Վերջին ամիսներին արևմտյան երկրների կողմից Հայաստանին տրվող քաղաքական, քարոզչական լայնածավալ և համեստ ֆինանսական օգնությունը պաշտոնապես ներկայացվում է՝ որպես «Հայաստանի դիմադրողականության բարձրացմանն ուղղված աջակցություն»։
Հայաստանի դիմադրողականությունն են ցանկանում բարձրացնել ականջահաճո հայտարարություններ անող եվրոպացի չինովնիկներն ու Հայաստան այցելող ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները, նույն նպատակն են հետապնդում եվրոպական կառույցների ընդունած բանաձևերն ու ամերիկյան պատվիրակությունների հետ ստորագրվող փաստաթղթերը։
Տեղեկատվական հարթությունում այդ իրադարձությունները ներկայանում են առավել քան գեղեցիկ ու հուսադրող։ Դիմադրողականություն։ Ահա այն հիմնական գաղափարը, որ գոնե հրապարակային տիրույթում դրված է Հայաստանին տրամադրվող աջակցության հիմքում։
Դրան են ուղղվում՝ ինչպես ամենատարբեր հիմնադրամների կողմից պետական զանազան կառույցներին հատկացվող գումարները, այնպես էլ՝ խիստ խորհրդանշական ծավալի ռազմական աջակցությունը։ Բայց տվյալ դեպքում խնդիրն աջակցության չափը չէ, հատկապես, որ քաղաքավարի չէ օգնության ծավալից դժգոհելը։Արևմտյան երկրներին, իհարկե, պետք է շնորհակալ լինել այդ աջակցության համար։ Բայց ավելի կարևոր է պետության դիմադրողականություն հասկացությունը՝ ոչ թե քարոզչական, այլ՝ բովանդակային առումով, և այդ համատեքստում՝ ՀՀ իշխանություններին հատկացվող աջակցությունը, որը գործնականում չի կարող ավելացնել Հայաստանի իմունիտետն այդ երևույթի ընդգրկուն իմաստով։
Պետության դիմադրողականությունն ընդհանուր առմամբ բաղկացած է նյութական և ոչ նյութական բաղադրիչներից։ Պայմանականորեն նյութական բաղադրիչին կարելի է վերագրել երկրի տնտեսական և որպես հետևանք՝ ռազմական հզորությունը, չափելի ու շոշափելի մի շարք այլ կարողություններ։
Ոչ նյութական ենթահամակարգի գնահատումը շատ ավելի բարդ է, բայց ընդհանուր առմամբ հանգում է հասարակության, ազգի հոգևոր դիմադրողականությանը, որի առաջնային բաղկացուցիչներն են ազգային արժանապատվությունն ու ինքնությունը, պատմական հիշողությունը, դավանանքը, հավաքական իղձերն ու տեսլականները։
Ահա այս հարթությունում՝ պետության դիմադրողականության ոչ նյութական բաղադրիչի առումով, Հայաստանի իշխանությունը վարում է դրա հետևողական վերացման, զրոյացման քաղաքականություն՝ սկսած «պատմական ու իրական Հայաստանների» հակադրումից, մինչև պատմության ուրացում, Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված քայլեր, նոր, սպառողական ինքնության ձևավորում, և այդպես շարունակ։
Այսպիսով ստացվում է, որ մի կողմից՝ հզորացվում է (չքննարկենք աջակցության ծավալը) պետության դիմադրողականության նյութական բաղադրիչը, մյուս կողմից՝ դրան ուղղված աջակցությունը տրամադրվում է մի իշխանության, որն ամենօրյա ռեժիմով կազմաքանդում է այդ նույն դիմադրողականության ոչ նյութական, հոգևոր բաղադրիչը, և բացառված չէ, որ արևմտյան աջակցության մի մասն էլ ուղղվում է այդ նպատակներին։
Արդյունքում՝ Հայաստանը մեծ արագությամբ կարող է վերածվել գուցե անգամ զինված, բայց ինքնություն չունեցող պետության՝ մոտավորապես ֆիզիկապես առողջ, բայց անհոգի, անուղեղ մարդու նման, որի միակ նպատակը մարմնական գոյությունը շարունակելն է։
Մոտավորապես այն, ինչ տևական ժամանակ քարոզում է Հայաստանի իշխանությունը։
Հարություն Ավետիսյան