը կապված էր գումարների հետ, որը չկար։

Հիմա տեսնում ենք, որ եռակի ու քառակի անգամ շինարարությունը Երևանում շատացել է, ունենք բավականին լուրջ խնդիր, ազգաբնակչությունը շատացել է մասնավոր համակարգը և նորակառույց շենքերը միանում են մեկ համակարգի, որն այժմ գործում է։ Այս համակարգն ի վիճակի չէ սպասարկելու 2 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Երևանին։ Վաղը-մյուս օրը հնարավոր է՝ մենք ունենանք ավելի մեծ մասշտաբներ քաղաքի շինարարության ու ազգաբնակչության, ինչը բացարձակ չի համապատասխանելու մեր ունեցած հնարավորություններին»,- 168.amի հետ զրույցում նշեց Սիլվա Ադամյանը։

Ըստ բնապահպանի, սա է պատճառը, որ ջրահեռացման համակարգը չափից դուրս ծանրաբեռնված է և պատրաստ չէ այն իրավիճակներին, ինչը տեսնում են, սրա մասին պատկան մարմիններին մասնագետները զգուշացրել են։ Իսկ պատկան մարմիններից մասնագետներին ասել են, թե շատ են շտապում, առաջ են ընկնում, քանի որ Հայաստանը դեռևս հեռու է կլիմայական փոփոխություններից։

«Վերջին տարիներին արդեն ավելի ակնհայտ դարձավ, որ մենք շատ լուրջ խնդիրներ ունենք, տեղումների քանակի ավելացումն ավելի է  նպաստելու, որ շատ լուրջ խնդիրներ ունենանք: Տեղումների քանակը շատ է, երբևէ դուք տեսե՞լ էիք, որ նման ուժգնությամբ անձրև լինի, եղել է, բայց շատ վաղուց։

Ջրահեռացման համակարգը սխալ է դասավորված, թող դիմեն մասնագետներին՝ կարգավորեն, ես միայն խոսում եմ դրա պատճառների մասին, իսկ թե ինչպես պետք է կարգավորվի՝ կարող են ասել միայն մասնագետները։ Ջուրը գնալու տեղ չունի, կուտակվում է, այս ամենը պետք է վերանայվի, Երևանի քաղաքապետարանը լուրջ գործունեություն պետք է ծավալի, արդեն հնարավոր չէ որևէ բան անել։

Քաղաքի բարձրադիր գոտիներից ջուրը մեծ քանակությամբ գալիս է դեպի ներքև։ Նման կլիման մեր երկրին բնորոշ չէ, բայց քանի որ կլիմայական փոփոխություններն ամբողջ երկրագնդում են տեղի ունենում, մեզ մոտ էլ է դարձել բնորոշ։ Քաղաքապետարանը Կառավարության հետ պետք է քայլեր ձեռնարկեն, այլապես կարող է ստեղծվել կրիտիկական վիճակ, ավելի վատ վիճակ կարող է լինել»,- եզրափակեց  Սիլվա Ադամյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *