«ՔԱՂՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ» ԱԼԵԿՈԾՎԱԾ Է. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՒՈՐԵԼՈՎ` ԿԱՐՈՂ Է ԿՈՐԾԱՆԵԼ ՈՉ ՄԻԱՅՆ ԻՐԵՆ, ԱՅԼԵՒ ԻՐԵՆՑ

Ամերիկյան և եվրոպական տարբեր կառույցների կողմից Հայաստանում բուծված և նրանց կողմից կառավարվող չակերտավոր քաղաքացիական հասարակությունը ցնցված և ալեկոծված է. Սահմանադրական փոփոխությունների խորհուրդը, որի մասն էին կազմում նաև այդ «քաղհասարակության» ներկայացուցիչները`Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը, Տիգրան Եգորյանը, որոշում է կայացրել պահպանել «կայուն մեծամասնության» սահմանադրական նորմը: Նման սահմանադրական կարգավորման գոյությունը և դրա պահպանումն, իհարկե, խայտառակություն է, այն հակասում է ներկայացուցչական ժողովրդավարության մասին պատկերացումներին և խեղթյուրում է ընտրության արդյունքները, բայց հարցն այն է, թե ինչու են Փաշինյանի իշխանության մշտական հաճախորդները հիմա ըմբոստացել նրա դեմ, ինչու են նրան, նրա կառավարությանը, խորհրդարանական խմբակցության անդամներին մեղադրում ժողովրդավարությունը ոտնահարելու մեջ:

Սահմանադրական փոփոխությունների խորհրդի վերը նշված անդամներըԷդմոն Մարուքյանի հետ միասին, դեմ են քվեարկել նման նորմի պահպանմանը, բայց նրանք եղել են փոքրամասնություն, իսկ ահա Փաշինյանի կողմից անմիջապես հրահանգավորվողները արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՔՊ-ական պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը, ՔՊ-ական ՄԻՊ Անահիտ Մանասյանը, դատավոր Կարեն Թումանյանը և ՔՊ-ական իշխանության կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Առաքելյանը կողմ են քվեարկել: «Քաղհասարակության» ներկայացուցիչները Փաշինյանին մեղադրում են այս նորմի միջոցով վերարտադրվելու, 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում դրա միջոցով իշխանությունը պահելու ցանկության մեջ: Բայց արդյո՞ք ամեն ինչ այդքան միանշանակ է, արդյո՞ք նրանց մտահոգում է ժողովրդավարությունը, թե՞ իրենց անձնական բարեկեցությունը և ներկա կարգավիճակի պահպանումը:

Թվում է, թե 2018 թվականին Փաշինյանին հակասահմանադրական հեղաշրջում իրականացնելու հարցում համակողմանիորեն աջակցած և դրան ակտիվորեն մասնակցած, այնուհետև ՓաշինյանինՀայաստանի ընդդիմության դեմ պայքարում անմիջական մասնակցություն ունեցած, ընդդիմադիր կուսակցությունների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ փաշինյանական տեռորի և քաղաքական հետապնդումների փաստերը չնկատելու տված այդ ՀԿ-ներն ու դրանց ղեկավարները պետք է ողջյունեին նաև այս որոշումը, քանի որ ըստ իրենց հայտարարությունների, այս նորմը պահելով Փաշինյանը ուզում է իր ունեցած 30 տոկոսանոց վարկանիշով ունենալ «կայուն մեծամասնություն»54 տոկոսանոց ներկայացվածություն խորհրդարանում և շարունակել իր միահեծան կառավարումը: Իրենք էլ իբրև թե դեմ են դրան, ասում ենինչպե՞ս կարելի է, ինչպիսի~ տիեզերական անարդարություն, եթե ընտրողը որևէ կուսակցության տալիս է 30 տոկոս ձայն, այդ կուսակցությունը հենց այդքան էլ պետք է ունենա, ոչ ավել ոչ պակաս, թող գնան և մյուսների հետ կոալիցիա ձևավորեն. սա է ներկայացուցչական ժողովրդավարության տրամաբանությունը: Բայց չէ՞ որ փաշինյանական կառավարման երկարաձգումը իրենց համար ապահովում է գործունեության կոմֆորտ պայմաններ, իրենք ներկայացված են լինելու բոլոր խորհուրդներումլինի դա ոստիկանական բարեփոխումներ, թե սահմանադրության փոփոխություններ, իրենք նույնիսկ պետական դրամաշնորհներ են ստանալու և ունենալու են ամենաբարձր կարգավիճակ պետական բոլոր պաշտոնյաներն իրենց ընկալելու են որպես վերադասի ներկայացուցիչներ, նկատի ունենք` արեւմտյան վերադասին, սրանից բխող բոլոր հետևանքներով:

Նման իրավիճակում իրենք առաջինը պետք է շահագրգռված լինեին, որ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի: Թե՞ նրանց իրենց բարեկեցությունն ու կարգավիճակը չի հետաքրքրում, իրենց համար ժողովրդավարությունից այն կողմ ոչինչ չկա, իրենք կարող են չուտել, չխմել, ապրել ծայրահեղ աղքատության մեջ, միայն թե երկրում ժողովրդավարություն լինի: Մենք կարող էինք այդպես էլ մտածել, բայց, ինչպես ասում են, այստեղ կա մի բայց. արդյո՞ք «կայուն մեծամասնության» դրույթի պահպանումն ապահովելու է Փաշինյանի իշխանության պահպանումը, թե՞ ընդհակառակը` վտանգում է այդ իշխանության գոյությունը, դրանով նաև «քաղհասարակության» գոյությունը, որպես արտոնյալների և առանձնաշնորհյալների խավ:

«Քաղհասարակության» ներկայացուցիչները իրականում մտավախություն ունեն, որ կայուն մեծամասնության դրույթի պահպանումը կարող է վտանգել փաշինյանական իշխանությունը, և պատճառ դառնալ նրա հեռացմանը, բայց անհարմար են զգում դրա մասին բարձրաձայնել: Մի քիչ անհարմար բան կստացվի, եթե Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը կամ Լևոն Բարսեղյանն ասեն, թե իրենք դեմ են «կայուն մեծամասնության» դրույթի պահպանմանը, քանի որ դրա արդյունքը կարող է լինել իրենց կողմից սիրված և իրենց աջակցությունը վայելող իշխանության կործանումը: Փաշինյանը` հեչ, ախր իրենք էլ հետն են կործանվելու: Ահա թե ինչպես դա կարող է տեղի ունենալ:

Կայուն մեծամասնության դրույթը ենթադրում է, որ եթե խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում ընտրություններին մասնակցող կուսակցություններից կամ դաշինքներից որևէ մեկը չի ստանում 50 տոկոսից ավելի քվեներ եւ չի կարողանում կոալիցիա ձեւավորել, նշանակվում է ընտրությունների երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավել շատ ձայն ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները: «Քաղհասարակության» ներկայացուցիչները շատ լավ գիտեն, որ իշխանությունն այլևս չի կարող 50 տոկոսից ավել ձայն ստանալ, նույնիսկ 20 տոկոս հազիվ ստանա, և եթե ընդդիմությունից էլ որևէ կուսակցություն 50 տոկոս չստանա, երկրորդ փուլն անխուսափելի է: Իսկ երկրորդ փուլում հասարակության ընդդիմադիր, այսինքն, իշխանությանը մերժող ընտրազանգվածը կարող է մոբիլիզացվել և քվեարկել ՔՊ-ի մրցակից կուսակցության օգտին, և այդ դեպքում ձայների հարաբերակցությունը կլինի 85-15 հօգուտ ընդդիմության`եւ ՔՊ-ն իշխանությունից կհայտնվի քաղաքական լուսանցքում:

Իրենց տրամաբանությամբ, եթե «կայուն մեծամասնության» դրույթը հանվում է, այդ դեպքում կարելի կլինի ՔՊ-ամերձ ուժերով ձևավորել կոալիցիա, և պահել իշխանությունը, ոչ թե ագահություն դրսևորելով` կորցնել ամեն ինչ: Այս մարդիկ, բանականաբար, Փաշինյանի և ՔՊ-ի մասին չեն մտածում, այլ իրենց: Ի՞նչ են անելու իրենք, եթե ՔՊ-ն չլինի իշխանության, չեն կարող չէ՞ կրկին վերադառնալ իրավապաշտպան գործունեությանը, հայտարարել, որ իրենք ժողովրդավարության, մարդու իրավունքների կամ այլ ազատությունների պաշտպան են: Ասելը, իհարկե, կարող են ասել, բայց դե դրան այլևս ո՞վ կհավատա, նույնիսկ ամերիկյան և եվրոպական գրանտատուները չեն հավատա:

Ավետիս Բաբաջանյան 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/fe22b03334b22e1571991dcc52a16784

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *