168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Մայր Աթոռի Գարեգին Ա կրթական կենտրոնի տեսուչ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրեց մյուռոնօրհնեքի նշանակությունն ու խորհուրդը, օծման կարևորությունը, ապա անդրադարձ կատարեց Հայկական Սփյուռքում և Հայաստանում առկա իրավիճակին և Հայ Առաքելական եկեղեցու անելիքներին: Բագրատ Սրբազանի առաջնորդած «Սրբազան շարժման» վերաբերյալ նա նշեց, որ հոգևորականները նաև քաղաքացիներ են և կարող են անձնական որոշումներ կայացնել:
«Որպես եղբայր, որպես եպիսկոպոս, որպես անձ՝ աղոթում եմ նրա համար, որ Աստված իր հավատքն ամուր պահի»,- նշեց նա:
Դիտարկմանը՝ կարծիքներ կան, որ եկեղեցին պետք է զբաղվի քաղաքականությամբ, ոչ թե քաղաքական կարիերայով, քանի որ այսօր այնպիսի իրավիճակ է երկրում, որ եկեղեցին չի կարող անմասն մնալ տեղի ունեցող իրադարձություններից, և նաև ականատեսն ենք նրա, որ նույն ազգապահպանության գործում Մայր Աթոռը բավականին մեծ դերակատարություն է իր վրա այսօր վերցրել, նա արձագանքեց.
«Եկեղեցին քաղաքականության մեջ որպես բիզնես չի մտնում, և չեմ կարծում, թե պետք է մտնի, բայց եկեղեցին միշտ պաշտպանում է իր ժողովրդի իրավունքը, արդարությունը, ճշմարտությունը: Հետևաբար՝ եկեղեցին, անշուշտ, եթե պահանջ լինի, ունենք Ավարայր, ունենք Սարդարապատ… Եկեղեցին ժողովուրդն է, եթե ժողովուրդը անարդարության մեջ է գտնվում, եթե ժողովրդի վիճակը համապատասխան չէ քրիստոնեական մեր պապենական ավանդության և հավատքի, անշուշտ, եկեղեցին ամեն իրավունք ունի՝ ձայն բարձրացնելու և արդարություն պահանջելու: Բայց դա ինձ համար քաղաքականություն չէ, դա ինձ համար քաղաքական համակարգի մեջ մտնել չէ, դա ինձ համար այն է, որ եթե ժողովրդի վիճակը, հայ ազգիս վիճակը այսօր այնպիսին է, որ պահանջում է՝ եկեղեցին կոչ անի և ասի՝ ոչ, եկեղեցին, անշուշտ, պետք է խոսի»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին, երեկոյան ժամը 5-ին Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողություն, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 10։30-ին կվերաօծվի Մայր Տաճարը:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում