ԿԳՄՍՆ-ի կարծիքով՝ իրենց չափորոշիչներին համապատասխան դասագիրք չենք գրել. Ուղղակի տարօրինակ է». Աշոտ Մելքոնյան

Կրթության ոլորտի փորձագետները բազմիցս բարձրաձայնել են, որ դպրոցներում 13 անուն դասագիրք է բացակայում, որի պարագայում հնարավոր չէ ապահովել որակյալ կրթություն՝ շեշտելով, որ ամբողջ ծանրությունն այս դեպքում մնալու է ուսուցիչների ուսերին։

ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանն այս կապակցությամբ շաբաթվա սկզբին ԱԺ-ում հայտարարեց.

««13 դասագիրք չի մտել դպրոց» արտահայտությունը կապ չունի իրականության հետ։ 10 գրքերի պարագայում, որոնք հիմնականում վերաբերում են օտար լեզուներին և 10-րդ դասարանում «Կենսաբանություն» ու «Քիմիա» առարկաներին, գործածվում են նախորդ տարվա դասագրքերը։ Պատմության դասագիրք չկա 10-րդ դասարանում, քանի որ երաշխավորված դասագիրք չենք ունեցել։ Դրա համար այժմ գնում ենք այնպիսի մի եղանակի, որը պատմության դասավանդումը պետք է դարձնի ավելի արդյունավետ։ Դա անում ենք թղթապանակի միջոցով և զարգացնելով երեխաների մտածողությունը»։

168.am-ի հետ զրույցում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանն ասաց՝ առհասարակ չի պատկերացնում, թե երեխաները դպրոցում ինչպես կարող են սովորել առանց դասագրքերի, առավել ևս՝ պատմություն։

«Մարդը պետք է դպրոցական դասագրքերից մինիմալ գիտելիքներ ստանա, հետո արդեն հավելյալ գրականություն կարդալով, ուսումնասիրելով՝ կարողանա շատ ավելի խորացնել տվյալ առարկայի վերաբերյալ իր գիտելիքները։

Դու նվազագույն գիտելիք չես ապահովում դասագրքի միջոցով և ինչ-որ փաթեթների միջոցով ես փորձում գիտելիք ապահովել, այդ պարագայում երեխան ինչպե՞ս կարող է որևէ բան սովորել։ Առանց դպրոցական դասագրքի՝ հնարավոր չէ յուրացնել տվյալ առարկան»,- նշեց Աշոտ Մելքոնյանը։

Պատմաբանի համար առնվազն տարակուսելի է՝ եթե 10-րդ դասարանի դասագիրքը չէր մտնելու դպրոցներ, ինչո՞ւ հայտարարվեց մրցույթ։

«Այդ մրցույթին մասնակցեց մեր խումբը, բայց նախարարությունը գտավ, որ մենք իրենց չափորոշիչներին համապատասխան դասագիրք չենք գրել, որի պատճառով էլ մրցույթում չենք շահել։ Արդյունքը եղավ այն, որ որոշվեց գտնել մի եղանակ, որն էլ առհասարակ դասագիրք չունենալն էր։ Հիմա հարց է ծագում՝ ինչի՞ համար էր այդ հայտարարված մրցույթը, եթե դպրոցական դասագիրք չպետք է մտներ դպրոց, առնվազն սա ինձ համար տարօրինակ է»,- շեշտեց Աշոտ Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ տարօրինակ բաներ են կատարվում։ Գրվում է մեկ դասագիրք, խոսքը 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի մասին է, որի մասին 100-ից ավելի մասնագետներ բացասական կարծիք են արտահայտում, բայց այդ դասագիրքը մտնում է դպրոց։ 8-րդ դասարանի դասագիրքը մերժվում է, բայց հետո զարմանալիորեն կրկին մտնում է դպրոցներ՝ դիտողությունները հաշվի առնելով ու շտկելով։ 10-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի համար մրցույթ է հայտարարվում, որին մասնակցած խումբը չի շահում։

«Ուղղակի տարօրինակ է, եթե դասագիրք չէր լինելու, ինչո՞ւ եղավ 7-րդ և 8-րդ դասարանների դասագրքերը՝ ուրեմն այստեղ հակասություն կա, անհասկանալի է ԿԳՄՍՆ-ի նման մոտեցումը»,- եզրափակեց Աշոտ Մելքոնյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *