ՀՀ ԱԳՆ-ն է օրվա կապակցությամբ հաղորդագրություն տարածել։ «Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչությունը՝ ավելի քան 115 000 հայ, մի քանի օրվա ընթացքում ստիպված եղավ լքել սեփական բնակավայրերը։ Այս տեղահանությունը, որը էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր, տեղի ունեցավ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում, երբ ողջ միջազգային հանրությունը հերթական անգամ քննարկում էր հակամարտությունների խաղաղ կարգավորման, կայունության հաստատման ու զարգացման հրամայականը՝ դատապարտելով ուժի կիրառման, միջազգային նորմերի, մարդու իրավունքների խախտումների դրսևորումներն աշխարհի տարբեր անկյուններում»,- ասվում է հայտարարությունում։