Աշխարհաքաղաքական կարևորություն ունեցող ճանապարհի վերահսկողությունն ինչ-որ մասնավոր ընկերությունների տրամադրելու գաղափարի հետևում ուժային խոշոր կենտրոններից որևէ մեկն է կանգնած. Շիրազ Խաչատրյան

Վերջերս Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի իր գործընկերոջ՝ Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի շուրջ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին»: Չնայած սրան, իրանական կողմից շարունակում են զգուշացումները, որ Իրանը մտադիր չէ հրաժարվել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցում իր դիրքորոշումից և թույլ չի տա սահմանների փոփոխություն:

Նշենք, որ Ռուսաստանը կոմունիկացիաների ապաշրջափակումը տեսնում է 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարության շրջանակում, ինչի մասին ևս մեկ անգամ հիշեցրել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ում երեկ ընդունել էր Նիկոլ Փաշինյանը:

Իսկ թե Շոյգուն ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսում Թեհրանի հետ ունեցած, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, երբ Իրանը բացառում է ցանկացած միջանցք, ցանկացած մեկի կողմից վերահսկվող, 168.am-ը փորձել է պարզել «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ զրույցում:

– Չնայած իր խոսքում Ռուսաստանի պաշտոնյան ասել է, որ Մոսկվան հավատարիմ է Զանգեզուրի հետ կապված Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, չնայած ՌԴ կողմից հնչում են կարծիքներ առ այն, թե անհրաժեշտ բոլոր պարզաբանումները տրամադրվել են իրանական կողմին «Զանգեզուրի միջանցքի» թեմայի վերաբերյալ, այնուհանդերձ, ակնհայտ երևում է՝ այս հարցում Ռուսաստանի և Իրանի հակադրություններն արդեն դուրս են գալիս դիվանագիտական քննարկումների դաշտից և սկսում են հրապարակային բնույթ կրել, որտեղ յուրաքանչյուրը փորձում է առաջ մղել սեփական շահերը։

Իրանական կողմը լուրջ մտահոգություններ ունի, որ Ռուսաստանը՝ անկախ բազմաթիվ հավաստիացումներից, պատրաստվում է կոնկրետ քայլեր ձեռնարկել Սյունիքով անցնող երթուղու իրագործման ուղղությամբ, այդ պատճառով էլ անընդհատ շեշտում է իր կարմիր գծերի մասին։ Իրանի անհանգստությունն այն է, որ 44-օրյա պատերազմից, Արցախի օկուպացիայից հետո, և ռուս-ուկրաինական պատերազմի այս ժամանակահատվածում տարածաշրջանային սուբյեկտների միջև վերադասավորումներ են տեղի ունեցել, ու ի վնաս իրեն, այսինքն, իր հյուսիսային սահմանների ուղղությամբ փաստացի վտանգները շատացել են։

Այո, Թեհրանը հայտարարում է՝ կողմ է, որ միջանցքի վերահսկողությունը լինի Հայաստանի կողմից, բայց նաև տեսնում է, որ Հայաստանը շատ թույլ է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պահպանելու հարցում: Եվ հասկանում է, որ Արևմուտքի ու Ռուսաստանի կողմից վարվող «փափուկ» քաղաքականության շնորհիվ Հայաստանն անընդհատ նոր զիջումների է գնում, դրա համար էլ Իրանը նույնիսկ տնտեսական, ռազմատեխնիկական սերտ համագործակցություն ունեցող «բարեկամ» Ռուսաստանի հետ փորձում է կոշտ բառապաշարով խոսել։

Տարածաշրջանային խոշոր խաղացողներն ակտիվացրել են իրենց գործունեությունը Հարավային Կովկասում, բնականաբար, ամեն մեկն իր շահերից ելնելով է փորձում անվտանգային համակարգը կառուցել այստեղ, բայց դերակատարների միջև չկա և չի էլ ստացվում միասնական մոտեցում «Զանգեզուրի միջանցքի» հարցի շուրջ, դրա համար էլ իրավիճակը գնալով էլ ավելի է բարդանում։

– Իրանական շրջանակները և աղբյուրներն ասում են, որ Իրանն ինտենսիվորեն առաջ է տանում «Արաքսի միջանցք» տարբերակըորն անցնում է Իրանով և վերահսկվելու է իր կողմիցՍա կարո՞ղ է իրականում այլընտրանք դիտարկվել «Զանգեզուրի միջանցքին»:

– Իրանը փորձում և աշխատում է այդ ուղղությամբ։ Իրանցիների պատկերացմամբ, «Արաքսի միջանցքի» գործարկմամբ կարող են հակազդել «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ծավալվող գործընթացներին, բայց պարզ է, չէ՞, որ այդ ամենը հասկանում են նաև Թուրքիան և Ադրբեջանը, որոնք հավակնոտ և հետևողական քաղաքականություն են փորձում վարել իրենց համար ստեղծված նպաստավոր այս ժամանակահատվածում՝ իրենց աշխարհաքաղաքական նախագծերը կյանքի կոչելու համար:

Պարզ է, չէ՞, որ արևմտյան դերակատարները կամ Ռուսաստանը չեն սպասելու և իրենց միջնաժամկետ ու երկարաժամկետ որոշումներն ունեն տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունների հետ կապված։

Որքան էլ Իրանը խոսի իր տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը կապող «Արաքսի միջանցքի» շուտափույթ գործարկման մասին, փորձի ժամանակ շահել, դիվանագիտական հնարքներ կիրառել, «Զանգեզուրի միջանցքին» որպես այլընտրանք դիտարկել այդ ճանապարհը, այնուհանդերձ, Սյունիքով անցնող միջանցքային տրամաբանությամբ երթուղի ունենալու ակնկալիքը շարունակում է օրակարգային մնալ և՛ արևմտյան դերակատարների, և՛ Թուրքիայի ու Ադրբեջանի, և՛ Ռուսաստանի աշխարհաքաղաքական ծրագրերում։

– Ի դեպ, երբ Ռուսաստանը որոշեց վերադառնալ ապաշրջափակման գործընթացի կողմ լինելու իր լեգիտիմ իրավունքին, Նիկոլ Փաշինյանն ակտիվացրեց իր մեկնաբանությունները եռակողմ հայտարարության 9-րդ կետի, որտեղ ՌԴ-ին դեր կա հատկացված: Ավելին, Փաշինյանը բանավոր խմբագրեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ապաշրջափակման մասին 9-րդ կետը՝ «վերահսկողությունը» դարձնելով «մոնիտորինգ», և մասնավոր ընկերության ներգրավման մասին թեմա բացվեց: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ սկսեց վստահեցնել, որ պահնորդական ընկերության ներկայացուցիչներն ընդամենը գնացքում ուղեկցելու են բեռներն ու մարդկանց, ոչ թե տեղակայվելու երկաթուղու երկայնքով: Իրականում պահնորդական կամ մասնավոր ընկերության ներգրավումն ի՞նչ ռիսկեր է պարունակում:

– Վերջին ժամանակաշրջանում ռուսական կողմի ակտիվ քաղաքական, քարոզչական և դիվանագիտական շարժերը հուշում են, որ Մոսկվան թերևս փորձում է ցույց տալ, որ չի պատրաստվում հեռանալ տարածաշրջանից, ձգտում է իր ազդեցությունը պահպանել ռեգիոնում ու խոսում է այն հարցերից, որոնք կարող են օրակարգային դարձնել իր և հարևան պետությունների ծրագրերում։ Դրանցից ամենակարևորը ձեր նշած նոյեմբերի 10-ի պայմանագրով ռուսական կողմին վերապահված պարտավորություններին անցնելու հարցն է։ Բազմիցս խոսել ենք այս հարցի առնչությամբ։ Այն հանգամանքը, որ եռակողմ հայտարարության գրեթե բոլոր դրույթները խախտվել են նաև ՌԴ սխալ հաշվարկների, քայլերի պատճառով, և դրա հետևանքով ուղղակի փոխվել է տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգը, լուրջ մտահոգություններ և հիմքեր են տալիս կողմերին կասկածելու Ռուսաստանին վերապահված իրական պարտականությունների կատարման հարցում։ Արցախի սցենարը բոլորի աչքի առաջ է։

Իսկ ինչ վերաբերում է հնարավոր երթուղու վերահսկողությունը պահնորդական կամ մասնավոր ընկերություններին տրամադրելու հարցին, կարող եմ ասել, որ աշխարհաքաղաքական կարևորություն ունեցող այս ճանապարհի վերահսկողությունն ինչ-որ մասնավոր ընկերությունների տրամադրելու գաղափարի հետևում դարձյալ ուժային խոշոր կենտրոններից մեկն է կանգնած։

Քարոզչական առումով իմիտացիաներ են կառուցում, թե իբր Հայաստանում որևէ դերակատարի ներգրավում չկա, բայց դրանից ամբողջ գորշ և վտանգավոր պատկերը չի փոխվում. դերակատարներից որևէ մեկի ազդեցությունը մեծանալու է:

Կարծում եմ, պահնորդական ընկերության ներգրավումն ավելի շատ ամերիկյան նախաձեռնություն է:

Այսինքն, չի կարող «Մարսից իջած» ինչ-որ պահնորդական ընկերություն լինի, Հայաստանն էլ ինքնուրույն որոշում կայացնի և չլսի ու չենթարկվի աշխարհաքաղաքական դերակատարներից որևէ մեկին:

Պարզ է, որ իմիտացիա է, և այս դեպքում, եթե ՌԴ առաջարկությունը չի, քանի որ նա ասում է՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները պիտի լինեն, և հիմա որպես դրան այլընտրանք՝ ԱՄՆ առաջարկն է առաջ մղվում, և մասնավոր ընկերության ներգրավմամբ փորձ է արվում փրկել Հայաստանի դեմքը, որ ոչ ռուսական զորք կա, ոչ թուրքական, ոչ ադրբեջանական, ոչ ամերիկյան, ոչ էլ իրանական: Սրան զուգահեռ՝ Իրանի ճանապարհն են փակում, իրենց երթուղին են մինչև Կենտրոնական Ասիա գծում, ՌԴ-ին էլ դուրս են թողնում:

Այնպես որ, գեղեցիկ փաթեթավորմամբ, ժամանակ առ ժամանակ ինչ-որ լուծումներ են փորձում առաջ մղվել, բայց այդ ամենից տարածաշրջանում Հայաստանի շուրջ ծավալվող իրական սպառնալիքները չեն պակասում։

– Անընդհատ խոսում ենք Սյունիքի մասին, մոռանում ենք Նախիջևանի մասին, ի՞նչ կարևորություն ունի այն Ադրբեջանի և Թուրքիայի համար, ի վերջո, այստեղ Իրանի ազդեցության հարց կա և այլն:

– Նախիջևանի և Սյունիքի կարևորություններն առանձնահատուկ են․ Սյունիքը կարևոր աշխարհաքաղաքական խաչմերուկ է, որտեղ բոլոր խոշոր դերակատարների շահերն անմիջական բախման մեջ են հայտնվում։ Բազմիցս ենք խոսել Սյունիքի գերկարևորության մասին։ Բայց այնպես չէ, որ Նախիջևանի կարևորությունն աշխարհաքաղաքական պրոյեկտներում շատ ավելի նվազ է։

Եթե մինչ 2020թ. Նախիջևանը կարելի էր համարել ավելի շատ Թուրքիայի պրոտեկտորատ, ապա 2020թ-ից հետո և հատկապես՝ Արցախի վերջնական օկուպացիայից հետո, երբ ձևավորվեցին տարածաշրջանային նոր իրողություններ, նոր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական հաղորդակցության նախագծերում Նախիջևանի աշխարհաքաղաքական դերակատարությունը կտրուկ մեծացավ։

Ճիշտ է՝ ներկա պահին Ադրբեջանն իր էքսկլավ Նախիջևանի հետ կապ հաստատելու համար կախում ունի իրանական պետությունից, բայց թուրքական երկու պետությունների համար տարածաշրջանում «նպաստավոր» իրողություններ են ստեղծվել պանթուրանական քաղաքական նախագիծն ավարտին հասցնելու համար։ Այնպես որ, «Զանգեզուրի միջանցքը» կամ Նախիջևանի միջանցքն այսօր կարելի է դիտարկել մեկ հարթության մեջ, որը քաղաքական արժեքավոր նախագիծ է՝ միտված սպասարկելու պանթուրանական աշխարհաքաղաքական շահերն ու ծրագրերը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *