Սեպտեմբերի 15-16-ին Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն այսօր հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ինչից հետո հայ և ֆրանսիացի նախարարները լրատվամիջոցների համար հանդես եկան կարճ ասուլիսով, որի ժամանակ Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ վերահաստատեց.Հայաստանն օր առաջ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիր այն տեքստը, որն արդեն համաձայնեցված է Ադրբեջանի և Հայաստանի միջև»։
Ըստ Միրզոյանի՝ Խաղաղության պայմանագրի ստորագրմամբ կգծվեն Հայաստանի և Ադրբեջանի այն սահմանները, որոնք կողմերն ունեցել են Խորհրդային Միության շրջանում՝ դրա փլուզման պահին։
Թե ինչո՞ւ է Արարատ Միրզոյանը Խաղաղության պայմանագիրը համարում Հայաստանի սահմանները գծող թուղթ՝ այն պարագայում, երբ, ըստ Նիկոլ Փաշինյանի, չկա երաշխիք, որ այդ պայմանագրի ստորագրումից հետո էլ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չի ներկայացնի, ավելին, ըստ Փաշինյանի, տարածքային պահանջներ էլի կլինեն, 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում փորձեցինք պարզել բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանից։
«Արարատ Միրզոյանը շատ լավ հասկանում է, որ փաստաթուղթ ստորագրելով՝ որևէ խնդիր չեն լուծելու։ Այդ փաստաթուղթը պետք է, որպեսզի կարողանան ժողովրդին ասել, թե՝ ահա, իրական Հայաստանի սահմանները ճանաչված են միջազգային հանրության կողմից, ինչը երաշխիք է, որ պատերազմ չի՛ լինի։ Սա առասպել է. միջազգային այդ հանրությունն այսօր չի գործում։ Ո՞վ է այդ միջազգային հանրությունը, որը կգա և Հայաստանին կսատարի, այն պարագայում, երբ խախտում անող կողմը՝ Ադրբեջանը, անգամ Միջազգային քրեական դատարանի որոշումները չի ընդունում։ Հետևապես, Փաշինյանի համար այդ թուղթը պետք է ոչ թե իրական խաղաղության համար, այլ ժողովրդին վաճառելու»,- ասաց Մարտիրոսյանը՝ առասպել համարելով նաև Ֆրանսիայից արվող հայտարարությունները, թե իրենք ամեն ինչով կօգնեն Հայաստանին։
Ֆրանսիայի ակտիվությունը, ըստ կոնֆլիկտաբանի, խոսում է ընդամենն այդ երկրի նպատակների մասին, իսկ այդ նպատակներից մեկն է, որ Հայաստանը հայտարարի, որ իր թշնամին Ռուսաստանն է։
Դրանով Արթուր Մարտիրոսյանը պայմանավորեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի Հայաստանում արած այն հայտարարությունը, թե Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ակնհայտ սպառնալիքի և թշնամանքի է դիմում և ճնշում է Հայաստանին։
«Հայաստանի թշնամին Ադրբեջանն է, որը պահանջում է Արևմտյան Ադրբեջան, բայց այս ֆրանսիացի պաշտոնյան դա չի հիշում և Ադրբեջանին թշնամի չի համարում, որովհետև Ֆրանսիայի համար թշնամին Ադրբեջանը չէ, այլ Ռուսաստանն է»,- ասաց Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի դեմ ադրբեջանական հարձակումների դեպքում Ֆրանսիան, բացի հայտարարությունից, որևէ քայլ չի անելու, որևէ պատժամիջոցի չի ենթարկելու ադրբեջանցիներին։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։