Մինչ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն իր ընկեր-գործընկեր Կարեն Անդրեասյանի հետ միասին կարգավորում է իր հետ առնչվող որոշակի իրավական հարցեր, Արդարադատության նախարարությունում (ԱՆ)՝ բախտի, իսկ ավելի ստույգ՝ «հեղափոխության» բերմամբ հայտնված «կադրերը» հետևողականորեն փլուզում են կառույցը:
Նախարարի պաշտոնը զբաղեցնող Գրիգոր Մինասյանին, ըստ էության, այնքան էլ չի հետաքրքրում նախարարության գործունեությունը: Տպավորություն է, որ Գրիգոր Մինասյանը նախարարի պաշտոնը զբաղեցնում է պարզապես կենսագրություն լրացնելու համար:
Գրիգոր Մինասյանից, 168.am-ի տեղեկություններով՝ ժամանակ առ ժամանակ բարձրաձայնվող դժգոհություն կա նաև «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ներսում, թեպետ վերջինս լավ գիտի իր հրաժարականի հետ կապված պարբերական մտայնությունները չեզոքացնելու ձևը: Ի դեպ, դրա մասին լավ գիտեն նաև իրավապահ համակարգում, մասնավորապես՝ Գլխավոր դատախազությունում ու Քննչական կոմիտեում:
Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, մասնավորապես, լարված են Գրիգոր Մինասյանի հարաբերությունները փոխվարչապետ, ստվերային չարագուշակ խաղացող Մհեր Գրիգորյանի հետ, ով պարբերաբար հրապարակայնորեն դժգոհում է նախարարության գործունեությունից: Մհեր Գրիգորյանը և Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը առիթը բաց չեն թողնում նախարարության թերությունները մատնանշելու, ինչը հատկապես արտահայտվում է նախարարական կոմիտեների ընթացքում:
Գրիգոր Մինասյանն էլ իր հերթին՝ առիթը բաց չի թողնում Մհեր Գրիգորյանից բողոքելու: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ բոլորովին վերջերս իր մտերիմների շրջանում Մինասյանը փոխվարչապետ Գրիգորյանին անվանել է «ռսի շպիոն»:
Անմխիթար վիճակում են գտնվում արդարադատության փոխնախարարների ենթակայության ներքո գործող ոլորտները, քանի որ նրանցից ոչ մեկը որևէ առնչություն չունի այն ոլորտների հետ, որոնք համակարգում է:
Գրիգոր Մինասյանին, թերևս, դա էլ չի հուզում, բայց, օրինակ, նա պատրաստվում է հերթական խորհրդականին նշանակել: Այդ պաշտոնը շուտով կզբաղեցնի արդեն իսկ Վճռաբեկ դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի դուստրը՝ Ռուբինա Մխիթարյանը, ըստ մեր աղբյուրի՝ հենց իր՝ Ռուբիկ Մխիթարյանի խնդրանքով:
Ռուբինա Մխիթարյանը, բացի նրանից, որ վերջապես Վերաքննիչից քրեական դատարանից հազիվ «պրծած», դատական համակարգում բավականին «հայտնի» դատավոր Ռուբիկ Մխիթարյանի դուստրն է, այլև Գրիգոր Մինասյանի «любимчик» խորհրդական Արտյոմ Սուջյանի նշանածը: Իսկ Արտյոմ Սուջյանը շատ մեծ ծառայություն է մատուցում Գրիգոր Մինասյանին՝ պարբերաբար Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) հերթական անհնազանդ դատավորի լիազորությունները դադարեցնելու համար որպես նախարարի ներկայացուցիչ ներկայանալով ու բոլոր կսմիթներն իր վրա վերցնելով: Այնպես որ, չի բացառվում, որ նաև վերջինիս «խաթր» Մինասյանը Ռուբինա Մխիթարյանին նշանակի իր խորհրդականի պաշտոնում:
Առհասարակ Արդարադատության նախարարի կադրային քաղաքականությունը բավականին զվարճալի է: Ժամանակին նախարարությունից հեռացված Արտաշես Սուչյանին, որի թեկնածությունը՝ որպես փոխնախարար, Նիկոլ Փաշինյանը մերժել էր, Գրիգոր Մինասյանը պատրաստվում է նշանակել վերահսկողական վարչության պետ: Հետաքրքիր է՝ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը սրան ինչպես կարձագանքի:
Տխուր է նաև Արդարադատության նախարարության վարչության պետերի վիճակը:
Նախարարությունը, իրար հերթ չտալով, լքում են բոլոր այն վարչության պետերը, ովքեր աշխատում էին փոխնախարար Կարեն Կարապետյանի համակարգման ներքո: Վարչությունների բոլոր նախկին պետերը միաձայն նշում են, որ Կարեն Կարապետյանը մշտապես անհավասարակշիռ վիճակում է, և վերջինիս հետ աշխատել հնարավոր չէ: Միայն 2024 թ. ընթացքում Կարեն Կարապետյանի անհարգալից վերաբերմունքի պատճառով աշխատանքից սեփական կամքով ազատվել է նախ՝ Հակակոռուպցիոն քաղաքաքանության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Քրիստինե Գաբուզյանը, ապա՝ նրանից հետո վարչության պետ նշանակված Լառա Պետրոսյանը, այլք: Եվ առհասարակ, Արդարադատության նախարարությունը թերհամալրված է: Որևէ պրոֆեսիոնալ չի ցանկանում աշխատել Գրիգոր Մինասյանի հետ:
Եվ այս ամենի արդյունքում այդպես էլ պարզ չէ, թե Գրիգոր Մինասյանն ի՞նչ ծառայություն է մատուցել կամ մատուցում Նիկոլ Փաշինյանին, որ վերջինս հանդուրժում է Արդարադատության նախարարությունում տիրող այս քաոսը՝ Գրիգոր Մինասյանի դիրիժորությամբ, թեպետ քաոսը, իհարկե, Նիկոլ Փաշինյանի սիրած կենսակերպն է: